Էջ:Armenia Encyclopedia.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Հայաստան» հատորը ՀՀ անկախացումից և ԼՂՀ հռչակումից հետո առաջին հանրագիտարանն է, որտեղ համապարփակ ներկայացվում են հայոց պատմությունն իր բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում՝ վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, հայկական պետականության բարդ ու դժվար ճանապարհը, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի և մյուս բնագավառների նվաճումները, հայոց հոգևոր կյանքն ու եկեղեցին, Սփյուռքը, Հայաստան աշխարհը՝ իր ֆիզիկաաշխարհագրական նկարագրով, հասարակական-քաղաքական զարգացումներով և այն կարևոր իրադարձություններով, որոնք այս կամ այն կերպ առնչվում են հայերին ու հայկականությանը։

Հատորը բաղկացած է երկու մասից՝ «Հայաստանի Հանրապետություն» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն». նպատակը ԼՂՀ-ի փաստացի անկախությունը հերթական անգամ շեշտադրելն է և հայկական երկրորդ պետության կայացման ու պետականաշինության գործընթացը ներկայացնելը։ Եվ միայն այդ նպատակով հայոց միասնական պատմությունից առանձնացվել են Արցախ աշխարհի պատմությունն ու մշակույթը և տրվել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» մասում։

«Հայաստան» հատորն իր ընդգրկումով, կառուցվածքով և շարադրանքի առանձնահատկություններով որոշակի աղերսներ ունի 1987-ին հրատարակված «Հայկական սովետական հանրագիտարանի» (12+1 հատոր)՝ «Սովետական Հայաստան» հատորի հետ, սակայն սկզբունքորեն տարբերվում է նախորդից, որովհետև շարադրվել է ժամանակակից գիտական հենքի վրա, զերծ է գաղափարաքաղաքական և հարևան ժողովուրդների շինծու պատմությանը «հարմարվելու» խորհրդային պարտադրանքից։

Երկրորդ տարբերությունը մեր նորօրյա պատմությունն է՝ Հայաստանի Հանրապետության անկախացումն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որոնք մեծ ձեռքբերում են հայոց պետականության պատմության մեջ։ Այդ իրադարձությունները պատշաճորեն ներկայացված են հատորի և՛ «Հայաստանի Հանրապետություն», և՛ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» մասերում՝ յուրաքանչյուրում շեշտադրելով ազգային-ազատագրական պայքարին բնորոշ առանձնահատկությունները՝ Հայաստանի Հանրապետությունում՝ ազատագրական շարժման գաղափարաքաղաքական կազմակերպման, Արցախում՝ հերոսամարտի պատմությունները։

Մյուս, թերևս սկզբունքային, տարբերությունն այն է, որ սույն հատորն ինքնուրույն գիրք է, մինչդեռ նախկինը բազմահատորյակի մաս էր և առանձին հասկացությունների առավել հանգամանորեն անդրադառնալու, հանրապետության պետական այրերի, հայտնի գործիչների ու մտավորականների դիմանկարները զետեղելու, առանձին անձանց կենսագրությունները ներկայացնելու խնդիր չուներ, իսկ այս հատորում դրանք պարտադիր են՝ նյութի ամբողջականությունն ապահովելու առումով։

Գրքում նյութը շարադրված է թեմատիկ բաժիններով։ Նախ ներկայացված են երկու պետությունների խորհրդանիշները, պետական կարգն ու կառավարման մարմինները՝ հանրապետությունների նախագահները, օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունները, այնուհետև ՀՀ և ԼՂՀ Սահմանադրությունները, ուժային կառույցները, բնակչության ժողովրդագրական պատկերն ու սոցիալ-տնտեսական վիճակը։

Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական նկարագիրը տրված է երկրաբանական կառուցվածքի, լեռնագրության, կլիմայի, ջրերի և հողերի, բուսական ու կենդանական աշխարհների մասին ծավալուն հոդվածներով, ներկայացված են բնության և կենսաբազմազանության պահպանության առկա վիճակն ու խնդիրները, այդ նպատակով ստեղծված ազգային պարկերը, արգելավայրերն ու արգելոցները։

Հայաստանի և հայոց պատմության շարադրանքում առավել հանգամանորեն ներկայացված են Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ հանրապետությունները՝ որպես հայոց պետականության զարգացման հաջորդական փուլեր։ Երրորդ հանրապետության պատմության մեջ շեշտադրված են ՀՀ անկախացման ու ԼՂՀ հռչակման գործընթացները՝ նորօրյա ազգային-ազատագրական պայքարի և Արցախյան