Էջ:Armenia Encyclopedia.djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երաժշտ. ժառանգությունը, որի մեծ մասը սևագիր է և դժվարընթեռնելի։

Ժող․ երաժշտության գրառումն ու հրապարակումը խորհրդ․ տարիներին շարունակել են Ս. Մելիքյանը (Գիտության և արվ-ի ինստիտուտ), Քրիստափոր Քուշնարյանը (Լենինգրադի թատրոնի և երաժշտության ինստիտուտ), Արամ Քոչարյանը (Ռ. Մելիքյանի անվան երաժշտ. ԳՀ կաբինետ), նաև ՀԽՍՀ ԳԱ երաժշտության պատմության և տեսության բաժանմունքը, Արվ-ի ինստ-ը (Մ. Մուրադյան, Վարդան Սամվելյան), Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողովրդական երաժշտության կաբինետը (Մ. Բրուտյան)։ Նույն աշխատանքը սեփական նախաձեռնությամբ կատարել են Սաշա Օգանեզաշվիլին, Մուշեղ Աղայանը, Շարա Տալյանը, Վարդան Բունին, Վազգեն Տալյանը, Թաթուլ Ալթունյանը և ուրիշներ։ Գեղջկական երգերից ու պարերգերից բացի՝ գրառվել են նաև գյուղ․ ու քաղաքային նվագարանային երաժշտության նմուշներ, քաղաքային ժողովրդական երգեր և աշուղ․ երաժշտության ավանդ․ ձևերն ու անհատ աշուղների ստեղծագործությունները։ Կարևորվել են «Սասունցի Դավիթ» էպոսի երաժշտ. հատվածների գրառումները (Ա. Քոչարյան), որն սկսել էր Կոմիտասը։ Խորհրդահայ կոմպոզիտոր․ ստեղծագործության և երաժշտագիտության զարգացման համար առանձնապես նշանակալի են Կոմիտասի գրառած այն երգերը, որոնք հրապարակվել են 1931-ին («Ժողովրդական երգեր. Ազգագրական ժողովածու»)։ Հայաստանում հավաքվել և հրատարակվել են նաև տեղաբնակ քրդերի երգերը (Ն. Ջաուարի, Ջ. Ջալիլ)։ Մշակվել են հայկական ժողովրդական երաժշտության՝ հաշվիչ մեքենաների համար պատրաստվող քարտագրության հիմունքները (Վ. Հոշովսկի)։

Հրատարակվել է Ք. Քուշնարյանի «Հայ մոնոդիկ երաժշտության պատմության և տեսության հարցեր» (Լենինգրադ, ռուս․, 1958) հիմնարար աշխատությունը, որը վերաբերում է հայկական ժողովրդական, գուսան․ և հոգևոր երաժշտության պատմ. զարգացման և տես. առանձնահատկությունների օրինաչափությունների բացահայտմանը։ Ք. Քուշնարյանը հետազոտել է նաև Վերածննդի շրջանի երաժշտությունը, մշակել մոնոդիայի տեսությունը, լուսաբանել հայկական մոնոդիայի ձայնակարգային հիմքը։ Ռոբերտ Աթայանի «Հայկական խազային նոտագրությունը» (1959) երկում մշակված են հայկական երաժշտ. հնագրության հիմունքները, ուսումնասիրված են հայ միջնադարյան նոտագրության պատմության և տեսության հիմն․ հարցերը։

Դաս. և խորհրդային կոմպոզիտոր․ երաժշտությունն ուսումնասիրվել է բովանդակային 3 ընդգրկումով. 1. առանձին կոմպոզիտորների կյանքը, գործունեությունը և ստեղծագործությունը (Քրիստափոր Կարա-Մուրզա, Մակար Եկմալյան, Կոմիտաս, Նիկողայոս Տիգրանյան, Ա. Սպենդիարյան, Ռ. Մելիքյան, Արմեն Տիգրանյան, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Էդվարդ Միրզոյան, Գրիգոր Եզիազարյան և ուրիշներ), 2. երաժշտ. ժանրեր [«Սովետական Հայաստանի երաժշտությունը» (հոդվածների ժողովածու, 1973), Գևորգ Տիգրանովի «Հայկական երաժշտական թատրոնը» (ռուս․, հ. 1-4, 1956-89), Մարգարիտ Ռուխկյանի «Հայկական սիմֆոնիան։ Հետազոտական ակնարկներ» (ռուս․, 1980), Շուշանիկ Ափոյանի «Դաշնամուրային երաժշտությունը Խորհրդային Հայաստանում» (ռուս․, 1968) և այլն], 3. հայ երաժշտության պատմության ընդհանրական ուսումնասիրություն [Ալեքսանդր Շահվերդյանի «Հայ երաժշտության պատմության ակնարկներ. XIX-XX դդ.» (1959), Ք. Քուշնարյանի, Մ. Մուրադյանի և Գևորգ Գյոդակյանի «Ակնարկ հայ երաժշտության պատմության» (1963), Մ. Մուրադյանի «Հայ երաժշտությունը XIX դարում և XX դարասկզբում» (1970) և «Ուրվագիծ արևմտահայ երաժշտության պատմության (XIX դար և XX դարասկիզբ)» (1989), Ցիցիլիա Բրուտյանի «Սփյուռքահայ երաժշտական մշակույթը» (1982) և այլն]։ Երաժշտ. միջնադարագիտության զարգացման մասին կարևոր են Նիկողոս Թահմիզյանի «Ներսես Շնորհալին երգահան և երաժիշտ» (1973), «Հին Հայաստանի երաժշտության տեսությունը» (ռուս․, 1977) և «Գրիգոր Նարեկացին և հայ երաժշտությունը. V-XV դդ.» (1985) մենագրությունները։

Ծավալուն աշխատանքներ են կատարվել հայ երաժշտ. ժառանգության գիտական հրատարակության առումով [Ա. Սպենդիարյանի «Երկերի լիակատար ժողովածուն» (11 հատորով, 1943-84, Գ. Բուդաղյանի խմբագրությամբ), Սայաթ-Նովայի