Էջ:Armenia Encyclopedia.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Անկախության հռչակումը և պետականության կայացման գործընթացը

1991-ի սեպտ. 21-ին հանրապետության տարածքում անցկացվել է հանրաքվե՝ Խորհրդային Միության կազմից դուրս գալու և անկախանալու հարցով։ Բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 %-ը) «այո» է ասել անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա սեպտ. 23-ին ՀՀ ԳԽ-ն Հայաստանը հռչակել է անկախ, ինքնիշխան պետություն։

Նույն թվականի սեպտ. 2-ին Ստեփանակերտում ընդունվել է հայկական երկրորդ պետության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) անկախության մասին հռչակագիրը, որը հենվել է ԽՍՀՄ Սահմանադրությամբ ամրագրված ազգերի ինքնորոշման և միջազգայնորեն ճանաչված իրավունքի վրա։ 1991-ի հոկտ. 16-ին Հայաստանում առաջին անգամ տեղի են ունեցել նախագահ․ ընտրություններ՝ 6 թեկնածուի մասնակցությամբ։ Ձայների ճնշող մեծամասնությամբ (83 %) հանրապետության նախագահ է ընտրվել ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, փոխնախագահ՝ ԳԽ նախագահի տեղակալ Գագիկ Հարությունյանը։

Նորանկախ հանրապետությունն անցել է ծանր փորձություններով, նոյեմբ-ին հերթական անգամ Ադրբեջանը կասեցրել է գազի մատակարարումը ՀՀ-ին իր տարածքով անցնող գազամուղով։ Ընդհատվել է նաև երկթղ. կապը։ Դադարեցվել են գրեթե բոլոր ձեռնարկությունների աշխատանքները, ուսումնական հաստատություններում՝ պարապմունքները, բնակչությունը զրկվել է ջեռուցումից։ Օրըստօրե ծանրացել է ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը, լարվածությունը տարածաշրջանում ավելի է սրվել։

Դեկտ. 8-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկի մերձակա Բելովեժսկ բնակավայրում ԽՍՀՄ 3 սլավոն․ հանրապետությունների (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս) ղեկավարները՝ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկը և Ստանիսլավ Շուշկևիչը, ստորագրել են համատեղ համաձայնագիր (Բելովեժյան արձանագրություն)՝ ԽՍՀՄ-ի՝ որպես միջագգ. սուբյեկտի և աշխարհաքաղաքական իրողության գոյության դադարեցման վերաբերյալ։ Հայտարարվել է միջազգ. համագործակցության նոր սուբյեկտի՝ Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ) կազմավորելու մասին։

1991-ի դեկտ. 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում 11 ինքնիշխան պետություններ (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղըզստան, Թուրքմենստան, Ադրբեջան, Մոլդովա, Հայաստան) ստորագրել են համաձայնագիր՝ ԱՊՀ-ի ստեղծման վերաբերյալ, որով արձանագրվել է ԽՍՀՄ-ի փլուզումը։ Երկրի նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական է տվել։

ՀՀ պետականության կայացման գործընթացն սկսվել է «Անկախ պետության հիմնադրույթների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի ընդունումով (25.09.1991), որով սահմանվել է իշխանության պետական կարգը, ապահովվել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը։ 1991-ի օգոստ. 1-ին ընդունվել է «ՀՀ նախագահի մասին» օրենքը, իսկ նոյեմբ-ին և դեկտ-ին «ՀՀ Գերագույն խորհրդի» և «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքներով սահմանվել են իշխանության պետական բարձրագույն մարմինների գործունեության շրջանակները։

ՀՀ Կառավարության առաջին վարչապետ է նշանակվել Վազգեն Մանուկյանը (1990-91), 2008-ից Տիգրան Սարգսյանն է, որը երրորդ հանրապետության 12-րդ վարչապետն է։ (Տես նաև Հավելված 1-3

Դեռևս 1990-ի օգոստ. 4-ին ՀԽՍՀ ԳԽ (1995-ից՝ ԱԺ) նախագահ էր ընտրվել Լ. Տեր-Պետրոսյանը, որին, ՀՀ նախագահ ընտրվելուց (16. 10. 1991) հետո, փոխարինել է Բաբկեն Արարքցյանը։ ՀՀ ԱԺ-ի ներկայիս նախագահը Հովիկ Աբրահամյանն է։ (Տես նաև ՀՀ Ազգային ժողով

1991-ի դեկտ. 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտպանության առաջին նախարար է նշանակվել Վազգեն Սարգսյանը։

1992-ի հունվ. 28-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության