Էջ:Armenia Encyclopedia.djvu/657

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոնստրուկտորներ՝ Իգոր Ծատուրյան, Գրիգոր Ազիզյան), Կառավար. 3-րդ շենքը (1990, ճարտ-ներ՝ Թելման Գևորգյան, Վարդան Հուսյան), մետրոպոլիտենի կայարանները (1972-96), գլխավոր պողոտայի շենքերը, Գյումրիում՝ օդանավակայանը (1982, ճարտ-ներ՝ Գ. Մուշեղյան, Ռուբեն Հասրաթյան, Լևոն Քրիստափորյան) ևն։

Բնակելի և հաս. շենքերի շին-յանը զուգընթաց հանրապետության քաղաքներում իրագործվել են բարեկարգման ծավալուն աշխատանքներ (Երևանում՝ Օղակաձև զբոսայգին, 1960-85, ճարտ-ներ՝ Մ. Հայրապետյան, Ս. Քյուրքչյան, Ֆենիքս Դարբինյան և ուր., Կասկադի համալիրը, 1975-2005, ճարտ-ներ՝ Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան, Ասլան Մխիթարյան, կառուցապատվում է գլխավոր պողոտան, 1971-ից, ճարտ.՝ Արմեն Զարյան)։ Լուծվել են քաղաքային երթևեկության և հետիոտն շարժման շատ խնդիրներ։ Կառուցվել են պատմ. նշանավոր դեպքերն ու դեմքերը հավերժացնող հուշարձաններ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը Ծիծեռնակաբերդում (1965-67, ճարտ-ներ՝ Ա. Թարխանյան, Սաշուր Քալաշյան), Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը (1968, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան, քանդ-ներ՝ Արա Հարությունյան, Սամվել Մանասյան, Արշամ Շահինյան), Ա. Թամանյանի արձանը (1974, քանդ.՝ Արտաշես Հովսեփյան, ճարտ.՝ Սեդա Պետրոսյան) Երևանում, «Մայր Հայաստան» հուշարձանը (1975, քանդ-ներ՝ Ա. Սարգսյան, Երեմ Վարդանյան, ճարտ.՝ Ռաֆայել Եղոյան) Գյումրիում ևն։

Աշխատանքներ են ծավալվել պատմաճարտ., այդ թվում՝ ժող. ճարտ-յան հուշարձանները պահպանելու, դրանք բնակավայրի կառուցապատման մեջ ընդգրկելու համար։ Մշակվել են Էջմիածնի, Գորիսի, Երևանի Ձորագյուղ թաղամասի և այլ պատմամշակութ. գոտիների նախագծերը (1978, 1982, նախագծային խմբերի ղեկ-ներ՝ Արտյոմ Գրիգորյան, Թելման Գևորգյան), Գյումրիում ստեղծվել է «Կումայրի» արգելոց-թանգարանը՝ վերականգնելով նաև այդ տարածքի հուշարձանները (1983-84, ճարտ-ներ՝ Ս. Քալաշյան, Սասուն Գրիգորյան, Ավետիք Միրիջանյան)։

1988-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքները, 1990-ական թթ-ի սոցիալտնտ. անբարենպաստ պայմանները բացասաբար են անդրադարձել երկրում ճարտ-շին. գործընթացի վրա։ Այդուհանդերձ, շարունակվում են երկրաշարժի հետևանքների վերացման, աղետի գոտու անօթևան բնակիչներին բնակարաններով ապահովելու, բնակավայրերի քաղաքաշին. բարեփոխման, բնակելի ֆոնդի արդիականացման աշխատանքները։ Սպիտակում տարբեր երկրների (Իտալիա, Չեխոսլովակիա, Նորվեգիա և այլն), ինչպես նաև ԽՍՀՄ մի շարք հանրապետությունների շին. կազմակերպություններ կառուցել են բնակելի թաղամասեր, դպրոցներ, առողջապահ. օբյեկտներ։ Գյումրիում կառուցվել է խոշոր բնակելի զանգված՝ 3-4-հարկանի շենքերով։ 2007-ին հիմնականում վերականգնվել է քաղաքի կենտրոնը, մայրուղիները կառուցապատվել են ուշագրավ ճակատային լուծումներով բնակելի շենքերով։

Հանրապետության խոշոր քաղաքները կառուցապատվել են առավելապես բնակելի զանգվածներով. Երևանում՝ Աջափնյակ, Նոր Նորք, Ավան-Առինջ, Հարավարևմտյան, Գյումրիում՝ Անի, Մուշ, Վանաձորում՝ Տարոն, ևն։

Երկրի անկախացումից հետո (1991-ից) իրագործվել են կարևոր քաղաքաշին.