Էջ:Armenia Encyclopedia.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հեմոֆիլիայի կենտրոնը, որը համագործակցում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի առաջատար մասնագետների հետ։ Ներդրվել է հեմոֆիլային հոդախտերի բուժման նոր եղանակ՝ քիմիական սինեվեկտոմիան ռիֆամպիցինի միջոցով (Հ. Խաչատրյան)։ Պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության ներդրման, CobeSpectra ցիտաֆերեզի և ապավիրուսակտիվացման սարքերի (բջջաֆլյոտրաչափ), կրիոբանկի, սառնարանների ու սառցարանների ձեռքբերման շնորհիվ կատարվում են ցողունային բջիջների հավաքագրման, իմունաբան. տիպավորման և նրանց պատվաստման, նաև հյուսվածքային տիպավորման աշխատանքներ։ Առաջին անգամ ՀՀ-ում և ԼՂՀ-ում ուսումնասիրվել են հայերի արյան էրիթրոցիտային, լեյկոցիտային և շիճուկային համակարգերի ավելի քան 67 հակածին, դրանց հանդիպման հաճախությունը բնականոն և տարբեր հիվանդությունների ժամանակ (Վ. Ներսիսյան, Ն. Մուսայելյան, Ի. Մարտիրոսյան, Ա. Զաքարյան, Մ. Նազարեթյան, Վ. Դարբինյան և ուրիշներ)։

Ներկայումս Արյունաբանության կենտրոնում Ս. Դաղբաշյանի ղեկավարությամբ աշխատանքներ են կատարվում ՀՀ-ում արյան հիվանդությունների տարածվածության, կանխորոշման, ախտորոշման, բուժման եղանակների, անվտանգ փոխներարկումային բուժօգնության հիմնահարցերի մշակման ուղղությամբ։ Համալիր հետազոտություններ են իրականացվել արյան հիվանդությունների (այդ թվում՝ հեմոբլաստոզների) ախտածնային մեխանիզմների բացահայտման և բուժման առավել արդյունավետ եղանակների մշակման, քրոնիկ․ միելոլեյկոզի գենետիկ․ ախտորոշման հիմնախնդիրների լուծման ուղղությամբ։ Կատարվել են նաև իմունաարյունաբան. հետազոտություններ, նոր սինթեզված ու բնական ծագման կենսբ. ակտիվ նյութերի սկրինինգ, նախակլինիկ. փորձարկում և նրանց ազդեցության ուսումնասիրություններ։

Ուսումնասիրվել են հեմոֆիլիա A-ի ժամանակ արյունահոսության դադարեցման (հեմոստազ) և թրոմբոցիտային թաղանթների լիպիդային ու սպիտակուցային բաղադրիչների փոխադարձ կապը (Վ. Սարգսյան), արյան համակարգի ուռուցքային հիվանդությունների (հեմոբլաստոզներ) համաճարակաբանության, նոր բուժ., ինտենսիվ, բարձր դեղաչափերով բազմաքիմիաբուժության ծրագրերի ներդրման և իրականացման հարցեր, իմունաարյունաբան. անհամատեղելիությունների իզոշճաբան. պատճառները, մշակվել են դրանց կանխարգելման ուղիներ (Ն. Մուսայելյան), ապացուցվել է, որ ապլաստիկ սակավարյունության ժամանակ ցիկլոսպորին A դեղամիջոցով բուժման արդյունավետությունը (մոտ 75 %) 25 %-ով ավելի է, քան մինչ ցիկլոսպորինային բուժումը (Ա. Զաքարյան, Ն. Մելքիկյան), միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների (օր.՝ քրոնիկ. միելոլեյկոզ) ժամանակ իմատինիբ (գլիվեկ) դեղամիջոցի արդյունավետությունը հիվանդության բջջագենետիկ. երկարաժամկետ ռեմիսիայի ձեռքբերման, լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների (օր.՝ լիմֆոմա) մոնոկլոնալ հակամարմիններով (ռիտուկսիմաբ) բուժման արդյունավետության բարձրացման հարցեր։

Արյունաբան․ կենտրոնի կենսաքիմիայի հիմնախնդիրների լաբորատորիայի փորձարար․ և կլինիկ․ համալիր հետազոտությունների արդյունքում ներդրման փուլում են ուռուցքաարյունաբան. հիվանդությունների ախտորոշման մի շարք մարկերներ՝ պարապրոտեիններ, մոնոկլոնար իմունոգլոբուլին, β 2 միկրոգլոբուլին, շիճուկային դեզօքսիթիմիդինկինազ, 4-գլուտաթիոն-Տ-տրանսֆերազի P1-1 իզոֆերմենտ, M-գրադիենտ, լիզոցիմ և այլն (Պ. Ղազարյան և ուրիշներ)։

2005-ից լույս է տեսնում «Արյուն» գիտագործն. ամսագիրը։

Անահիտ Զաքարյան


Բժշկական հոգեբանություն

Բժշկ. հոգեբանությունը Հայաստանում սկսել է զարգանալ 1988-ից, երբ ԵԲԻ (1995-ից՝ ԵՊԲՀ) հոգեբուժության ամբիոնը վերակազմակերպվել է հոգեբուժության և բժշկ. հոգեբանության ամբիոնի (վարիչ՝ Մ. Մելիք-Փաշայան), իսկ 1993-ից Մ. Մելիք-Փաշայանի և Խ. Գասպարյանի նախաձեռնությամբ ինստ-ում սկսվել է բժշկ. հոգեբանության դասավանդումը։ Դասընթացի ղեկ. Խ. Գասպարյանի նախաձեռնությամբ հոգեբ. հետազոտություններ և հոգեբուժման (պսիխոթերապիա) աշխատանքներ են կատարվել 1988-ի դեկտ. 7-ի երկրաշարժից տուժածների, փախստականների, ԼՂՀ ազգաբնակչության շրջանում։ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության աջակցությամբ 1994-ին Ստեփանակերտում ստեղծվել է Հոգեբ. վերականգնող․ կենտրոն։ Մարդու հարուցած և երկրաշարժի հետևանքով առաջացած հոգեկան տրավմաների վերաբերյալ կատարված աշխատանքների արդյունքներն ամփոփվել են Խ. Գասպարյանի «Դժվարին կենսական իրավիճակների ապրման տարիքային հոգեբանական առանձնահատկությունները» (2005) մենագրության մեջ։

2009-ին ամբիոնի աշխատակից Գ. Ղազարյանը ՀՊՄԻ-ում պաշտպանել է «Զինակոչիկների ընտրության գործընթացում հոգեբանական ցուցանիշների նշանակությունը» թեմայով ատենախոսությունը։ Կլինիկ. գործունեություն է իրականացվում Երևանի հոգեկան առողջության տարբեր կենտրոններում, կատարվում են պլաստիկ․ վիրաբուժ. կլինիկայում վիրահատվող անձանց հոգեբ. առանձնահատկությունների գնահատման հետազոտություններ (Տ. Առաքելյան)։

Ուսումնամեթոդական և գիտագործն. խորհրդատվություններ է կազմակերպում հայ-բրիտ. «Ինդրա» հոգեկան առողջության ծառայությունը (ղեկ.՝ Խ. Գասպարյան)։

Ամբիոնում կատարվում են նաև հայերին բնորոշ աֆեկտիվ խառնվածքի բացահայտման աշխատանքներ։

Խաչատուր Գասպարյան