Էջ:Armenia Encyclopedia.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և հյուսիս-արմ. շրջանների արդ-յան և բնակելի ֆոնդի 40 %-ը։ ԽՍՀՄ հանրապետությունները, բազմաթիվ երկրներ, միջազգային զանազան կազմակերպություններ և Սփյուռքն զգալի օգնություն են ցույց տվել երկրաշարժից տուժած շրջաններին։

Արցախյան շարժումը չի թուլացել անգամ ավերիչ երկրաշարժից հետո։ ՀԽՍՀ բնակչության մեծ մասը բոյկոտել է պարետային ժամի պայմաններում 1989-ի փետր-ին անցկացվող ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների ընտրությունները և շարունակել պայքարը շարժման ձերբակալված ղեկավարներին ազատելու համար։ 1989-ի ապրիլին նրանք ազատ են արձակվել։ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, հենվելով բնակչության քաղաքական ակտիվության վրա, ընդլայնել է իր ծրագիրը՝ աստիճանաբար առաջ մղելով անկախ պետականության վերականգնման խնդիրը, որի իրագործմանն էր ուղղված «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) հասարակական կազմակերպության գործունեությունը։ 1989-ի նոյեմբ-ին կայացել է վերջինիս հիմնադիր համագումարը։ Նույն թվականից հրատարակվել է «Հայք» պաշտոնաթերթը։ ՀՀՇ-ն թեև գլխավորել է շարժումը, սակայն չի դարձել համաժողովրդական կազմակերպություն։ Կատարվել են կոպիտ սխալներ («Նաիրիտ», Ալավերդու պղնձաձուլ., Կիրովականի քիմիական և այլ գործարանների փակում), որոնք ծանր հարված են հասցրել երկրի տնտեսությունը։

1989-ի դեկտ. 1-ին ՀԽՍՀ ԳԽ-ն և ԼՂԻՄ-ի ազգային խորհուրդը (ընտրվել է նույն թվականի օգոստ. 16-ին) համատեղ որոշմամբ հռչակել են Խորհրդային Հայաստանի և ԼՂ-ի վերամիավորումը։ Սակայն ԽՍՀՄ ԳԽ-ն չի ճանաչել այդ որոշումը։ Ի պատասխան հայերի պայքարի՝ 1990-ի հունվ-ին ադրբ. գրոհայինները զինված հարձակումներ են ձեռնարկել ՀԽՍՀ-ի սահմանի ողջ երկայնքով, սակայն հայ կամավոր․ և աշխարհազորային ջոկատները հակահարված են տվել նրանց։ ՀԽՍՀ ԳԽ-ի 1990-ի մայիսի ժողովրդավար․ ընտրություններին մասնակցել է նաև արցախահայությունը։ Ընտրական պայքարը ծավալվել է հիմնականում ՀՀՇ-ի և ՀԿԿ-ի միջև։ Արցախի հարցում ԽՍՀՄ կոմունիստ․ ղեկավարության դիրքորոշումից հիսաթափված ժողովուրդը ձայների զգալի մասը տվել է ՀՀՇ-ին, որի շնորհիվ 1990-ի օգոստ. 4-ին ԳԽ նախագահ է ընտրվել ՀՀՇ վարչության նախագահ, Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ Լ. Տեր-Պետրոսյանը։

1990-ի օգոստ. 23-ին ՀԽՍՀ ԳԽ առաջին նստաշրջանն ընդունել է «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով հայտարարվել է երկրում անկախ պետականության վերահաստատման գործընթացի սկիզբը, հանրապետության կարգավիճակը խորհրդային պետության համակարգում՝ մինչև լիակատար անկախության ձեռքբերումը։ 12 կետից բաղկացած փաստաթուղթը նախանշում է Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման ուղիները։ ՀԽՍՀ-ն վերանվանվել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ, կրճատ՝ Հայաստան), գործող ՀԽՍՀ 12-րդ գումարման ԳԽ-ն համարվել ՀՀ 1-ին գումարման ԳԽ։ Հատուկ կետով արձանագրվել է, որ ՀՀ-ն պետք է ունենա իր մասնաբաժինը ԽՍՀՄ ԶՈՒ-ի միջոցներից։ Թեև ԳԽ-ի նախագահը դեմ է արտահայտվել հռչակագրում 1915-ի Հայոց ցեղասպանության և հայկական տարածքների մասին կետ մտցնելու պատգամավորների մեծ մասի պահանջին, սակայն քվեարկությամբ այդ մասին հոդված, այնուամենայնիվ, մտցվել է։ Հռչակագիրը հաստատել է ՀՀ-ի վճռականությունը Արցախն իր տարածքի անբաժանելի մասը ճանաչելու վերաբերյալ։ Մինչև նոր սահմանադրության (հիմն․ օրենքի) ընդունումն այն ծառայել է որպես ծրագրային փաստաթուղթ։

Տես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բաժինը։