Էջ:Armenia Encyclopedia.djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատմագր. երկերի մեջ են մտել և դրանց անխզելի մաս են կազմում Գրիգոր Լուսավորչի ու Ներսեսի վարքերը, Հռիփսիմյան կույսերի վկայաբանությունը ևն։ Արաբ․ տիրապետության շրջանին է վերաբերում Վահան Գողթնացու վկայաբանությունը (VIII դ.)։

Քրիստոնեության տարածմանը նպաստել է հոգևոր երգը, որը հանդիսավորությամբ երգվել է եկեղեց. արարողությունների ժամանակ։ Այս ժանրի առաջին ստեղծագործությունները հուն․ օրհներգությունների թարգմանություններն են, որոնք էլ հետագայում խթանել են հայ ինքնուրույն երգերի ծնունդը։ Հոգևոր երգի ամենատարածված տեսակը շարականն է, որի հնագույն օրինակները վերագրվում են Սահակ Պարթևին, Մեսրոպ Մաշտոցին և Հովհան Մանդակունուն։

VII-VIII դդ-ում հայ հոգևոր երգը թևակոխել է զարգացման նոր փուլ, որին բնորոշ է ժանրի ագգայնացման ընթացքի խորացումը, բովանդակության հարստացումը, արտահայտչամիջոցների ու ձևերի կատարելագործումը։ Այդ շրջանի լավագույն երգերից է Կոմիտաս կաթողիկոսի՝ քնար․ շնչով գրած «Անձինք նուիրեալք»-ը (կագմված է 36 տնից՝ ըստ հայկական այբուբենի), որի նյութը Հռիփսիմյան կույսերի նահատակության պատմությունն է՝ ըստ Ագաթանգեղոսի։

Հայ հոգևոր երգն արժեքավոր քերթվածներով հարստացրել են Ստեփանոս Սյունեցին, Սահակ Ձորոփորցին, Հովհաննես Օձնեցին, կին ստեղծագործողներ Խոսրովիդուխտ Գողթնացին (Վահան Գողթնացու քույրը), Սահակադուխտը (շարականների համար հորինել է նաև մեղեդի)։ Հետագա դարերում հոգևոր երգը հարստացրել են Գրիգոր Մագիստրոսը, Պետրոս Գետադարձը, Հովհաննես Սարկավագը, Հովհաննես Երզնկացին և հատկապես Ներսես Շնորհալին, որի անվան հետ է կապված այդ ժանրի զարգացման վերջին ու ամենաբարձր փուլը։

VI-VIII դդ-ում վերելք է ապրել դավանաբան․ գրակ-ը, որը պայքարել է քաղկեդոնականության և բյուզ. գերիշխանության դեմ։

V դ-ում հայ մատենագրության մեծ նշանակությամբ, հետագա դարերի գրակ-յան վրա թողած ազդեցությամբ առանձնացել է պատմագրությունը կամ պատմ. արձակի ժանրը, որը, գոյատևելով հարյուրամյակներ, դարձել է հայ ժողովրդի գեղարվեստական տարեգրությունը։ Ժանրի գլխավոր յուրահատկությունները հստակորեն ձևավորվել են սկզբնավորման ու զարգացման փուլերում (V դ-ի 2-րդ կես) և տարբեր դրսևորումներով պահպանվել հետագա դարերում։ V դ-ի պատմագրությունն արժեքավոր պատմ. սկզբնաղբյուր է։ Այն գրված է հռետոր․ բարձր արվ-ով և օժտված է գեղարվեստական գրակ-յանը բնորոշ մի շարք առանձնահատկություններով (պատմ. անձերի անհատականացում-տիպականացում, քնար․ շնչով հագեցած գեղեցիկ պատկերներ, գործողությունների արտահայտիչ նկարագրություններ, կենդանի երկխոսություններ, պատկերավոր լեզու և ոճ)։ V դ-ի պատմագրության կարևոր յուրահատկություններից է նաև նրա կապը ժողովրդական բանահյուսության հետ, որ ցայտուն կերպով դրսևորվել է Ագաթաnգեղոսի և հատկապես Մովսես Խորենացու ու Փավստոս Բուզանդի երկերում։

Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոց» մատյանն ընդգրկում է 226-330-ի իրադարձությունները։ Քրիստոնեության մեծարման, Հայ առաքել․ եկեղեցու իրավունքների հաստատման նպատակով պատմիչն իրական փաստերի շարադրանքին միահյուսել է վարքագր-վկայաբան. պատմություններ, հրաշքներ, տեսիլքներ, ժողովրդական զրույցներ ու ավանդություններ։

Հայ ժողովրդի բախտորոշ իրադարձության՝ ազգային գրերի ստեղծան պատմությանն է նվիրված Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից Կորյունի «Վարք Մաշտոցի» մատյանը, որը գրերի գյուտի պատմության և Մաշտոցի կենսագրության հիմն․ ու ամենահավաստի սզբնաղբյուրն է։ «Վարք»-ն աչքի է ընկնում ոճի հղկվածությամբ և պատկերավորությամբ։

V դ-ի պատմագրության գեղարվեստական արժանիքներն առավել ցայտունորեն դրսևորվել են Եղիշեի «Վասն Վարդանայ եւ հայոց պատերազմին» երկում, որը բացառիկ դեր է կատարել ինչպես պատմ. արձակի ժանրի ձևավորման, այնպես էլ առհասարակ ազգային գեղարվեստական գրակ-յան զարգացման մեջ։ Երկը նվիրված է Սասանյան Պարսկաստանի բռնապետության դեմ 451-ի ժողովրդական ազատագր. ապստամբությանը, որը պատմության մեջ հայտնի է «Վարդանանց պատերազմ» անունով։ Մատյանն ականատեսի գրած պատմ. սկզբնաղբյուր է՝ իրադարձությունների հիմնավոր ու տրամաբան․ պատճառաբանվածությամբ, գեղարվեստական բարձր արվ-ով և հայրենասիր. վիթխարի պաթոսով։

Յուրատիպ ստեղծագործություն է Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց»-ը, որը գրվել է պարսից տիրապետության դեմ երկրորդ ապստամբության (481-484) նախօրյակին և հայտնի է նաև «Վահանանց պատերազմ» անունով։ «Պատմութիւնն» ընդգրկում է IV դ-ի 30-80-ական թթ-ի իրադարձությունները, արժեքավոր տեղեկություններ է պարունակում երկրի ներքին կյանքի, սոցիալ-տնտեսական հարաբերությունների, հասարակական տարբեր դասերի փոխհարաբերությունների, ինչպես նաև հայ-պարսկ., հայ-բյուզ., պարսկա-բյուզ. հակասությունների մասին։

V դ-ի մատենագրության խոշորագույն դեմքը Մովսես Խորենացին է, որի վաստակի արժանի գնահատականը նրան շնորհված Պատմահայր, Քերթողահայր պատվանուններն են։ Նա Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտներից է։ Խորենացին «Պատմութիւն Հայոց» մատյանում, առաջինը հայ պատմագրության մեջ, ստեղծել է Հայոց ամբողջ․ պատմությունը՝ նախապատմ. ժամանակներից մինչև V դ. (428)։ Երկն առանձնանում է պատմագիտական մտքի խորությամբ ու հստակ սկզբունքներով, պատմ. եղելությունների տրամաբան. մեկնաբանություններով, կուռ կառուցվածքով, գեղարվեստական արժանիքներով։