Էջ:Armenia Encyclopedia.djvu/661

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արձաններում հաճախ առկա է հունականի ու տեղ. ավանդույթների և ազգագր. առանձնահատկությունների համադրումը։ Լավագույն նմուշներից են Կոմմագենեում՝ Նեմրութ լեռան վրա մ. թ. ա. I դ-ում Երվանդունիների օրոք տեղադրված մոնումենտալ քանդակները։ Երևանի և Գյումրիի մերձակայքներում պեղված տղամարդու և կնոջ արձանների գլուխները (մ. թ. III դ.) վկայում են դիմաքանդակի որոշակի մակարդակի մասին։ Հունա-հռոմ. ոճի բարձրարվեստ նմուշներ են Գառնիի հեթանոս. տաճարի (I դ-ի 2-րդ կես) բարձրաքանդակներն ու հարթաքանդակները (մ. թ. 70-ական թթ.)։ Նմանատիպ քանդակազարդ շենքեր եղել են նաև Արտաշատում, Տիգրանակերտում, Վաղարշապատում և այլուր։ Գեղ. բարձրարժեք գործեր են Ծոփքի թագավորների և Արտաշիսյան արքաների (Տիգրան Բ Մեծ, Արտավազդ Բ) դիմապատկերներով պղնձե ու արծաթե դրամները։

Հին հայկ. արվ-ը ցայտուն կերպով դրսևորվել է մետաղագործության, խեցեգործության, ապակեգործության, կիրառ. այլ արվ-ների, ինչպես և մոնումենտալ գեղանկարչության մեջ։ Գեղ. մետաղագործության արժեքավոր նմուշներից են արծիվների ու եղնիկների բրոնզե ձուլածո արձանիկները (խորհրդանշում են արև և ջուր), 2 արծաթե թասերը, որոնցից մեկը, որի վրա գրված է Հայոց Բակուր Բ թագավորի անունը, զարդարված է թատեր. պատկերներով։ Արտաշատում հայտնաբերվել է ոսկե պսակ՝ տերևազարդերով, Գառնիում՝ ոսկե կրծքազարդ (85 մանր մասերով)։ Հելլենիստ. արվ-ի գործերից են նաև ոսկե ու արծաթե զանազան կախիկները, ականջօղերը, մատանիները, փորագիր պատկերներով մատանու ակերը ևն։

Գեղ. ստեղծագործության ծավալուն բնագավառ էր խեցեգործությունը։ Կավագործ վարպետներն ստեղծել են խեցե անոթներ, ջրամաններ, մատուցարաններ, թասեր, պնակներ, կավե սրվակներ, ճրագներ և նորատիպ կենդանակերպ անոթներ։ Կավանոթների մակերեսները, տարբեր գույներով ներկելուց և փայլեցնելուց բացի, նկարազարդել են հելլենիստ. արվ-ին բնորոշ երկրաչափ. ու բուս. պատկերներով։

Արվ-ի նոր ոլորտ էր նաև ապակեգործությունը։ Հայաստանում ապակի արտադրվել է դեռևս մ. թ. ա. II-I դդ-ում, բայց զարգացել է նորովի, երբ նոր թվականության սկզբներին հայտնագործվել է ապակեփչման տեխնիկան, ապակե անոթների մակերեսները հարդարվել են գծագիր, փորագիր, վերադիր զարդերով, ամրացվել ձևավոր կանթեր։ Ապակեղենին գեղ. տեսք և հմայք են հաղորդել նաև տարբեր գույներն ու երանգները։

Գեղ. ստեղծագործության մեջ կարևորվել է մոնումենտալ գեղանկարչությունը՝ որմնանկարչությամբ և խճանկարչությամբ։ Որմնանկարչության ամենահին օրինակները վերաբերում են ուրարտ. դարաշրջանին, պալատներն ու տաճարները զարդարվել են բարձրարվեստ որմնանկարներով, որտեղ պատկերված են աստվածների երթը, որսի տեսարաններ ևն։ Տարածված էին նաև եզրազարդերը։ Հելլենիստ. շրջանի որմնանկարների բազմաթիվ բեկորներ են հայտնաբերվել Արտաշատում։

Հայկ. խճանկարչության առաջին և համեմատաբար ամբողջ. նմուշը Գառնիի բաղնիքի հանդերձարանի հատակի՝ 15 երանգի քարերով նշանավոր խճանկարն է (մ. թ. III դ.), որտեղ պատկերված են ծով և առասպել. ծովային արարածներ (ձի-ձուկ, ձկնակենտավրոսներ, դելֆին, ձկներ, ձկնորսներ, ջրահարսներ ևն)։ Խճանկարի կենտրոնում՝ տղամարդու և կնոջ կիսանդրիների վերևում, գրված է. «Ոչինչ չստանալով աշխատեցինք»։ Այն սյուժեով, ոճի ու գույնի առանձնահատկություններով հայկ. հելլենիստ. շրջանի բարձրարվ. և նշանավոր ստեղծագործություններից է։Ն

Այդ ժամանակաշրջանում հայկ. կերպարվ-ը զարգացել է 2 հիմն. ուղղություններով՝ տեղական ավանդ. և հելլեն., որոնք փոխհարստացրել են միմյանց։