Էջ:Armenia Encyclopedia.djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրվագները («Հրազդան», «Ողբամ զքեզ, Հայո՛ց աշխարհ», «Պլպուլն Աւարայրի», «Կարմիր Վարդան», «Աբգար Դպիր» և «Յուշիկք հայրենեաց հայոց», հ.1-2, 1869-70)։ Գրել է նաև գիտական, բանագիտական, պատմաաշխարհագր., բանասիր., կրոնափիլ. աշխատություններ («Քաղաքական աշխարհագրութիւն...», 1853, «Տեղեկագիր Հայոց Մեծաց», 1855, «Նշմարք Հայկականք», 1870, «Շիրակ», 1881, «Սիսուան», 1885, «Այրարատ», 1890, «Սիսական», 1893, «Հայ-Բուսակ կամ Հայկական բուսաբառութիւն», 1895, ևն)։

Դարաշրջանի հոգևոր արժեքների, ռոմանտիկ. աշխարհընկալման ընդհանրացումը Խ. Աբովյանի հարուստ գրական ու գիտական ժառանգությունն է։ Գրաբար և աշխարհաբար բանաստեղծություններում («Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց», «Սրբաճեմ ոտից Տեառն գթութեանց», «Զգացմունք ցաւալի սրտիս...», «Զի՞նչ այս դառն հարուած...», «Գարուն» ևն) անդրադարձել է անհատի և հայրենիքի ճակատագրերին, երազանքի և աններդաշնակ իրականության հակադրություններին։ Աբովյանը մտորել է գեղարվեստական գրակ-ը համապատասխանեցնելու նոր ժամանակների պահանջներին, աշխարհաբարը ժողովրդին հասկանալի գրակ-յան լեզու դարձնելու մասին։ Հայ գրակ-յան պատմության մեջ շրջադարձային էր «Վերք Հայաստանի» (1841, հրտ.՝ 1858) պատմավեպը, որը նորություն էր լեզվով, ոճով, կերպարներով, արծարծած գաղափարներով։ Վեպում պատկերված են հայ ժողովրդի վիճակը Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության տակ, հայության ազատագր. կռիվները և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Աբովյանը ցույց է տվել հայ ժողովրդի պատմ. ճակատագրի ողբերգությունը, հայրենիքի վերածնության հույսը կապել ազգային համախմբման, կրթության և լուսավորության հետ։

1850-60-ական թթ-ին հայ գրակ-ը թևակոխել է նոր շրջան։ Բուրժուականացող հասարակության ներազգային կյանքում ստեղծվել են սոցիալ-տնտեսական, մշակութային, բարեգործ. հաստատություններ, որոնք գործն. ուղղություն են տվել մտավոր. շարժմանը։ Վերացել է գաղափարական միօրինակությունը, որը բնորոշ էր զարթոնքի շրջանի լուսավորիչներին։ Հասարակական միտքը բանավիճել է հնի ու նորի, ազգի, եկեղեցու, դպրոցի, լեզվի, գրական արմատ. փոփոխությունների և այլ հարցերի շուրջ։ Գաղափարական պայքարի կիզակետում են եղել հասարակական մտքի 3 ուղղությունները՝ իրենց պաշտոնաթերթերով՝ եկեղեց. («Մասյաց աղավնի», «Ճռաքաղ», «Երևակ»), ազգ-պահպանող. («Կռունկ Հայոց աշխարհին», «Մեղու Հայաստանի», «Մասիս») և ազատամտական («Հյուսիսափայլ», «Մեղու», «Արևելք»)։ Հայ հասարակության միտքը դարաշրջանի առաջադեմ գաղափարներով ուղեգծելու պատմ. առաքելությամբ ասպարեզ է եկել եվրոպ. համալսարաններում կրթված աշխարհիկ մտավորականների նոր սերունդ [Ստեփանոս Նազարյան, Միքայել Նալբանդյան, Նիկողայոս Զորայան, Նահապետ Ռուսինյան, Գրիգոր Օտյան, Ստեփան Ոսկանյան (Ստեփան Ոսկան), Հարություն Սվաճյան և ուրիշներ]։

Օրախնդիր է դարձել գրապայքարը, որն ավարտվել է աշխարհաբարի հաղթանակով։ Զուգահեռաբար ձևավորվել են հայ գրակ-յան արևելահայ և արևմտահայ հատվածները։ Հասարակական մտքի ընդհանուր վերելքը որոշակի նախադրյալներ է ստեղծել ազգային գրակ-յան զարգացման համար։ Գրակ-յան զարգացումը խթանել է գրականագիտության և քննադատության ձևավորումը՝ որպես ինքնուրույն բնագավառ։ Բարձրացել է գրակ-յան դերն ազգի հոգևոր կյանքի կազմակերպման գործում։

Հայ գրակ-յան պատմաբանները և քննադատները (Հովսեփ Գաթըրճյան, Ստեփան Պալասանյան, Ստեփանոս Նազարյան, Միքայել Նալբանդյան և ուրիշներ) ընդհանրացրել են ազգային գրակ-յան փորձն ու զարգացման օրինաչափությունները, լուսաբանել ընթացիկ գրական շարժման հիմն. միտումները։ Առաջադրելով գրակ-յան ազգային ինքնատիպության պահանջը՝ քննադատությունը ելակետ է ունեցել գրակ-յան և պատմության նույնականության գեղագիտական սկզբունքը։ «Բանաստեղծությունը նույնպիսի ճշգրիտ հիշատակարան է, ինչպես պատմությունը»,- գրել է Մ. Նալբանդյանը։

Ազգային գրակ-յան ձևավորման ընթացքն ուղեկցվել է համաշխ. գեղարվեստական փորձի յուրացմամբ։ Եվրոպ. և ռուս. գրակ-ները դարձել են ժողովրդի հոգևոր ու բարոյական զարգացման կարևորագույն միջոցներից, որոնք էլ խթանել են թարգմանչ. աշխատանքները։ Հայերեն լույս են