Էջ:Armenia Encyclopedia.djvu/1027

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԼՂՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅհՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ԼՂՀ-ն հռչակվել է ԼՂԻՄ-ի՝ 6 շրջանի (Սաեփանակերտի հետ), 4 քաղաքի ու 4 քտա-ի և Շահումյանի շրջանի տարածքներում, որոնց 1991-ի դեկտ. 10-ին՝ հանրաքվեից հետո, միացել է նաև Գետաշենի ենթաշրջանը։ 1992-94-ի պատերազմի արդյունքում ազատագրված տարածքները նույնպես ընդգրկվել են երկրի վարչատարածքային կառուցվածքի մեջ, և ԼՂՀ ԱԺ-ի 1998-ին ընդունած օրենքով սահմանվել է հանրապետության նոր վարչատարածքային կառուցվածքը, որը ներառում է Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի, Շահումյանի, Ստեփանակերտի (քաղաք-շրջան) և Քաշաթաղի շրջանները՝ 10 քաղաքով և 322 գյուղով (264 համայնք)։

Միևնույն ժամանակ, ԼՂՀ Սահմանադրության 142-րդ հոդվածով սահմանվել է. «Մինչև ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է ԼՂՀ իրավազորության ներքո»։

Դեռևս Ադրբեջանի վերահսկողության տակ են բուն Շահումյանի շրջանը՝ 22 գյուղ (17 համայնք), ինչպես նաև Մարտակերտի ու Մարտունիի շրջանների որոշ տարածքներ։ Նորաստեղծ Քաշաթաղի շրջանն ընդգրկում է Բերձորի, Քաշունիքի և Կովսականի (նախկին Լաչինի, Կուբաթլուի և Զանգելանի շրջաններ) տարածքները։

Հանրապետության շրջանները Բնակչությունը (2010) Հեռավորությունը մայրաքաղաքից (կմ)
ԼՂՀ 143 600 -
ք. Ստեփանակերտ 52 900 -
Ասկերան 17 900 18
Հադրութ 12 800 110
Մարտակերտ 20 000 58
Մարտունի 23 800 58
Շահումյան 2 800 143
Շուշի 5 400 11
Քաշաթաղ 8 000 50

ԼՂՀ տարածքը ներկա սահմաններով ընդգրկում է պատմ. Հայաստանի, հիմնականում՝ Արցախ, մասամբ՝ Սյունիք աշխարհների լեռն․ հատվածները։ Արաբների, սելջուկ թուրքերի և մոնղոլների տիրապետության շրջանում այստեղ ձևավորվել է Խաչենի կիսանկախ իշխանությունը, որն ընդգրկել է ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Մարտունիի շրջանները և նրանց հարակից հայաբնակ, ինչպես նաև Սևանա լճի արլ. և հվ. ափամերձ տարածքները։

XIV դ-ի վերջից Խաչենի իշխանությունը դադարել է գոյություն ունենալուց, և Արցախում կայուն վարչատարածքային միավորներ չեն եղել։ XVI դ-ում Սեֆյան Պարսկաստանին ենթակա Հարավային Կովկասի արլ. մասի վարչատարածքային միավորները կոչվել են բեգլարբեգություններ (վիլայեթ, 1747-ից՝ խանություն)։ Ղարաբաղի բեկլարբեկությունը միավորել է Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի, Դիզակի մելիքությունները և Միլլի դաշտավայրի մի հատվածը, որոնք XVIII դ-ի 1-ին կեսին միավորվել են Խամսայի մելիքությունների մեջ։

1800-ական թթ-ին՝ երկրամասը Ռուսաստանին միացվելուց հետո, Ելիզավետպոլի նահանգի կազմում էին ընդգրկված Արցախ-Ղարաբաղի լեռն․ հատվածը՝ Շուշիի, Կարյագինոյի (Ջաբրայիլ) և Ջիվանշիրի գավառներով, ինչպես նաև Զանգեզուրի գավառը, Ղազախ-Շամշադինն ու Գանձակը։

Խորհրդային Ադրբեջանի կազմում 1923-ի հուլիսի 7-ին ստեղծվել է ԼՂԻՄ-ը՝ 5 վարչական շրջաններով՝ Դիզակի (ներառել է Հադրութի, Տողի, Առաքյալի, Ուխտաձորի ու Խոզաբուրտի գավառակները և 48 գյուղ, 1939-ից՝ Հադրութի շրջան), Վարանդայի (Թաղավարդի, Սոսի, Ճարտարի, Նորաշենի գավառակները և 46 գյուղ, 1930-ից՝ Մարտունիի շրջան), Խաչենի (Դաշբուլաղի, Ասկերանի, Կարմիր գյուղի, Գալաձորի գավառակները և 53 գյուղ, 1939-ից՝ Ստեփանակերտի, 1978-ից՝ Ասկերանի շրջան և Ստեփանակերտի քաղաք-շրջան), Ջրաբերդի (Մարգուշավանի, Հոռաթաղի, Դովշանլուի, Հաթերքի գավառակները և 53 գյուղ, 1939-ից՝ Մարտակերտի շրջան) և Շուշիի (Շուշի քաղաքը, Մալիբեկլուի գավառակը և 12 գյուղ)։ Շրջանները բաժանված էին 19 գավառակների։ Ինքնավար մարզն ուներ 2 քաղաք՝ Ստեփանակերտ ու Շուշի, և 222 գյուղ։

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Տարածքային կառավարումը վարչական շրջաններում իրականացվում է շրջանների վարչակազմերի միջոցով, վարչակազմի ղեկավարին նշանակում է վարչապետը։

Տեղական ինքնակառավարումն իրականացնում են համայնքներում, որոնք մեկ կամ մի քանի բնակավայրերի հանրությունն են՝ 4 տարի ժամկետով ընտրված համայնքի ավագանու և ղեկավարի (քաղաքապետ, գյուղապետ) միջոցով։

Համայնքի ավագանին տնօրինում է համայնքի սեփականությունը, հաստատում է ղեկավարի ներկայացրած բյուջեն, վերահսկում դրա կատարումը, սահմանում տեղական հարկեր, տուրքեր և վճարներ, ընդունում պարտադիր կատարման ենթակա իրավաբ. ակտեր։

Կառավարությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին։

Համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միավորվել, բաժանվել կամ ստեղծել միջհամայնքային միավորումներ։ Պատերազմի ժամանակ կամ արտակարգ դրության պայմաններում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն չի անցկացվում։

Մայրաքաղաք Ստեփանակերտն ունի համայնքի կարգավիճակ, որտեղ տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով։