Էջ:Armenia Encyclopedia.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀՍԽՀ սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքը 1923-40 թվականներին

Նէպի կենսագործման շնորհիվ 1925-ին հիմնականում ավարտվել էր ԽՍՀՄ տնտեսության վերականգնումը։ Ըստ Համամիութ. կոմունիստ․ (բոլշևիկների) կուս-յան [ՀամԿ(բ)Կ] ղեկավարության՝ սոցիալիզմի կառուցման համար հարկավոր էր ինդուստրացնել (արդյունաբերականացնել) երկիրը, կոլեկտիվացնել գյուղատնտեսությունը, կատարել մշակութային հեղափոխություն։ Նույն թվականի դեկտ-ին ՀամԿ(բ)Կ 14-րդ համագումարն առաջադրել է երկրի արդյունաբերականացման խնդիրը։ Տնտեսության մեջ մեքենայական արտադրության խոշոր ճյուղերի ստեղծման այդ տևական գործընթացը պլանավորվել է հնգամյակներով, որը շարունակվել է խորհրդ․ իշխանության ողջ գոյության ընթացքում։ ԽՍՀՄ ժողտնտեսության զարգացման 1-ին հնգամյա պլանի (1928/29-1932/33) ընդունման ժամանակ ստալինյան ղեկավարությունը հրաժարվել է նէպ-ից և անցել կառավարման վարչահրամայական եղանակի։ Ամրապնդվել է Ստալինի բռնապետ․ իշխանությունը, հաստատվել է կուս․ ամբողջատիրություն (տոտալիտարիզմ)։ Արդյունաբերականացման ծանր ու գրեթե չվճարվող աշխատանքի շնորհիվ Հայաստանում ստեղծվել են բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ։ 1926-ին գործարկվել են Երևանի ձեթ-օճառի գործարանը, կարի 1-ին ֆաբրիկան, սկսվել է մեխանիկական գործարանի կառուցումը։ 1927-ին շահագործման է հանձնվել Հայաստանի քիմիական արդ-յան առաջնեկը՝ Երևանի կարբիդի գործարանը։ Հայաստանում քիմիական արդ-յան հիմնադրումը բացատրվում էր երկրի՝ իբր հարուստ էներգետիկ․ պաշարներով։ Մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրելու համար օգտագործվել է բարձրադիր (1900 մ) Սևանա լճի ջուրը, որը, կասկադով իջեցվելով Արարատյան դաշտ, միաժամանակ օգտագործվել է ոռոգման նպատակով։ Ժամանակի ընթացքում լճի մակարդակի իջեցումն ստեղծել է բնապահպան. լուրջ խնդիր, որը դեռևս ամբողջությամբ չի հաղթահարվել։ Կառուցվել են Երևանի, Ձորագետի, Քանաքեռի, Լենինականի (Գյումրի) և այլ ջրէկներ։

ՀՍԽՀ-ում մասնագիտացել են նաև լեռնահանք․ արդ-յան մեջ. ընդլայնվել են Ալավերդու և Ղափանի (Կապան) պղնձահանքերն ու ձուլարանները, հայտնաբերվել ու շահագործվել են պղնձի և մոլիբդենի նոր հանքավայրեր, շարք է մտել Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատը։ Խորհրդային տերության համար կարևոր տնտեսական ու ռազմ․ նշանակության պղնձարտադրությունը կազմակերպվել է առանց հաշվի առնելու բնապահպան. հարցերը։

1930-ական թթ-ին քիմիայի նոր օջախ է դարձել Ղարաքիլիսան (Կիրովական, այժմ՝ Վանաձոր), որտեղ կառուցվել է քիմիական գործարան՝ կալցիումի կարբիդի արտադրամասով։ 1933-ին Երևանում, ԽՍՀՄ-ում առաջինը, հիմնադրվել է արհեստ. կաուչուկի գործարան (հետագայում՝ «Նաիրիտ»), որը շահագործման է հանձնվել 1940-ին։ Տասնամյակներ շարունակ Հայաստանը բավարարել է ԽՍՀՄ-ի քլորոպրենային կաուչուկի պահանջարկի մեծ մասը։ Միութ. նշանակության քիմիական արդ-յան զարգացումը հետագայում հանրապետությունում ստեղծել է բնապահպան. բարդ խնդիր։

Լենինականը դարձել է հանրապետության տեքստիլ արդ-յան կենտրոնը։ Առաջատար ճյուղերից էր նաև շինանյութերի արտադրությունը։ Լենինական-Արթիկ երկաթուղու կառուցումն էապես խթանել է Արթիկում տուֆի արդյունահանումը։ Կառուցվել են «Արթիկտուֆ» և «Անիպեմզա» տրեստները, Դավալուի (Արարատ) ցեմենտի կոմբինատը և այլն։

Հայաստանում 1-ին հնգամյակում (1928-32) գործարկվել են 18, իսկ 2-րդում (1933-37)՝ 26 արդյունաբերական ձեռնարկություններ։ 3-րդ հնգամյա պլանի (1938-1942) կատարումն ընդհատվել է Հայրեն․ մեծ պատերազմի (1941-45) պատճառով։ 1937-ին արդ-յան համախառն արտադրանքը 1913-ի (նախապատերազմյան տնտեսության ամենաբարձր մակարդակի) համեմատությամբ աճել է ավելի քան 12 անգամ։ 1930-ական թթ-ի վերջին արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը տնտեսության համախառն արտադրանքի 70 %-ն էր։ Արդյունաբերականացման հետևանքով ավելացել է երկրի քաղաքային բնակչությունը և, 1939-ի մարդահամարի տվյալներով, հասել