Էջ:Armenia Encyclopedia.djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապրումներով ու խոհերով, ժամանակների կապն ու իր արյան ծագումնաբանությունն ի մի բերող հիշողությամբ։ Լայն ընդգրկումով ծավալվել է հայրեներգությունը, դարի ու անհատի երկխոսությունը։

Ժամանակակից կյանքի և մարդու համակողմանիորեն պատկերման հետ մեկտեղ նոր հիմքերի վրա է դրվել գրողի քաղաքաց. պարտքի գիտակցումը, խոսքի հանրային ուղղվածությունը։ Այս բոլորը խարսխվել է իրական կյանքի և ժողովրդի պատմ. ճակատագրի հետ։ Խնդիր է դրվել ժամանակի հանրային-քաղաքաց. կյանքը բացահայտել սոցիալ., հոգեբ. ու բարոյական շերտերի ընդգրկումով և խորությամբ։ Մամուլում («Գրական թերթ», 1965) ծավալվել են բանավեճեր, գրվել են հոդվածներ ավանդականի ու նորարարականի, ազգային ու համաշխ. գրակ-ների փորձի, անձնականի ու անանձնականի խնդիրների շուրջ (Սուրեն Աղաբաբյան, «Ժամանակը և պոեզիան», Վ. Դավթյան, «Ժամանակակից պոեզիան և «ռեալիզմի նախահիմքերը»», Պ. Սևակ, «Հանուն և ընդդեմ «ռեալիզմի նախահիմքեր»-ի»)։

Գեղ. արձակը նույնպես վերաթարմացման միտումներ է ի հայտ բերել։ Իրենց գրական գործունեությունը շարունակել են Դ. Դեմիրճյանը, Ս. Զորյանը, Մ. Արազին, Լեռ Կամսարը, Ս. Խանզադյանը, Վ. Խեչումյանը, Հովհաննես Ղուկասյանը, Ա. Ավագյանը և ուր.։ 1960-ական թթ-ին ասպարեզ է իջել նոր սերունդ (Հրանտ Մաթևոսյան, Վարդգես Պետրոսյան, Մուշեղ Գալշոյան, Պերճ Զեյթունցյան և ուր.), որն առաջացրել է նոր խնդիրներ և նոր չափանիշներ։ Հրատարակվել են Ս. Զորյանի «Վարազդատ» (1967), Մ. Արազու «Իսրայել Օրի» (գիրք 1-3, 1959-64) պատմավեպերը, Լեռ Կամսարի «Գրաբար մարդիկ» (1959) և «Մարդը տանու շորերով» (1965) երգիծ. մանրապատումների գրքերը, Ն. Զարյանի «Արև և ստվեր» (1957) և «Սպասում եմ քեզ» (1968) բանաստեղծությունների ժող-ները, «Արտավազդ և Կլեոպատրա» (1969) դիցապատմ. ողբերգությունը, Գ. Մահարու «Հնձաններ» (1958), «Լռության ձայնը» (1962) գրքերը, «Այրվող այգեստաններ» (1966) վեպը և «Ծաղկած փշալարեր» (1971-72) վիպակը, Մ. Արմենի «Ժիրայր Գլենց» (1967) վեպը։ Այդ ժամանակաշրջանում հատկապես մեծ ժողովրդականություն են ձեռք բերել Հ. Շիրազը, Պ. Սևակը, Հ. Սահյանը։

Հավատարիմ մնալով հայ դաս. գրակ-յան ավանդույթներին՝ Հ. Շիրազը շարունակել է հայ ժողովրդի պատմ. ճակատագրի, փիլ. մտորումների, համամարդկային խոհերի, բնության և մոր պանծացման տրամադրությունները («Քնար Հայաստանի», հ. 1-3, 1958-74, «Հուշարձան մայրիկիս», 1968, ժող-ներ, «Հայոց դանթեականը», 1965, պոեմ)։ Պ. Սևակի ստեղծագործության մեջ դրամատիկ. հարուստ ներաշխարհով իրական մարդն է՝ պատմ. հիշողությամբ, ժամանակի հանդեպ ունեցած պատասխանատվությամբ, սիրով ու տագնապներով, այն ամենով, ինչով ապրում է ժամանակակից անհատը («Նորից քեզ հետ», 1957, «Մարդը ափի մեջ», 1963, «Եղիցի լույս», 1969-71, ժող-ներ)։ Պ. Սևակը խորապես իմաստավորել է և՛ պատմությունն ու հայ ժողովրդի անցյալը («Անլռելի զանգակատուն», 1958, «Եվ այր մի՝ Մաշտոց անուն», 1962, «Եռաձայն պատարագ», 1969), և՛ ժամանակակից կյանքը («Ուշացած իմ սեր», 1952-53, հրտ.՝ 1963, «Երգ երգոց», 1957-60, հրտ.՝ 1963, «Նահանջ երգով», 1961, հրտ.՝ 1963, պոեմներ)։

Հ. Սահյանը գեղարվեստական մտածողության նորարար. շունչն արտացոլել է ավանդ. և բնաշխարհի երանգների մեջ («Մայրամուտից առաջ», 1964, «Քարափների երգը», 1968, ժող-ներ)։

Հայ դաս. գրակ-յան կենսունակ ավանդույթներով և նորարար. ստեղծագործություններով հանդես են եկել այդ սերնդի նաև մյուս բանաստեղծները՝ Գ. Էմինը («Որոնումներ», 1955, «Երկու ճամփա», 1962, «XX դար», 1970), Ս. Կապուտիկյանը («Սրտաբաց զրույց», 1955, «Մտորումներ ճանապարհի կեսին»,