Էջ:Armenia Encyclopedia.djvu/595

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ նրանց օտար հակառակորդներ։ Հայկական հին առասպելները կառուցված են դաս. առասպելաբանությանը բնորոշ երկհակադրության սկզբունքով՝ հակոտնյա կերպարների հակադրության և պայքարի վրա. դրական կամ բարի սկզբունքը մարմնավորում են յուրային հերոսները, բացասականը՝ օտար ու չար հակառակորդները։ Այս հակադրությունն ու պայքարը մեծ մասամբ ավարտվում է յուրայինի՝ բարու հաղթանակով և օտարի՝ չարի պարտությամբ։

Հայկական ցեղի առասպել․ նախնու՝ Հայկի վիպ. պատմության հիմքում խավարն ու տիեզ. խառնաշփոթությունը խորհրդանշող բռնակալ Բելի դեմ աստեղային հերոս, առասպել․ որսորդ, աղեղնավոր Հայկի մղած պայքարն է։ Հայկը դարձել է հայկական ցեղի սկզբնավորողն ու երկրի հիմնադիրը, անվանադիր նախնին։ Նա կռվում է Բելի դեմ, սպանում նրան, ապահովում իր ցեղի ու երկրի գոյատևումը։

Հայկական ցեղի երկրորդ անվանատու նախնին Հայկի տոհմից սերած առասպել. Արամն է (թերևս ծագում է նախահայկական արիմ ցեղանունից)։ Մեռնող-հառնող երիտասարդ աստծու առասպելը մարմնավորվել է Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմականացված զրույցում։

Վիշապների դեմ մղված ամպրոպի աստծու տիեզ. կռվի վաղնջական առասպելը տարբեր կերպ է արտահայտվել հայ հնագույն «Վիպասանք» կամ Տիգրանի և Աժդահակի, վիշապաքաղ Վահագնի, Արտավազդի և վիշապազունների մասին երգվող ու վիպվող զրույցներում։

Հայոց ամպրոպի աստված Վահագնը ծնվել է Երկնքի և Երկրի ու ծիրանի ծովի երկունքից, ծովում բոցավառվող եղեգնի փողից։ Վահագնը կռվում է տիեզերակործան վիշապների դեմ ու հաղթում։

Տիգրանի և Աժդահակի մասին երգվող առասպելում ամպրոպի աստվածը պատմականացվել է՝ դառնալով Հայոց Տիգրան թագավորը, իսկ նրա հակառակորդ վիշապը՝ թշնամի Մարաստանի Աժդահակ (= վիշապ) թագավորը։ Վահագնը նույնպես պատմականացվելով՝ դարձել է Տիգրանի երրորդ զավակը, իսկ մի այլ առասպելում՝ հայոց ազգի նախնի, որը գողանում է ասորեստանցիների նախնի Բարշամի հարդը՝ դրա հետքն ընդմիշտ թողնելով երկնքում (այստեղից էլ՝ «հարդագողի ճանապահը»)։

Ժայռում կամ ջրերի մեջ արգելափակված հերոսի առասպելաբան․ սյուժեի տարբեր դրսևորումներն են Մասիսի վիհում՝ Արտաշեսի որդի Արտավազդի կամ վերջինիս որդի Շիդարի, Դավթի որդի Փոքր Մհերի («Սասնա ծռեր» դյուցազնավեպում), ջրերի խորքում վիշապների կամ քաջքերի՝ Երվանդի բանտարկվելու վիպ. զրույցները։

Սրբազան երկվորյակների վաղնջական պաշտամունքի և առասպելի տարբեր արտահայտություններն են Երվանդի և Երվազի, Սարասարի և Ադրամելիքի («Սասնա ծռեր»-ում՝ Սանասարի և Բաղդասարի), Մամիկի և Կոնակի, Դեմետրեի և Գիսանեի պատմականացված զրույցները։

Մի շարք առասպելներ պահպանվել են նաև բանավոր ավանդությամբ. «Սասնա ծռեր» դյուցազնավեպում պահպանվել են հայոց երկնային լույսի և արեգակի աստված Միհրի անունը (Մեծ Մհեր ու Փոքր Մհեր) և առասպելաբան․ մոտիվները (Մեծ Մհերի առյուծ սպանելը, Փոքր Մհերի ժայռում փակվելը և այլն)։ Բազմաթիվ զրույցներ կան Արևի և Լուսերնի, համաստեղությունների (Մեծ արջ, Ծիր կաթին), ջրի և հրի, թռչունների, կենդանիների, բույսերի ծագման, անձնավորման մասին։