Էջ:Armenia Encyclopedia.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ու շրջկենտրոնների միջև և 2400-ով ավելացնել միջքաղաքային հեռախոսային կապուղիների քանակը։ 1991-ին շահագործման է հանձնվել նաև «ԱՏ ընդ Տ» կորպորացիայի (ԱՄՆ) նախագծած 5-ESS տիպի միջազգային էլեկտրոնային կայանը, որը միջազգ. տիեզ. արբանյակային «Ինտելսատ» (միջազգային ընկերակցություն) համակարգի միջոցով ապահովել է երկկողմանի ուղիղ կապ ԱՄՆ-ի հետ և ԱՄՆ-ով՝ ելք դեպի աշխարհի գրեթե բոլոր երկրներն ու քաղաքները։ Նույն կայանով իրագործվել է ուղիղ ելք Ֆրանսիա (1992-ի ապրիլից) և Կանադա (1993-ի հուլիսից)։

1995-ին «Trans-World Telekom» (TWT, ԱՄՆ) ընկերության հետ ստեղծվել է «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» («ԱրմենՏել») համատեղ ձեռնարկությունը։ 1998-ին «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 %-ը գնել է հուն. OTE ընկերությունը։ 2006-ից «ԱրմենՏել»-ը ռուս․ «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի (մատուցում է ծառայություններ Beeline ապրանքանիշով) դուստր ձեռնարկություն է։

ՀՀ-ում սևեռված հեռախոսակապի ծառայությունները մատուցում է հիմնականում «ԱրմենՏել»-ը, որը գերիշխող օպերատոր է այդ ծառայությունների շուկայում։ ՀՀ-ում տեղակայված են ավելի քան 500 հազար թվային հեռախոսագծեր, այդ թվում՝ մոտ 70 հազարը՝ CDMA տեխնոլոգիայի միջոցով (2011)։ Սևեռված կապի թվայնացման ցուցանիշը ՀՀ-ում մոտ 80 % է, Երևանում՝ 98 %։

1997-2005-ին բջջային կապի ծառայություններ մատուցել է միայն «ԱրմենՏել»-ը, 2005-ի հունիսից՝ նաև 2-րդ օպերատոր «Ղ-Տելեկոմ»-ը («ՎիվաՍել-ՄՏՍ»)։ 2008-ին բջջային կապի ծառայությունների մատուցման արտոնագիր է տրանադրվել բջջային կապի 3-րդ օպերատոր «Օրանժ Արմենիա» ընկերությանը։

Ներկայումս գործող օպերատորները ներդնում են աշխարհում առաջատար, լայնորեն տարածված նորագույն տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս մատուցելու լայնաշերտ ծառայություններ՝ այդ թվում 3G (3-րդ սերնդի) տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաև համացանցային հասանելիության ծառայություններ բջջային կապի ծառայությունների մատուցման շուկայում։ Բջջային կապի բաժանորդների թիվը ՀՀ-ում ավելի քան 3 մլն է (2011)։

Փոստային կապ։ ՀՀ փոստային կապի ազգային օպերատորը «Հայփոստ» ընկերությունն է, որը տրամադրում է փոստային, ֆինանս․ և մանր առևտրային ծառայություններ՝ 885 փոստային բաժանմունքների (88-ը՝ Երևանում, 797-ը՝ մարզերում), 29 հենակետի և փոստի տեսակավորման ու փոխադրման կենտրոնի միջոցով։ 2006-ին ՀՀ Կառավարությունը «Հայփոստ»-ը հավատարմագրային կառավարման է հանձնել «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությանը։

«Հայփոստ»-ի 30-ից ավելի բաժանմունքներ ու մասնաճյուղեր տեխնիկապես վերազինվել ու վերաբացվել են. առաջիկայում նախատեսվում է ևս 250 բաժանմունքների վերաբացում ՀՀ ողջ տարածքում։ Կսկսվեն նաև On-line ցանցերի ներդրման աշխատանքներ։ 2010-ից մատուցվում են նաև փոստաբանկային ծառայություններ։

«Հայփոստ»-ն ուղիղ փակ ճեպագրերով աշխարհի 36 երկրի հետ իրականացնում է ծանրոցների, 33 երկրի հետ՝ նամակների առաքում։ 66 երկրի հետ երկկողմանի պայմանագրերի հիման վրա իրականացնում է «Արագընթաց փոստ» ծառայություն (EMS)։

ՀՀ փոստային կապի բնագավառում, ազգային օպերատորից բացի, գործում են նաև փոստային կապի 5 այլ օպերատորներ։