Էջ:Armenia Encyclopedia.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատարելագործմանն ուղղված քաղաքականությունների մշակման, հարկային և մաքսային վարչարարության արդիականացման, գործարարության կարգավորման բեռի թուլացման, պետական հատվածում թափանցիկության ու պատասխանատվության ապահովման, կոռուպցիայի հաղթահարման, հակամենաշնորհային միջոցառումների արդյունավետության բարձրացման, դատական համակարգի անկախության, ժողովրդավար, ինստ-ների գործունեության և քաղաքաց. ազատությունների ապահովման հարցում։

Ազգային հաշիվների համակարգը

Ազգ. հաշիվների համակարգի առանցքային ցուցանիշներից է համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), որը համախառն ավելացրած արժեքի և արտադրանքի զուտ հարկերի հանրագումարն է, տնտեսության համախառն առաջարկը։

Աղյուսակ 1. Տնտեսության ճյուղերի իրական աճը 2006-10-ին (ավելացված արժեքով)

Տնտեսության ճյուղը 2006 2007 2008 2009 2010
Արդյունաբերություն -2,5 2,8 2,1 -7,9 9,7
Գյուղատնտեսություն 0,5 10,4 3,3 -0,1 -13,5
Շինարարություն 37,7 18,2 11,3 -42,3 3,3
Ծառայություններ 16,0 12,5 4,8 -0,1 0,0
Արտադրանքի հարկեր (հանած սուբսիդիաները) 14,9 35,9 17,1 -20,7 20,0
Ընդամենը՝ ՀՆԱ 13,2 13,7 6,9 -14,2 2,6

Աղյուսակ 2. Ծախսային բաղադրիչների տեսակարար կշիռները %-ով՝ ՀՆԱ-ի կազմում (2006-10)

2006 2007 2008 2009 2010
Սպառում 82,3 81,8 81,8 93,9 95,1
Ներդրում 35,9 37,8 40,9 33,8 31,2
Զուտ արտահանում,
այդ թվում՝
- 15,9 -20,0 -25,6 -27,9 -27,4
արտահանում 23,4 19,2 15,0 15,5 18,1
ներմուծում 39,3 39,2 40,7 43,4 45,5
Վիճ. շեղում -2,4 0,4 2,9 0,1 1,1
Ընդամենը՝ ՀՆԱ 100 100 100 100 100

Անկախությանը նախորդող տարիներին՝ 1988-90-ին, Սպիտակի երկրաշարժի, Արցախյան ազատագր. շարժման, դրանց հետ կապված տնտեսական և քաղաքական անկայուն իրադրության պատճառով հանրապետությունում տնտեսական զարգացման տեմպերը նախ դանդաղել, ապա անկում են ապրել (իրական ՀՆԱ-ն կազմել է նախորդ տարվա 94,5 %-ը)։ 1990-94-ին ՀՆԱ-ն կրճատվել է ավելի քան 53 %-ով։ Ամենամեծ անկումն արձանագրվել է 1992-ին՝ շուրջ 42 %, որը ԱՊՀ երկրների նույն ցուցանիշի անկումը գերազանցել է ավելի քան 6 անգամ։

Իրականացված բարեփոխումներից առանձնապես կարևոր էր 1993-ի սեփական դրամ․ միավորի ներդրումը, որի շնորհիվ 1994-ից սկսվել է տնտեսության աշխուժացումը։ 1994-ին իրական ՀՆԱ-ն 1991-ի համեմատությամբ աճել է 5,4 %-ով, իսկ 1994-98-ի տարեկան միջին աճը կազմել է 6,4 %, որն ապահովվել է տնտեսության 5 բազային ճյուղերի (արդ., գյուղատնտեսություն, շին., տրանսպորտ, առևտուր) արտադրանքի և ծառայությունների ծավալների ավելացման հաշվին։

1998-ին ՀՆԱ-ն բնակչության 1 շնչի հաշվով կազմել է 251 հազար դրամ՝ 1995-ի համեմատությամբ աճելով 22,5 %-ով։

1998-2001-ին համեմատաբար ցածր, սակայն աճող տեմպերով շարունակվել է տնտեսական աճը. ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմել է 5,9 %։ Իսկ 2002-07-ին այն աճել է երկնիշ թվով՝ միջինը՝ 13,1 %-ով։ Արդյունքում՝ 2007-ի իրական ՀՆԱ-ն 2002-ի մակարդակը գերազանցել է 84,8 %-ով (մոտ 9,2 մլրդ դոլար)։

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ 2007-ի ՀՆԱ-ի աճի ցուցանիշով Հայաստանը 6-րդն էր աշխարհի 181 երկրների շարքում։

Համաշխ. ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով, սակայն, 2008-ի սկզբին տնտեսական աճի տեմպերը նախ նվազել են (մինչև 6,8 %), իսկ հետագայում մեծ անկում ունեցել. 2009-ին երկրում գրանցվել է 14,2 % տնտեսական անկում։

2000-08-ին զգալիորեն փոխվել է նաև բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակը։ Այդ ցուցանիշը, դրամով արտահայտած, 2007-ին 2001-ի համեմատությամբ աճել է մոտ 2,6 անգամ։ Սակայն 2009-ին ՀՆԱ-ն դարձյալ նվազել է, 1 շնչի հաշվով կազմել 2633 դոլար, որը շուրջ 1000 դոլարով կամ 26,2 %-ով