Երաժշտարվեստը։ Կիլիկիայում երաժշտ. մշակույթն սկզբնավորվել է X-XI դդ-ում՝ բուն Հայաստանից փոխանցված երաժշտ. բանավոր և գրավոր ավանդույթների հիման վրա։ Ժող. երգ-երաժշտությունը ծաղկել է հատկապես XI-XII դդ-ում, նկատելիորեն ազդել հոգևոր երգարվ-ի վրա, նպաստել հայ տաղերգության ծագմանն ու զարգացմանը ևն։
Գուսան. արվ-ում համալրվել ու կատարելագործվել է ժող. և մասնագիտացված նվագարանների միակցությունը, զարգացել են հայրենները և քնար. ու վիպ. բանահյուսությունը։ Ժող. և գուսան. երգերից սակավաթիվ նմուշներ են պահպանվել, մեզ հասած նյութերը հիմնականում վերաբերում են հոգևոր երաժշտությանը։ Անիի անկումից ամիջապես հետո ազգ․ հոգևոր երգարվ-ը ծաղկել է նաև Կիլիկիայում։ Քիչ ավելի ուշ գրեթե լիակատար իրագործվել են հայ հոգևոր մասնագիտացված երաժշտության՝ որպես միաձայնային արվ-ի, պատմ. բազմադարյան զարգացման գլխ․ միտումները։ Ամբողջապես ազգայնացվել են պաշտամունքն ու պաշտոներգությունը՝ քրիստ. երաժշտաբանաստեղծ. կենցաղավարող ժանրերի վերջնական հայացմամբ։
Մեղեդային, վիպաքնարականության տարրերի շնորհիվ հայ հոգևոր երաժշտությունը դարձել է արլ. քրիստ. արվ-ի ազգ․ շքեղ հատվածներից։
Շարականերգությունը հարստացվել է դարձվածք, զարտուղի, ծանր ու ստեղի տիպի եղանակներով։ XIII դ-ի 1-ին տասնամյակներում Սսում ստեղծվել է խազավոր Շարակնոցի առավել ամբողջ. խմբագրությունը («Խըլկցի»՝ Գրիգոր Խուլի անունով), որը դարձել է Գևորգ Սկևռացու XIII դ-ի վերջին խմբագրության հիմքը։ Զարգացել են նաև «մանրուսման եղանակները», որոնք հանդիպում են XIII դ-ից՝ մի շարք ուրույն խմբագրություններում՝ ժամանակի հեղինակավոր երաժշտապետների անուններով («Կոստանդի», «Առաքելցի», «Սսեցի» ևն)։
XIII դ-ի կեսերին Սսում ստեղծվել է զարդոլորուն երգեցողությունների մեկ այլ մատյան՝ Գանձարանը։ Ավարտուն տեսք են ստացել թվերգի նշաններով Ավետարանը, խազավոր Շարակնոցը, Ճաշոցը, Մաշտոցը, Ճառընտիրը ևն։ Վանական համալիրներում, դրանց կից բարձրագույն տիպի դպրոցներում և արվեստանոցներում են դաստիարակվել ժամանակի նշանավոր երաժիշտ-բանաստեղծներ Գրիգոր Գ Պահլավունին, Ներսես Լամբրոնացին, Գրիգոր Սկևռացին, Գրիգոր Անավարզեցին և ուր․։ Ներսես Շնորհալու ստեղծագործությունը մեծ ու նշանակալի երևույթ է համահայկ․, նաև համաքրիստ. (մանավանդ՝ արլ. քրիստ.) արվ-ի չափանիշներով։
Կիլիկիայի՝ հայկ․ երաժշտամշակութ․ զարգացման մայրուղուց դուրս գալուց հետո էլ երկար ժամանակ շարունակվել է նրա ավանդույթների ազդեցությունը հայ իրականության վրա։ Առհասարակ ուշ միջնադարում (ընդհուպ մինչև XIX դ.) հայ գրիչները, երգիչներն ու խազագետներն օգտվել են կիլիկյան ծիս. մատյաններից և աշխատել միաձուլել կիլիկյան ու բուն Հայաստանի երաժշտ. լավագույն ավանդույթները։
Թատրոնը։ Կիլիկիայում ծաղկել է նաև թատրոնը, որը քաղաքային միջավայրի արդյունք էր, միջնադարյան աշխարհիկ կյանքի գեղ․ արտահայտությունը։ Զարգացել է գրական մշակույթից անկախ, առաջավորասիական երգ-էպիկ. ու խաղային բանահյուսության հիմքի վրա, եղել դաս. միջնադարին բնորոշ թատեր. համակարգերից։
Ըստ Գրիգոր Մարաշեցու (XII դ.) և Գրիգոր Դ Տղայի (XII դ.) անուղղակի վկայությունների՝ քաղաքներում եղել են մշտ. խաղավայրեր կամ թատեր. շենքեր՝ հրապարակով (տեսլարան, ներկայիս՝ մանեժ) և տաղավարով (խորան, ներկայիս՝ կուլիս)։ Ներկայացվել են միմոս ինտերմեդիաներ, կատակային և թեմատիկ տեսարաններ (դ,իմակներով), տեղի են ունեցել հեծելախաղեր, կրկեսային ցույցեր ևն։
Տես նաև Երաժշտություն, Թատրոն, Կերպարվեստ, Ճարտարապետություն հոդվածները։