Էջ:Armenia Encyclopedia.djvu/654

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երևանում, Վաղարշապատում, Շուշիում, Գորիսում և այլ բնակավայրերում կառուցվել են մանր արհեստավոր. ձեռնարկատիրություններ։

Սկզբունքորեն արդիականը և ժամանակի համար առաջադիմականը եղել է քաղաքների ու քաղաքատիպ բնակավայրերի վերակառուցումը՝ նոր հատակագծերի հիման վրա, որի շնորհիվ խառնիճաղանջ ու տարերայնորեն կառուցապատված մի քանի քաղաքներում արմատավորվել են փողոցների ուղղահայաց, կանոն. ցանցեր։ Դրան համապատասխան տեղաշարժեր են կատարվել քաղաքների կոմունալ տնտեսության բարելավման, բարեկարգման ու քաղաքատիպ ճարտ-յան ստեղծման համար։ Նոր ոճերի (գլխավորապես՝ ռուս. կլասիցիզմի, մասամբ՝ մոդեռնի) ազդեցությամբ ձևավորվել է Երևանի, Գյումրիի, Կարսի, մասամբ նաև Վաղարշապատի, Շուշիի ճարտ. նոր դիմագիծը՝ պահպանելով տեղ. ազգ. գծերը՝ մասնավորապես ժողովրդական բնակելի տներում, պաշտամունքային, նաև քաղաքաց. շենքերում։

Կարսը 1877-ին ռուս. զորքերի գրավումից հետո աչքի է ընկել զարգացման ու քաղաքաշին. բարեփոխումևերի թափով, դարձել կարևոր ռազմ., առևտրա- արհեստավոր. և ուսումնամշակութ. կենտրոն։ Կառուցապատումը կատարվել է երբեմնի պարսպապատ հին քաղաքի սահմաններից դուրս՝ Օրթակապու (Միջին դարպաս) արվարձանի ընդարձակ տարածքում։ Ըստ 1880-ի գլխավոր հատակագծի՝ ստեղծվել է փոխուղղահայաց փողոցների ցանց։ Քաղաքի հս-արլ. մասում հաս. կենտրոնը Խուփա կոչված շուկայի հրապարակն էր։ Կառուցապատմանը զուգընթաց կատարվել են ջրամատակարարման և կոմունալ սպասարկման աշխատանքներ։ Կարուց գետի ափերին ստեղծվել են զբոսայգիներ, կառուցվել նոր կամուրջներ։

Այսրկովկասի կենտր. քաղաքների՝ Թիֆլիսի և Բաքվի, ինչպես նաև Վրաստանի (Ախալքալաք, Ախալցխա, Գորի, Թելավ, Սղնախ, Անանուր), Ադրբեջանի [Գյանջա (Գանձակ), Շամախի] հայ բնակչությունն իր անմիջական մասնակցությամբ նպաստել է բնակավայրերի ոչ միայն տնտեսական, մշակութային, այլև ճարտ-յան ու քաղաքաշինության զարգացմանը։ Թիֆլիսում ու Բաքվում են ստեղծագործել Ս. Պետերբուրգի կայսեր. գեղարվ-ի ակադ-ի և քաղաքաց. ճարտարագետների ինստ-ի սաներ Հովհաննես Քաջազնունին (1868-1937), Գաբրիել Տեր-Միքելյանը (1874-1949), Ղազարոս Սարգսյանը (1874-1962), Քրիստափոր Տեր-Սարգսյանը (1875-1917), Նիկողայոս Բաևը (1875-1949), Ֆրեյդուն Աղալյանը (1876-1943), Պողոս Զուրաբյանը (1878-1947), Վարդան Սարգսյանը (1878-1955), Դավիթ Չիսլյանը (1879-1969), և ուր։

Թիֆլիսում նրանց կառուցած շենքերից հայտնի են Մ. Արամյանցի «Մաժեստիկ» (այժմ՝ «Թբիլիսի», 1912-15, ճարտ.՝ Գ. Տեր-Միքելյան) հյուրանոցը, Ղ. Սարգսյանի նախագծերով կառուցված Զուբալովի ժողովրդական տունը (1902, այժմ՝ Կ. Մարջանաշվիլու անվ. թատրոն), Անդրկովկասյան հրամանատար. ընկերության ակումբը (1902, այժմ՝ Կենտրոնական հանրախանութ), Ա. Մանթաշյանի առևտր. դպրոցը (1911) և մենատունը (1912-14)։ Բաքվում կառուցվածներից են հասարակական հավաքույթի ամառային ակումբի (1910-12, այժմ՝ ֆիլհարմոնիայի համերգային դահլիճ), Թիֆլիսի առևտր. բանկի Բաքվի բաժանմունքի (1902-03, այժմ՝ «Մանկական աշխարհ» հանրախանութ) շենքերը, Յուզբաշյանի (1900-01), Ադամյան եղբայրների (1908-09), Թաղիևների (1909-11), Սադիխովների (1909-12) շահութաբեր բնակելի տները (բոլորը՝ ճարտ.՝ Գ. Տեր-Միքելյան), Մայիլովի թատրոնը (1910, ճարտ.՝ Ն. Բաև, այժմ՝ Ախունդովի անվան օպերայի և բալետի պետական թատրոն), Սբ Թադեոս և Բարդուղիմեոս եկեղեցին (1910-11, ճարտ.՝ Հ. Քաջազնունի, այժմ գոյություն չունի)։ Ճարտ-ներ Վ. Սարգսյանի, Ֆ. Աղալյանի և ուր. նախագծերով Բաքվում կառուցվել են բազմաթիվ բնակելի, վարչահաս., ուս., առևտր., արտադր. և այլ շենքեր ու կառույցներ։

Հայ ճարտ-ները մասնագիտ. գործունեություն են ծավալել Ռուս. կայսրության Ս. Պետերբուրգ, Մոսկվա, Դոնի Ռոստով, Կամենեց-Պոդոլսկ, Վլադիկավկազ, Գրոզնի, Ղզլար, Աստրախան, Արմավիր, Կրասնոդար, Պյատիգորսկ, Կիսլովոդսկ, Լվով քաղաքներում, Ղրիմում, Մոլդովայում և այլուր։

XX դ-ի սկզբին Ս. Պետերբուրգում, Մոսկվայում, Կրատովոյում (Մոսկվայի մարզ) և Յարոսլավլում բեղմնավոր գործունեություն