Էջ:Armenia Encyclopedia.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

28,6 %-ի (1913-ին՝ 10,4 %)։ Քաղաքային բնակչության աճը շարունակվել է նաև հաջորդ տասնամյակներում։ Հանրապետության արդյունաբերականացման գործում մեծ է ժողկոմխորհի նախագահ (1-ին և 2-րդ հնգամյակի տարիներին) Սահակ Տեր-Գաբրիելյանի (1886-1937) ծառայությունը։

Խորհրդային երկրի ղեկավարությունը գյուղում «սոցիալիզմի բազա» ստեղծելու նպատակով առաջ է քաշել գյուղի կոլեկտիվացման ծրագիրը։ 1927-ի վերջին ՀամԿ(բ)Կ 15-րդ համագումարը որոշել է անցնել գյուղատնտեսության կոլեկտիվացմանը։ Չնայած այն հայտարարված էր կամավոր, բայց գյուղացիության մեծ մասին պարտադրանքով դարձրել են կոլեկտիվ տնտեսության անդամ։ Կայուն տնտեսություն ստեղծած աշխատասեր գյուղացիները հայտարարվել են դասակարգային թշնամի՝ կուլակ, ունեզրկվել և աքսորվել են։ 1930-ի ապրիլին Հայաստանում իբրև «կուլակ» արդեն ունեզրկվել էր 1100 տնտեսություն։ Հարկադրանքի գործադրումը հանգեցրել է գյուղացիության ընդվզման Շամշադինում, Թալինում, Վեդիում, Դարալագյազում և այլ շրջաններում։ Վերջինում 1930-ի մարտ-մայիս ամիսներին ապստամբները, Իրանից Նախիջևանով ներթափանցած խմբապետ Մարտիրոսի գլխավորությամբ, գավառից դուրս են քշել կոմունիստներին և գրավել իշխանությունը։ Շարժման կենտրոնը Գևդեվազ գյուղն էր։ Ապստամբությունը դաժանորեն ճնշվել է։ Հակակոլտնտեսային տրամադրության դրսևորում էր անասունների մորթը, բերքի ու գյուղատնտեսական գործիքների միտումնավոր փչացումը՝ կոլտնտեսությանը չհանձնելու համար։ 1929-34-ին Հայաստանում խոշոր եղջերավորների գլխաքանակը կրճատվել է 30, իսկ մանր անասուններինը՝ 50 %-ով։ Գյուղում ահաբեկման մթնոլորտ ստեղծելու նպատակով 1932-ի օգոստ. 7-ին մտցվել է օրենք, որով ոչ ծանր հանցագործության համար անգամ նախատեսվում էր մահապատիժ։ Գյուղացին դրվել է ծանր հարկման տակ, և արդյունքը եղել է ոչ թե գյուղատնտեսության «սոցիալիստական» վերակառուցումը, այլ նրա քայքայումը։ 1932-33-ին Ուկրաինայում սկսված սովից մահացել են միլիոնավոր մարդիկ։ Կոլեկտիվացման պատճառով հազարավոր ընտանիքներ (միայն Սևանի ավազանից 6750) արտագաղթել են Հայաստանից։

Մինչև 1937-ը կոլեկտիվացումը Հայաստանում հիմնականում ավարտվել էր, իսկ Հայրեն․ մեծ պատերազմի (1941-45) նախօրեին կոլեկտիվ տնտեսությունների քանակը հասել է 1000-ի՝ ընդգրկելով շուրջ 180 հազար գյուղաց. տնտեսություն։

Սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում տեղի ունեցած լուրջ տեղաշարժերն արտահայտվել են 1936-ի դեկտ. 5-ին ընդունված ԽՍՀՄ նոր Սահմանադրության մեջ։ Այն հռչակել է «սոցիալիզմի լիակատար հաղթանակը», որը ենթադրում էր սոցիալական արդարություն, ժողովրդավարություն, ժողովրդի բարեկեցություն և այլն, որոնք, սակայն, ոչ միայն գոյություն չունեին, այլև փոխարինվել էին դաժան բռնություններով ու զանգվածային աքսորով։

ԽՍՀՄ հասարակարգի տնտեսական հիմքը արտադրության միջոցների համապետական սեփականությունն էր, որն ստեղծվել էր նախկին տնտեսության բազմակացութաձևության (կապիտալիստ., մասնավոր անհատ., փակ բնատնտեսային) իսպառ վերացման հետևանքով։ Նոր սահմանադրությամբ վերացվեց նաև Անդրկովկասյան Հանրապետությունների Դաշնությունը. Վրաց., Ադրբ. ու Հայկական Հանրապետությունները ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտան ուղղակիորեն։

ԽՍՀՄ Սահմանադրության հիման վրա մշակվել ու ընդունվել են միութ. 11 հանրապետությունների սահմանադրությունները։ Համաժողովրդական քննարկումից հետո 1937-ի մարտին ընդունվել է նաև ՀԽՍՀ նոր Սահմանադրությունը։

1920-30-ական թթ-ին Հայաստանում նույնպես ծավալվել են քաղաքական բռնություններ։ 1923-ին Երևանում դաշնակցության «ինքնավերացման» համագումարը որոշում է ընդունել Հայաստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին։