նանոմասնիկներ և պոլիմերային նանոկոմպոզիտներ» (2011) գրքում։
Էմիլ Ոսկանյանն ստացել է քլոր- և բրոմնաիրիտների, քլորոպրենային կաուչուկների և լատեքսների նոր արժեքավոր տեսակներ, որոնց հիման վրա արտադրվում են մի շարք բաղադրյալ նյութեր՝ բարձրորակ լաքեր, ներկեր, սոսինձներ, մածուկներ, հերմետիկներ և այլն։
1959-ին ստեղծվել է ՀԽՍՀ ԳԱ ՕՔԻ-ի մոնոմերների և պոլիմերների լաբորատորիան, որտեղ Ստեփան Մացոյանի ղեկավարությամբ հետազոտվել են երկվինիլացետիլենի և նրա նմանակների՝ երկվինիլ կետոնների, ինչպես նաև կրկնակի և եռակի կապեր պարունակող այլ նյութերի ցիկլոպոլիմերման ռեակցիաների օրինաչափությունները, մշակվել են նոր տեսակի կարբո- և տարացիկլային պոլիմերների ստացման եղանակներ։ Առաջարկվել են երկվինիլացետալներից անմիջապես պոլիվինիլացետալներ ստանալու եղանակ, ացետիլենային միացությունների համասեռ կատալիտիկ պոլիմերման նոր կատալիզատորներ, մշակել են չհագեցած պոլիմերների, մասնավորապես՝ ազոտ պարունակող բազմազուգորդված օլիգոմերների ստացման եղանակներ, բացահայտվել են դրանց առաջացման օրինաչափությունները, սինթեզվել լուծելի, ինչպես նաև ցիանուրիլքլորիդային ջերմակայուն պոլիմերներ (Լ. Հակոբյան, Է. Դարբինյան, Գ. Պողոսյան)։ Մշակվել են էմուլսային համակարգերում պոլիմեր-անօրգ. լցանյութային բաղադրյալ նյութերի ստացման եղանակներ (Լ. Հակոբյան, Ս. Հայրապետյան)։ Վահե Դանիելյանը հետազոտել է պոլիբուտադիենների վրա քլորոպրենի պատվաստման ազատ ռադիկալային մեխանիզմը, այդ պոլիմերների լուծույթների ֆիզքիմիական հատկությունները, ինչպես նաև ռադիկալային պոլիմերման վրա միջավայրի, ջրածնային կապի, կոմպլեքսագոյացման, մակրոռադիկալի կոնֆորմացիոն փոփոխության ազդեցությունը։ Մշակվել են վինիլացետատի օլիգոմերման, դրա արտադրության գազագոլորշային եղանակներ, որոնք ներդրվել են «Պոլիվինիլացետատ» գործարանում։
ԵՊՀ պոլիմերման կինետիկայի պրոբլեմային լաբորատորիայում Հովհաննես Չալթիկյանի նախաձեռնությամբ սկսվել, ապա Նորայր Բեյլերյանի ղեկավարությամբ շարունակվել է վինիլացետատի պոլիմերման ուսումնասիրությունը, և պարզվել է, որ գերօքսիդների և երրորդային ամինասպիրտների առկայությամբ պոլիմերումն ընթանում է մեծ արագությամբ ու մեծ Ելքով։ Բացահայտվել է պոլիմերային շղթաների երկարությունը կարգավորելու հնարավորություն։ Ոչ իոնական, անիոնաակտիվ ՄԱՆ-երի առկայությամբ վինիլացետատների պոլիմերման կինետիկայի հետազոտությունների հիման վրա մշակվել է պոլիվինիլացետատի ջրային մանրադիսպերս համակարգերի ցրտադիմացկունությունը մեծացնելու նոր եղանակ։ Ամին-գերօքսիդային հարուցիչ համակարգերի օգտագործմամբ ուսումնասիրվել են տարբեր մոնոմերների պոլիմերումը նույնաֆազ և էմուլսային համակարգերում, մասնավորապես, իրականացվել է լազերային ճառագայթումով մոնոմերների և լցանյութերի մակերևույթի ակտիվացումը (Ռ. Չալթիկյան), բացահայտվել են մեթիլմետակրիլատի էմուլսային պոլիմերման տոպոքիմիայի օրինաչափությունները (Ս. Նալչաջյան)։
ԵՊՀ օրգ. քիմիայի ամբիոնում Անժելո Դուրգարյանի ղեկավարությամբ իրականացվել է հագեցած և արոմատիկ նիտրիլների համապոլիմերումը 1,2- և 1,4-էպօքսիդների հետ, մշակվել են արոմատիկ ալդեհիդների և վինիլային մոնոմերների համապոլիմերման, ինչպես նաև օ-ցիանբենզալդեհիդի անիոնային պոլիմերմամբ ջերմակայուն պոլիմերների ստացման եղանակներ։ Հայտնաբերվել է լուծիչում ընթացող համապոլիմերման շղթայի աճը պայմանավորող ծայրային ակտիվ կենտրոնի առաջացման երևույթը, ստացվել են կարգավորված համապոլիմերներ, նաև էպօքսիդներ և α-քլորկետոններ՝ պոլիքլորոպրենից։ Մշակվել է կիսահաղորդիչ էլեկտրոնաակցեպտոր հատկություններով պոլիմերների ստացման եղանակ՝ բիսանիոնների ու քլորանիլինի, էպօքսիդային պոլիքլորոպրենի հետ արոմատիկ և ալիֆատիկ ամինների փոխազդեցությամբ (Ն. Դուրգարյան)։ Սինթեզվել են զուգորդված տրիազենային, ազո- և ամինախմբեր պարունակող պոլիմերներ, որոնք յոդով ու թթուներով դոպացնելիս մեծանում է դրանց էլեկտրահաղորդականությունը։ Աշխատանքներ են կատարվում նաև N պարունակող էլեկտրահաղորդիչ, զուգորդված և ոչ զուգորդված պոլիմերների սինթեզի ուղղությամբ։