Էջ:Armenia Encyclopedia.djvu/632

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(1872-76), «Փարոս Հայաստանի» (1879-1881), Մկրտիչ Բարխուդարյանի «Հանդես գրական և պատմական» (1888-96), Նոր Նախիջևանում՝ «Նոր կյանք» (1906-07), «Մեր ձայնը» (1907-09), Աստրախանում՝ «Մեր կյանքը» (1910-12), և այլ պարբ-ներ, որոնք իրենց շուրջն են համախմբել հայ գրողներին և էականորեն նպաստել հայ գրակ-յան առաջընթացին։

1854-ին Մոսկվայում ստեղծվել է «Գամառ-Քաթիպա» գրական, 1908-ին Աստրախանում՝ Հայ գրակ-յան և արվ-ի սիրողների ընկերությունները, որոնք զգալիորեն նպաստել են հայ գրակ-յան զարգացմանը։ Նոր Նախիջևանում են գրական առաջին քայլերն արել Մ. Նալբանդյանը, Ռ. Պատկանյանը և ուր., լուսավոր-մշակութային բեղուն գործունեություն են ծավալել Հարություն Ալամդարյանը, Սերովբե, Գաբրիել և Ռափայել Պատկանյանները, Գրիգոր Չալխուշյանը և ուր.։

XIX դ-ի վերջին թարգմանություններով հանդես են եկել Քերովբե Պատկանյանը, Կարապետ Եգյանը, Պետրոս Շանշյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ստեփան Մալխասյանցը, Հարություն Թումանյանը և ուր.։ Որոշ ժամանակ Ռուսաստանում են ապրել ու ստեղծագործել Ալեքսանդր Ծատուրյանը, Վահան Տերյանը, Պողոս Մակինցյանը, Եղիշե Չարենցը և ուր.։

XIX դ-ի վերջին-XX դ-ի սկզբին մեծացել է ռուս հասարակայնության հետաքրքրությունը հայ գրակ-յան նկատմամբ։ Այդ ասպարեզում մեծ ավանդ ունեն Յուրի Վեսելովսկին, որի ջանքերով 1894-ին ռուս. լույս է տեսել «Հայ արձակագիրներ» ժող-ի 1-ին հատորը (2-րդը գրաքննությունն այրել է), 1906-ին՝ «Հայկական քնար» անթոլոգիան, Վալերի Բրյուսովը, որը 1916-ին՝ հայ ժողովրդի համար ողբերգական ժամանակաշրջանում, հրատարակել է «Հայաստանի պոեզիան...» անթոլոգիան, Մաքսիմ Գորկին, որի խմբագրությամբ լույս է տեսել «Հայ գրականության ժողովածուն»։

Ռուսաստանում են ապրել և ռուս. ստեղծագործել Աննա Աբամելիք-Լազարևան, Դմիտրի Ախշարումովը, Նորա Ադամյանը, Ալեքսանդր Վերմիշևը, Գրիգորի Վերմիշևը, Լյուսյա Արգուտինսկայան, Նիկոլայ Ատարովը, Էդուարդ Ասադովը, Աշոտ Գառնակերյանը և ուր.։ Ռուս գրակ-յան պատմության մեջ առանձնանում է Մարիետա Շահինյանի գրական վաստակը։ 1922-ին և 1927-ին նա եղել է Հայաստանում. Մոսկվա վերադառնալով՝ գրել է «Սովետական Հայաստան» (1923) գիրքը, «Հիդրոցենտրալ» (1930-31) վեպը։ Թարգմանել է հայ բանաստեղծների ստեղծագործություններից, քննադատական հոդվածներով անդրադարձել հայ գրողների գործերին։

Այսօր էլ կան ռուսագիր հայ գրողներ, որոնք համախմբված են «Նոյյան տապան» («Նոյև կովչեգ», հրտ.՝ 1997-2000-ին Քիշնևում, 2000-ից՝ Մոսկվայում) ամսագրի շուրջ։

Վրաստանում ստեղծագործող բազմաթիվ հայ մտավորականներ ակտիվորեն մասնակցել են երկրի հոգևոր կյանքի տարբեր ճյուղերի սկզբնավորմանն ու զարգացմանը։ Վրաց. գրակ-յան պատմության մեջ նշանակալի ավանդ ունեն աշուղ Սայաթ-Նովան, դրամատուրգ, ռեժիսոր Զուրաբ Անտոնովը, որը վրաց. դրամատուրգիայի հիմնադիրն է, բանաստեղծ, հասարակական և թատեր. գործիչ Միխայիլ Թումանովը, հրապարակախոս Գևորգ Թումանովը և ուր.։

XIX դ-ի վերջին-XX դ-ի սկզբին արևելահայ գրական կյանքը հիմնականում կենտրոնացած էր Թիֆլիսում։ Այստեղ են ստեղծագործել Գաբրիել Սունդուկյանը, Ղազարոս Աղայանը, Րաֆֆին, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Նար-Դոսը, Դերենիկ Դեմիրճյանը, Ծերենցը, Մուրացանը, Պերճ Պռոշյանը, Ջիվանին, Վրթանես Փափազյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Շիրվանզադեն, Լևոն Շանթը և ուր.։

1899-ին Թիֆլիսում կազմակերպվել է «Վերնատուն» գրական խմբակը, որը որոշ