Էջ:Armenia Encyclopedia.djvu/622

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

5. 1971-85 թթ.՝ գրական արժեքների շարունակության, նոր միտումների ձևավորման, նաև լճացման ու չափանիշների անկման,

6. 1985-90 թթ.՝ վերակառուցման և հրապարակայնության,

7. 1991-2011 թթ.՝ անկախության տարիներ։

Այս շրջափուլերը հաջորդել են միմյանց ներքին զարգացման անընդմեջ շղթայով ու փոխկապակցվածությամբ։

1918-ին հայկական պետականության վերականգնմամբ սկիզբ է դրվել պատմամշակութային նոր ժամանակաշրջանի։ Հանրապետության հանրային կրթության ու արվ-ի նախարար Նիկոլ Աղբալյանի ղեկավարությամբ հիմնվել է Հայ գրական ընկերությունը, կազմակերպվել են գրական և մշակութային միջոցառումներ, տպագրվել են գրքեր։ Առաջին հանրապետության անկման պատճառով շատ ծրագրեր չեն իրականացվել։

ՀԽՍՀ-ի կազմավորման առաջին իսկ տարիներին՝ 1920-30-ական թթ-ին, նշվել են գրակ-յան գեղարվեստական զարգացման ուղիները։ Բանավեճերի ընթացքում ճշգրտվել են և մշակվել գաղափարագիտական սկզբունքները։ Ավագ գրողներից ոմանք կա՛մ հեռացել էին ասպարեզից, կա՛մ արտասահմանում էին (Հովհաննես Հովհաննիսյան, Նար-Դոս, Ավետիք Իսահակյան, Շիրվանզադե), 1915-ի Մեծ եղեռնի զոհ էին դարձել Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը և ուր., կյանքից անժամանակ հեռացել էին Հովհաննես Թումանյանն ու Վահան Տերյանը։

Հայ գրակ-յան պատմության այս շրջափուլն սկզբնավորվել է տնտեսական քայքայման, բարոյական հուսալքման և հոգևոր ամայության պայմաններում։

1922-ին Եղիշե Չարենցը, Ազատ Վշտունու և Գևորգ Աբովի հետ, հետևելով համաշխ. և ռուս. գրական զարգացման ընդհանուր օրինաչափություններին, «Խորհրդային Հայաստան» օրաթերթում հրապարակել է «Երեքի» դեկլարացիան (հռչակագիր)։ Պրոլետկուլտականների և ապագայապաշտների նման նա մերժել է անցյալի գեղարվեստական ժառանգությունը։ Հռչակագիրը թեև ունեցել է լուրջ թերություններ, սակայն մեծ դեր է կատարել՝ որպես գրական նոր շարժում սկզբնավորելու և ցաքուցրիվ ուժերը համախմբելու ուղեցույց-ծրագիր։

Այս շարժման ամենաբնութագրական հատկանիշները բովանդակությամբ ու ձևով նոր խոսք ասելու ցանկությունն էր, գեղարվեստական նոր լեզվամտածողություն արմատավորելու պահանջը, գրական զարգացման մեթոդ, նոր ուղիների որոնումը։ Այդ նպատակով նրանք նախ արմատապես ժխտել են դաս. ավանդույթները, «արդիականության նավից» դուրս նետել անցյալի մեծություններին և հետո միայն, գիտակցելով իրենց սխալը, վերադարձել գրակ-յան ազգային ավանդույթներին ու դաս. օրինաչափություններին։

Նույն տարիներին ստեղծվել են այդպիսի գեղագիտական ծրագրեր, ինչպես օր.՝ Հայաստանի պրոլետ. գրողների, Չարենցի և նրա համախոհների մշակած “Standard”, «Նոյեմբեր» միության և «Երեքի» հրատարակած գրական «Բյուլետեն»-ները։

1920-ական թթ-ին հանրապետությունում գործել են Հայ գրական ընկերությունը, «Երեքի» խմբակցությունը, Հայաստանի պրոլետ. գրողների ասոցիացիան, «Նոյեմբեր», Հայ գեղարվեստական գրակ-յան աշխատավորների, Հայաստանի աշխատավոր. գրողների (ուղեկիցներ) միությունները։ 1920-30-ական թթ-ին կազմավորվել են գրական հիմն. ուժերը՝ անընդմեջ բանավեճերի ընթացքում ճշգրտելով գեղարվեստական զարգացման հիմն. ուղեգծերը և մշակելով գաղ-գեղագիտական ուղենիշային սկզբունքներ։

ՀամԿ(բ)Կ կենտկոմի 1932-ի ապրիլի 23-ի որոշումով կազմավորվել է ԽՍՀՄ, իսկ նույն թվականի ՀԿ(բ)Կ կենտկոմի մայիսի 9-ի որոշումով՝ Հայաստանի գրողների միությունը (ՀԳՄ), որը գործում է ցայսօր։

ՀԳՄ նախագահներ են եղել Դրաստամատ Տեր-Սիմոնյանը (1934-36), Ավետիք Իսահակյանը (1946-57), Էդվարդ Թոփչյանը (1957-75), Վարդգես Պետրոսյանը (1976-88), Հրաչյա Հովհաննիսյանը (1988-1990), Վահագն Դավթյանը (1990-94), Ռազմիկ Դավոյանը (1994-1996), Հրանտ Մաթևոսյանը (1996-2001), 2001-ից գրող, հրապարակախոս, թարգմանիչ Լևոն Անանյանն է։

1934-ին գումարվել են ՀԽՍՀ և ԽՍՀՄ գրողների հիմնադիր համագումարները։ Հայաստանից Մոսկվա մեկնած պատվիրակներից ելույթ են ունեցել Շիրվանզադեն, Ե. Չարենցը, Ակսել Բակունցը, Դերենիկ Դեմիրճյանը, Զապել Եսայանը,