Էջ:Armenia Encyclopedia.djvu/594

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Հայ բանահյուսությունը պատմականորեն նախորդել է հայ գրավոր դպրությանը, գրակ-յան սկզբնավորման շրջանում (V դ.) դարձել է նրա հիմքերից ու բաղադրիչներից, ապա բանավոր ավանդությամբ շարունակել է ինքնուրույն զարգանալ։ Միջնադարում (XII-XVI դդ.) ազդելով գեղարվեստական գրակ-յան վրա՝ բանահյուսությունն առանձին ժանրերով (հանելուկ, առակ, երգ, զրույց) թափանցել է նրա մեջ, երանգավորել գրակ-յան ոգին և արտահայտչամիջոցները, հասել մինչև մեր օրերը։ Հին և միջնադարյան բանահյուսության նմուշները, որ ավանդվել են գրավոր, հիմնականում՝ գրաբար և միջին գրական հայ-ով, մշակել և վերապատմել են մատենագիրները։

Վիպ. հին հուշարձանները (առասպել, վիպերգ, վեպ) պահպանվել են Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Ագաթանգեղոսի, Սեբեոսի, Հովհան Մամիկոնյանի, հանելուկները՝ Անանիա Շիրակացու, Ներսես Շնորհալու երկերում և անանուն գրչագրերում, առակները՝ Վարդան Այգեկցուն վերագրված «Առակք Վարդանա» ժող-ներում, սիրո և ուրախության հայրենները՝ հիմնականում XV-XVII դդ-ի ձեռագիր տաղարաններում, զրույցները, ծիս. ու քնար․ երգերը՝ տարբեր ժող-ներում ու տաղարաններում, հմայական աղոթքներն ու բանաձևերը՝ ձեռագիր հմայիչներում ու ախտարքային ժող-ներում։ Բանավոր պահպանված բանահյուսությունը մեզ է հասել հայոց լեզվի տարբեր բարբառներով վիպող ու երգող բանասացների, իսկ բնագրերը՝ նրանցից գրառված նյութերի միջոցով։

Բանահյուսությունը ձևով բաժանվում է 3 խմբի՝ արձակ-պատումային (հեքիաթ, առակ, ավանդություն, զրույց), չափածո-երգային (ժողովրդական վեպ, վիպ., ծիս., քնար․ երգեր), բանաձևային (առած, հանելուկ, երդում, անեծք, օրհնանք, հմայական աղոթք), բնույթով ու կիրառությամբ՝ մի քանի խմբի։

Ծիսահմայական բանահյուսություն

Ծիսահմայական բանահյուսությունը հայկական բանավոր ավանդության վաղնջական և կարևոր բաղադրիչներից է. նրա տեսակներն ու ենթատեսակներն են անեծքները, օրհնանք-մաղթանքները, երդումները, հմայական աղոթքները, ծիսատոն. տարբեր բնույթի երգերը, խաղերն ու բանաձևերը։ Այս խումբն ունի կիրառ. որոշակի նպատակ և նշանակություն՝ առնչված ժողովրդի ապրած միջավայրի, տնտեսական, սոցիալ-կենցաղային կյանքի, բարոյական ու կրոնապաշտամունքային ընկալումների տարբեր կողմերն ու երևույթները խորհրդանշող ծիս. ու հմայական արարողությունների հետ։ Բանահյուսության հիշյալ տեսակները բնորոշվում են խոսքի ներգործության զորության հանդեպ հավատով, ծիսահմայական արարողություններին ենթակա անձի, առարկայի կամ երևույթի տվյալ վիճակը փոխելու ցանկությամբ՝ հաճախ արտահայտված խորհրդանշական-այլաբան. պատկերներով ու համեմատություններով։

Հմայական համեմատաբար պարզ բանաձևերից են անեծքները, օրհնանք-մաղթանքներն ու երդումները, որոնք գործածվում են ծիսահմայական արարողությունների (ծնունդ, մահ, հարսանիք, ժողովրդական տարբեր հանդիսություններ, խնջույք, ողջույն, հրաժեշտ, շնորհավորանք, բարեմաղթություն) ժամանակ։ Հմայական բարդ բանաձևերից են կապքի (կախարդության արգելք) աղոթքները, որոնք, վիպ. նկարագր. սկզբնամասից բացի, բաղադրվում են անեծքի, բարեմաղթության, երդման և սպառնալիքի բանաձևերից, ուղեկցվում են որոշակի արարողություններով, ունեն պահպանական-ապահով․ բնույթ, կիրառվում են չար ոգիներից հարուցվող զանազան ցավերից, հիվանդություններից, փորձանքից զերծ պահելու նպատակով։

Ծիսատոնական երգերը, խաղերն ու բանաձևերը կատարվում են ժողովրդական ու կրոն․ նշանավոր ծիսակատարությունների, ժողովրդական օրացուցային տոնախմբությունների ժամանակ (Սբ Ծնունդ, Նոր տարի, Բարեկենդան, Տյառնընդառաջ, Զատիկ, Համբարձում, Ծաղկազարդ, Վարդավառ, Սբ Աստվածածին, Սբ Խաչ)։

Ծիսաընտանեկան բանաձևերն ու երգերը մարդու հիմն․ կենսաշրջանները (ծնունդ, ամուսնություն, մահ, թաղում) սրբագործող ծիս. արարողություններին ուղեկցող երգերը, խաղերն ու մաղթանքներն են։ Հարսանեկան ու սգո երգերը, ժողովրդական բնույթով վկայված լինելով հին ժամանակներից, հետագայում վերաիմաստավորվել են քրիստ. գաղափարներով։

Վիպական բանահյուսություն

Վիպական բանահյուսությունն ընդգրկում է վիպ. առասպելաբան, երգերը, զրույցները, ավանդությունները, վեպերը, հեքիաթները, առակներն ու երգիծ. մանրապատումները, վիպապատմ. երգերը։

1. Հայ հին առասպելներն ավանդվել են գրավոր՝ որպես պատմ. զրույցներ, ավանդություններ, վիպ. երգեր։ Պահպանվել են նաև հին ու նոր ժողովրդական վեպերի, հեքիաթների, հանելուկների և երգերի մեջ։ Հնագույններն են Հայկի, Արամի, Արա Գեղեցիկի, Անգեղյա Տորքի, Արտավազդի, Վահագնի, Տիգրանի և Աժդահակի, Երվանդի և Երվազի, վիշապների և վիշապազունների մասին վիպվող զրույցներն ու երգերը, որոնց մեջ առասպել․ կերպարները վիպականացել են, պատմականացել, դարձել հայ ցեղի նախնիներ, արքաներ, արքայազուններ