Էջ:Armenia Encyclopedia.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1994-ի դեկտ-ին ՀՅԴ-ի գործունեության հանիրավի կասեցումը, որը երկրում ստեղծել է քաղաքական լարված իրավիճակ։

1995-ի ԱԺ-ի ընտրությունների նախօրյակին ձևավորվել է «Հանրապետություն» միավորումը, որի միջուկը ՀՀՇ-ն էր։ Միավորման կազմում էին ՀՀԿ-ն, Ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատ.) կուս-ը (ՌԱԿ/ԼԴԿ), ՍԴՀԿ-ն, «Մտավորական Հայաստան» և Քրիստոնեա-դեմոկրատ. միությունները։

1995-ի հուլիսի 5-ի խորհրդարան․ ընտրություններն անցել են զանգվածային խախտումներով։ Խորհրդարանում առավելագույն թվով տեղեր նվաճելու նպատակով իշխող ՀՀՇ կուս-ը ստեղծել է «զուգահեռ» կազմակերպություններ։ Այսպես՝ հակառակ ՀՅԴ-ի՝ ստեղծվել է Հայաստանի հայ հեղափոխական դաշնակցություն կուս-ը, ՌԱԿ-ի դեմ՝ Ռամկավար ազատական (լիբերալ-ժողովրդավարական) կուս-ը, կանանց բազմաթիվ կազմակերպությունների կողքին՝ «Շամիրամը» և այլն։

1995- ի խորհրդարան․ ընտրությունների արդյունքում «Հանրապետական» միավորումը խորհրդարանում ստացել է 65 պատգամավոր․ տեղ, ԱԺՄ-ն և ընդդիմադիր մյուս կազմակերպությունները՝ 15 տեղ։ ԱԺ-ի մանդատներ են ստացել նաև «Շամիրամը», կոմկուսը, ԱԻՄ-ը։ ԱԺ-ի նախագահ է ընտրվել Բաբկեն Արարքցյանը, Կառավարության նոր կազմը գլխավորել է Հրանտ Բագրատյանը։

Հասարակությունը քաղաքական, տնտեսական, գաղափարական տեսակետից պառակտվել է։ 1996-ի սեպտ. 22-ի նախագահ․ ընտրությունները նույնպես տեղի են ունեցել բացահայտ կեղծիքներով. կրկին սահմանափակվել է ընտրության հնարավորությունը, ընտրություններին չի մասնակցել ՀՅԴ-ն, իսկ կուս-յան ղեկավարները բանտում էին։ Գործող նախագահ Լ․ Տեր-Պետրոսյանի դեմ միավորվել է 4 թեկնածու՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։ Հայտարարված արդյունքներով ձայների 51,75 %-ով հաղթել է Լ. Տեր-Պետրոսյանը։ Ընտրություններին բացասական գնահատական են տվել նաև ԵԱՀԿ դիտորդները։

1996-ի ընտրությունների արդյունքից դժգոհ ընդդիմադիր կուս-ները հանրությանը համախմբել են քաղաքաց. ազատությունները պաշտպանելու համար, ժողովրդին դուրս են բերել հանրահավաքների ու ցույցերի՝ կրկնակի ընտրություններ անցկացնելու պահանջով։ Սեպտ. 25-ի հանրահավաքն ավարտվել է ԱԺ-ի շենքի գրոհով։ Իշխանությունները ձերբակալել են ընդդիմության առաջնորդներին, սկսել բռնություններ և քաղաքական դատավարություններ։ Արգելվել են հանրահավաքները և ցույցերը։

Երկրում քաղաքական հավասարակշռությունը վերականգնելու նպատակով նախագահը վարչապետ է նշանակել ոչ ՀՀՇ-ական Արմեն Սարգսյանին, որը, սակայն, 1997-ի փետր-ին առողջ․ հանգամանքներով հրաժարական է տվել։ ՀՀ նոր վարչապետ է նշանակվել ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երկրում առաջացած ճգնաժամն էլ ավելի է խորացրել Ղարաբաղյան հիմնահարցի լուծման շուրջ առաջացած տարաձայնությունները։

Ժողովրդի և իշխանությունների միջև առաջացած այդ տևական առճակատումն ի վերջո հանգեցրել է իշխանափոխության։

Դեռևս 1997-ի դեկտ. 1-ին հանրապետական մամուլում Լ. Տեր-Պետրոսյանը հանդես է եկել «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. մտորումների ժամանակը» հոդվածով, որտեղ Արցախյան հարցում չի բացառել Ադրբեջանին զիջումների հնարավորությունը։ Հոդվածն օտարացման ալիք է բարձրացրել հասարակության ու վերնախավի միջև, որի հետևանքով և ընդդիմադիր ուժի ճնշմամբ 1998-ի փետր. 3-ին Լ. Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել։ Նրա հետ իշխանության օղակներից հեռացել են նաև մի խումբ ՀՀՇ-ական ղեկավարներ։

Նույն ամսին վերականգնվել է դաշնակցության պաշտոն․ կարգավիճակը, ազատվել են քաղբանտարկյալները, վերստին գործել է արգելված մամուլը։ 1998-ի մարտի 16-ին նշանակված արտահերթ նախագահ․ ընտրություններին մասնակցել է 12 թեկնածու, մրցարշավը գլխավորել են 1997-ի մարտի 20-ից ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը և ՀԿԿ կենտկոմի նախկին 1-ին քարտուղար Կարեն Դեմիրճյանը։ Այն ընթացել է 2 փուլով և ավարտվել մարտի 30-ի քվեարկությամբ։ 2-րդ փուլ են դուրս եկել Ռ. Քոչարյանն ու Կ. Դեմիրճյանը։ Ձայների 59,49 %-ով հանրապետության 2-րդ նախագահ է ընտրվել Ռ. Քոչարյանը։

1999-ի մայիսի 30-ի ԱԺ-ի հերթական ընտրությունների նախօրյակին կազմավորվել է Հանրապետական և Ժող․ կուս-ների «Միասնություն»