Էջ:Armenia Encyclopedia.djvu/618

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժանրը, որը գեղագիտական կատարելության է հասել Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունում։ «Խղճմտանքի ձայներ» (1909), «Կեանքը ինչպես որ է», «Լուռ ցաւեր» (երկուսն էլ՝ 1911) նովելների ժող-ների հերոսները նյութապաշտ հասարակության գռեհիկ և կոպիտ բարքերի զոհերն են։ Նովելներում Զոհրապը բացահայտել է մարդկային ողբերգության սոցիալական ակունքները («Ճիտին պարտքը», «Մագթաղինեն», «Այրին», «Փոստալը»), սիրո թեման քննել մարդկային երջանկության, բարոյական բարձր արժեքների լույսի ներքո («Այինկա», «Ռեհան», «Առջի սեր, առջի բարի», «Զաբուղոն», «Ճեյրան»)։

Նար-Դոսի առաջին շրջանի վեպերում և վիպակներում ընտանիքի ու բարոյականության թեման է («Ճշմարիտ բարեկամ», 1886, «Քնքուշ լարեր», 1887, «Զազունեան», 1890)։ «Աննա Սարոյեան» (1888) և «Սպանուած աղաւնի» (1898) վեպերում հասարակությունից օտարված անհատն է, հոռետեսությամբ համակված նրա անհեռանկար դեգերումներն անտարբեր աշխարհում։ «Պայքար» (1911) վեպում Նար-Դոսը ներկայացրել է պահպանող. և ազատամտական հոսանքների բախումը։ «Մահը» (1912) վեպը հայ ռեալիստ. գրակ-յան լավագույն գործերից է, որտեղ գրողը ժողովրդի համար իր կյանքը նվիրաբերող իդեալ. անհատին հակադրել է հոռետես. հայացքներ որդեգրած, «առանց դավանանքի» մարդուն, նրա անկումը։ «Մեր թաղը» պատմվածաշարում Նար-Դոսը պատկերել է քաղաքի խուլ թաղամասում մեկուսացած արհեստավորական խավերի թշվառ վիճակը, կյանքի ընթացքից օտարված մարդկանց։ Հայ քննադատական ռեալիզմի մեջ Նար-Դոսը խորացրել է «հոգեբանական ուղղությունը»։

Հայկական ռեալիզմի հիմնավորմանն ու զարգացմանը նպաստել են Շիրվանզադեի վեպերն ու բազմաթիվ գրաքննադատական հոդվածները։ Նրա «Նամուս» (1888), «Չար ոգի» (1894) վեպերում գավառ. քաղաքի բարքերն են, հնի ու նորի բախումը, մարդկային ճակատագրի ողբերգական հետևանքները։ «Օրիորդ Լիգա» (1885), «Մելանիա» (1889) վիպակներում, «Իշխանուհի» (1891), «Եվգինէ» (1901), «Ունէ՞ր իրաւունք» (1902) և «Արմենուհի» (1909) դրամաներում գրողն անդրադարձել է ընտանիքի ու բարոյականության, կնոջ ազատության հարցերին։ Ի հակադրություն պարտականության բարոյական օրենքի՝ Շիրվանզադեն կնոջ ազատությունն առնչել է անհատի ինքնակամ դրսևորումներին, մերժել է ավանդ. հնամենի նախապաշարումներն ու կենցաղավարությունը։ «Գործակատարի յիշատակարանից» (1883) և «Վարդան Ահրումեան» (1902) վիպակներում, «Զուր յոյսեր» (1890) և «Արսեն Դիմաքսեան» (1893) վեպերում, «Պատուի համար» (1904) դրամայում քննադատել է նյութապաշտ հասարակությունը։ Շիրվանզադեի ստեղծագործության ընդհանրացումը «Քաոս» (1898) վեպն է, որտեղ գրողը ներկայացրել է բուրժ. հասարակության տարբեր խավերը, նրանց բարոյական արժեքների անկումը և ստեղծել սոցիալ-հոգեբ. սուր բախումների տեսարաններ։

XIX դ-ի 2-րդ կեսի հայ գրակ-ը բացառիկ նշանակություն է ունեցել ժողովրդի հոգևոր զարգացման համար, յուրացնելով ռոմանտիզմի և ռեալիզմի գեղարվեստական փորձը՝ աննախընթաց բարձրության են հասել պոեզիան, արձակը, դրամատուրգիան։

Հայ գրակ-յան պատմության մեջ կարևորվում ու առանձնանում են XIX դ-ի վերջի և XX դ-ի սկզբի տասնամյակները։ Իրենց ստեղծագործ. ուղին շարունակում էին Ղ. Աղայանը, Պ. Պռոշյանը, Վ. Փափազյանը, Շիրվանզանդեն, Նար-Դոսը, Գ. Զոհրապը, Մուրացանը և ուրիշներ։

Արևմտահայ գրակ-յան մեջ ռեալիստ. ուղղությանն են հետևել Առանձարը՝ իր երգիծ. պատմվածքներով («Վշտի ծիծաղ», 1905), Ռուբեն Զարդարյանը՝ գավառի կյանքը պատկերող պատմվածքներով ու քնար. արձակով («Ցայգալոյս», 1910) , Տիգրան Չյոկյուրյանը՝ «Վանքը» (1914) հոգեբ. վեպով, Երուխանը՝ 1891-96-ին տպագրած պատմվածքներով և նովելներով («Պապուկը», «Լուացարարուհին», «Կաղընդչէք», «Արեան ուժը»)։ Արևմտահայ իրականության արհավիրքներն ու ազատագր. պայքարն են ներկայացրել Սմբատ Բյուրատը («Ազատութեան համար։ Զէյթունի վրէժը», «Արիւնի ճամբուն վրայ», երկուսն էլ՝ 1911) , Ավետիս Ահարոնյանը («Արցունքի հովիտ», 1902, «Լռութիւն», 1904, «Իմ բանտը», 1911, «Պարտուածներ», 1912), Միսաք Գոչունյանը («Կրակին մէջէն», 1908, «Կարապետը», 1910)։