Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/637

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տպարանում (փակվել է 1717-ին) տպագրվել են Ղուկաս Վանանդեցու մի քանի գիտական գրքեր, դպրոց․ դասագրքեր, օդերևութաբանության և բնության այլ երևույթների վերաբերյալ գրքեր և այլն։

1686-ին Վենետիկում Ոսկան Երևանցու աշակերտ Թադեոս Համազասպյանը վաճառական Գասպար Սահրադյանի հովանավորությամբ հիմնադրել է տպարան և 1688-ին լույս ընծայել պատկերազարդ մեծ ճաշոց (1222 էջ)։ 1687-ին վաճառական Նահապետ Գուլնազարի Վենետիկի տանը կահավորված տպարանում լույս է տեսել Հովհաննես Հոլով Կոստանդնուպոլսեցու «Պարզաբանութիւն հոգենուագ սաղմոսացն» աշխատությունը՝ աշխարհաբար 2-րդ գիրքը։ Հովհաննես Հոլովը հայ հնատիպ գրքի 300-ամյա պատմության ընթացքում միակ գիտնականն էր, որ կենդանության օրոք հրատարակել է իր հեղինակած կամ թարգմանած ավելի քան 15 անուն գիրք։

XVII դ-ում տպագրվել է 157 անուն հայերեն գիրք։

XVIII դ-ում հայկական տպագրությունը նկատելի վերելք է ապրել։ Դարասկզբին հրատարակչական բուռն գործունեություն է ծավալել Մխիթարյան միաբանությունը՝ Վենետիկում և Վիեննայում։ Սկզբն. շրջանում սեփական տպարան չունենալու պատճառով Մխիթարյաններն իրենց գրքերը տպագրել են Վենետիկի իտալացիների և հույների տպարաններում, որտեղ աշխատում էին նաև հայ գրաշարներ։ Սխիթարյան հրատ-ներից հիշարժան են Մխիթար Սեբաստացու «Դուռն քերականութեան աշխարհաբառ լեզուին հայոց»-ը (1727), որ արևմտահայ-ի առաջին քերականությունն է, «Բառգիրք հայկազեան լեզուի»-ի 1-ին հատորը (1749), Աստվածաշունչ (1733), Միքայել Չամչյանի «Պատմութիւն Հայոց»-ը (1784-86) և այլն։ 1789-ին նրանք Սբ Ղազարում հիմնադրել են տպարան և առավել զարգացրել իրենց գրահրատարակչական աշխատանքը։

Մխիթարյանների մյուս ճյուղը, որ առանձնացել էր 1772-ին, Իտալիայի Տրիեստ քաղաքում 1776-ին հիմնադրել է տպարան և 35 տարվա ընթացքում (մինչև Վիեննա տեղափոխվելը) լույս ընծայել շուրջ 70 անուն գիրք (որոնցից 25-ը՝ հայատառ թուրք.՝ թուրքախոս հայերի համար)։

XVIII դ-ում հայ նոր տպագրաօջախներ են ստեղծվել Լոնդոնում (1736), Էջմիածնում (1771), Մադրասում (1772), Ս. Պետերբուրգում (1781), Նոր Նախիջևանում (1790), Աստրախանում (1796), Կալկաթայում (1796) և այլն։ XVIII դ-ում տպագրվել է ավելի քան 920 անուն գիրք։

XVII դ-ի վերջերից հայկական տպագրության գլխավոր կենտրոնն է դարձել Կ. Պոլիսը։ Մինչև XIX դ-ի վերջն այստեղ տպագրվել է շուրջ 350 անուն գիրք (Վենետիկը երկրորդ տեղում էր՝ շուրջ 260 անուն)։

1677-78-ին Կ. Պոլսի իր տպարանում 2 գիրք է հրատարակել Երեմիա Քյոմուրճյանը, իսկ XVII դ-ի վերջին այստեղ հայկական տպարաններ են հիմնադրել Գրիգոր Մարզվանեցին, Աստվածատուր Դպիր Կոստանդնուպոլսեցին (վերջինիս տպարանը գոյատևել է 150 տարի), որոնք XVIII դ-ի 1-ին կեսին դարձել են Կ. Պոլսի հայկական տպագրության գլխավոր դեմքերը։ Այդ շրջանի Կ. Պոլսի հայ տպագրիչներից էին Նարգիս Եվդոկացին, Մարտիրոս Դպիրը, Չնչին Հովհաննեսը, Սարգիս Դպիրը, Ստեփանոս Պետրոսյանը և Թուրքիայի արքունի ատենապետ Պողոս Արապյանը, որը 70 տարի աշխատել է որպես տառեր ձուլող ու տպագրիչ և հայտնի էր օսմանյան. կայսրության մեջ. ստեղծել է նաև թուրք․ տառատեսակ՝ «արապօղլու»։

Վրաց Հերակլ թագավորն Արապյանին Թիֆլիս է հրավիրել, որտեղ նա արքունի տպարան է կահավորել, պատրաստել վրաց. տառատեսակներ և 1781-83-ին տպագրել վրաց. գրքեր։ Այնտեղից Արապյանը գնացել է Էջմիածին, աջակցել Հայաստանի 1-ին տպարանի աշխատանքների կատարելագործմանը։

Կ. Պոլսում գործել են Արապյանների մի քանի տպարաններ, որոնք XVIII դ-ի վերջերից մինչև XX դ-ի կեսերը լույս են ընծայել շուրջ 150 անուն բարձրորակ տպագրությամբ հայերեն գրքեր։

XVIII դ-ում Կ. Պոլսում գործել են ավելի քան 2 տասնյակ հայկական տպարաններ, որոնք առաջինն են հրատարակել Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ստեփանոս Օրբելյանի Պատմությունները, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Տաթևացու, Սիմեոն Ջուղայեցու և ուրիշների երկերը, այբբենարաններ, օրացույցներ, տաղարաններ, քերակ-յան դասագրքեր, հոգևոր ու եկեղեց. գրքեր։

XVIII դ-ի 2-րդ կեսին հայկական տպագր. կենտրոններ են սկսել գործել նաև Հայաստանում, Հնդկաստանում, Ռուսաստանում։