Էջ:Armenia Encyclopedia.djvu/660

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Մ. թ. ա. IX-VII դարերի կերպարվեստը

Այդ շրջանի գեղ. մշակույթը զարգացել է Վանի համահայկ. թագավորության (Ուրարտու) ձևավորման ու հզորացման, ինչպես նաև հայկական ցեղերի տարածքային-քաղաքական համախմբման և հայ ժողովրդի կազմավորման պայմաններում։

Ուրարտ. կերպարվ-ն աչքի է ընկել մոնումենտալ որմնանկարչությամբ և քանդակագործությամբ, պաշտամունքային, մարտ., կենցաղային կիրառ. իրերի գեղազարդման արվ-ով, սեպագրերով։ Ուրարտ. որմնանկարները պրոֆեսիոնալ մոնումենտալ արվ-ի հնագույն ստեղծագործություններից են։ Միջնաբերդերում սյունազարդ բակերի, դահլիճների, հանդիսասենյակների ու տաճարների պատերը ձևավորվել են աշխարհիկ և պաշտամունքային բնույթի որմնանկարներով, կիրառվել են կապույտ, կարմիր, դեղին, կանաչ, սև ներկերը։ Որմնանկարների լավագույն նմուշներ են պահպանվել Թեյշեբաինիում (Կարմիր բլուր), Արինբերդում (Էրեբունի), Ալթընթեփեում (Երզնկայի մոտ) և Ազնավուրթեփեում (Վանա լճից հս.)։ Աշխարհիկ թեմաներով հորինվածքներում պատկերվել են պալատ. տոնակատարության, խնջույքի, հաղթարշավի, արքայական որսի, կենցաղային և այլ տեսարաններ, իսկ պաշտամունքային որմնանկարներում՝ աստվածություններ՝ առյուծի կամ ցուլի վրա կանգնած, քրմեր՝ կենաց ծառի 2 կողմում, առյուծ, ծնկած ցուլ, արևի խորհրդանշան ևն։

Մեծածավալ բոլորաքանդակի պահպանված միակ նմուշը Վանում հայտնաբերված բազալտե արձանն է, որի ստորին և վերին մասերը կոտրված են։ Մուսասիրի տաճարի գրավման մասին Ասորեստանի արքա Սարգոն II-ի արձանագրության մեջ նկարագրվում են նաև Սարդուրի, Արգիշտի և Ռուսա ուրարտ. արքաների հափշտակված բրոնզաձույլ մեծածավալ արձանները։

Մոնումենտալ քանդակագործությանը համընթաց զարգացել է նաև դեկորատիվ-կիրառ. արվ-ը։ Բարձրարվեստ նմուշներից են բրոնզաձույլ, քարակերտ, փղոսկրե բազմաթիվ կերտվածքները, դրվագված-փորագրված վահանները, սաղավարտները, բրոնզե գոտիները՝ զանազան պատկերներով, որոնք պեղվել են Հայաստանի տարբեր վայրերից։ Պահպանվել են նաև ոսկերչ. արվ-ի բազմաթիվ նմուշներ, աստվածուհու պատկերով մեդալիոն (Թոփրակկալե, Վանի մոտ), ոսկով դրվագված արծաթե կափարիչ (Կարմիր բլուր), արծաթե, բրոնզե մատանիներ, կոճակներ ևն։

Ուրարտ. կերպարվ-ը, նմանություններ ունենալով ասորեստանյան և առհասարակ Հին Արևելքի արվ-ների հետ, ոճով և կերպարներով միանգամայն ինքնուրույն է և ինքնատիպ։

Մ. թ. ա. VI-մ. թ. III դարերի կերպարվեստը

Այս փուլում շարունակվել են նախորդ շրջանի ձեռքբերումները, ստեղծվել են գեղ. տարբեր ձևավորումներով մետաղե, խեցե, ապակե իրեր, քարե սկահակներ ու կնիքներ, զարդեր, քանդակներ ևն։ Հայաստանի տարածքում հայտնաբերվել են արծաթե, պղնձե պտյակներ՝ եղնիկի, քարայծի պատկերներով, և թասեր՝ կենդ. ու բուս. պատկերներով, որոնց նմուշներից պահվում են Փարիզի, Բեռլինի, Լոնդոնի թանգարաններում։

Մ. թ. ա. III դ-ից բազմաթիվ քաղաքների առաջացումը, արհեստների ու առևտրի զարգացումը մեծապես նպաստել են հին հայկ. մշակույթի և արվ-ի զարգացմանը նոր՝ հելլենիստ. ուղիով։ Ըստ մատենագրության՝ Հին Հայաստանի ղիցարանի բազմաթիվ աստվածությունների՝ քարից, փայտից, պղնձից և այլ նյութերից պատրաստված արձաններ կամ կուռքեր են դրվել մեհյաններում, որոնք հափշտակվել կամ ոչնչացվել են քրիստոնեության ընդունումից հետո։