Էջ:Armenia Encyclopedia.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԿԱՊ

Մինչև XIX դ-ի կեսը Հայաստանում կապի միակ միջոցը փոստն էր։ 1867-ին ստեղծվել է փոստային պարբեր. կապ՝ Թիֆլիս-Աղստաֆա-Դիլիջան-Ելենովկա (Սևան)-Երևան-Նախիջևան-Ջուլֆա-Օրդուբադ գլխավոր փոստուղով։ Ավելի ուշ դրանից ճյուղավորվել են Դիլիջան-Ղարաքիլիսա (Վանաձոր), Համամլու (Սպիտակ)֊Ալեքսանդրապոլ և Ելենովկա-Նոր Բայազետ (Գավառ) փոստուղիները։ Այդ տարիներին Արևելյան Հայաստանի տարածքում գործել են 11 փոստային ձեռնարկություններ։

Հայաստանում առաջին անգամ կապի էլեկտր. միջոցներ կիրառվել են 1864-ից, երբ սկսել են գործել Թիֆլիս-Դիլիջան-Երևան-Նախիջևան, ապա՝ Թիֆլիս-Ալեքսանդրապոլ հեռագր. գծերը։ 1913-ին գործել են կապի 26 փոստահեռագր. հիմնարկություններ, որոնցից միայն 15-ն ունեին հեռագր. կապ։ Այդ հիմնարկությունները եղել են վարչական կենտրոններում և հիմնականում ծառայել են Ռուս. կայսրության ռազմավարչ. նպատակներին։ 1913-ին Երևանում շարք է մտել 1-ին հեռախոսակայանը (200 համար), որից օգտվել է 71 բաժանորդ։ 1914-ին ստեղծվել են Ալեքսանդրապոլ-Երևան և Ալեքսանդրապոլ-Կարս առաջին միջքաղաքային հեռախոսագծերը։ Կապի այդ համակարգը Հայաստանում պահպանվել է մինչև 1920-ը։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո երկրում սկսվել է կապի նոր հիմնակությունների կառուցումը։ 1921-ին այդ նպատակով ՌԽՖՍՀ-ն ՀԽՍՀ-ին հատկացրել է 1 մլն ռ. (ոսկով)։ Սկսվել է փոստային դրոշմանիշների թողարկումը, որոնք շրջանառության մեջ են մնացել մինչև 1923-ը։ 1925-ին գործել է Երևան-Մոսկվա առաջին հեռագր. կապը, իսկ հետագայում՝ Երևանի ու հանրապետության 25 շրջանների միջև:

1935-ին հանրապետության հեռագրությունն անջատվել է փոստահեռագրությունից և դարձել կապի ինքնուրույն բնագավառ։

Կապի միջոցների զարգացման նոր փուլ է սկսվել հետպատերազմյան տարիներին։ Ավտոմատ հեռախոսային կայանների նոր տեխնիկայի հիման վրա ընդարձակվել և կատարելագործվել են երկրի քաղաքների ու շրջկենտրոնների հեռախոսացանցերը։

1960-ին առաջին քայլերն են արվել փոստի ավտոմատացման և մեքենայացման ուղղությամբ, կազմակերպվել է փոստի քաղաքային ծառայությունը։ 1971-ին կապի բնագավառում առաջին անգամ սպասարկման ծառայության հաշվարկներն ավտոմատացնելու համար կիրառվել է ԷՀՄ։

1980-ական թթ-ին կատարելագործվել են կապի տեխ. միջոցները, կառուցվել են կապի բազմաթիվ բաժանմունքներ, հեռախոսային և լարային ռադիոհաղորդումների ցանցեր, միջքաղաքային ավտոմատ ու կիսաավտոմատ կայաններ և այլն։

Անկախացումից հետո ՀՀ կապի համակարգում տեղի են ունեցել արմատ. վերափոխումներ։ Աշխարհում էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի արագ առաջընթացի պայմաններում ՀՀ-ում մատուցվում են արդի տեխ. և տեխնոլոգ. լուծումների կիրառմամբ կապի նոր բազմաբնույթ ծառայություններ։

Ռադիոկապ։ Առաջին ռադիոհաղորդիչները (ինքնաշեն) Հայաստանում ի հայտ են եկել 1922-ին։ 1925-ին Երևանում ստեղծվել է լայնահաղորդ ռադիոկայան։ Առաջին ռադիոռեպորտաժը հաղորդվել է 1934-ին Երևանի Լենինի (այժմ՝ Հանրապետության) հրապարակից։ Երևանից բացի՝ ռադիոստուդիաներ են գործել նաև Գյումրիում (1963-ից), Վանաձորում (1967-ից), Կապանում (1970-ից)։

Ներկայումս ՀՀ-ում գործում է 20 ռադիոընկերություն (3-ը՝ Երևանում), որոնց հաղորդումները միաժամանակ հեռարձակվում են մեկ կամ մի քանի մարզերում, 14-ը՝ միայն Երևանում, 3-ը՝ միայն մեկ մարզում։

1999-ից ՀՀ Հանրային ռադիոն ռադիոհաղորդումներ է հեռարձակում արբանյակային կապով, որոնք լսելի են նաև Աֆրիկայի հյուսիսում, Եվրոպայում, ՌԴ արևմուտքում, Մերձավոր Արևելքի և Ասիայի որոշ երկրներում։

Հեռուստատեսություն։ Առաջին կանոնավոր հեռուստահաղորդումներն սկսվել են 1957-ին։ Մինչև 1964-ը հանրապետության հեռուստատեսությունն ունեցել է մեկ ծրագիր։ 1965-ից հեռարձակվել է նաև Կենտրոնական հեռուստատեսության