Էջ:Armenia Encyclopedia.djvu/662

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
IV-XVII դարեր. Որմնակարչություն և մանրանկարչություն

Միջին դարերում Հայաստանի կերպարվ-ում գերիշխել են կրոն. թեմաներն ու սյուժեները։ IV դ-ից հայկ. եկեղեցիները հարդարվել են որմնանկարներով և քանդակներով։ V դ-ից հայտնի են որմնանկարի մի քանի բեկորներ Երևանի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցուց և Քասաղի բազիլիկից։ Որմնանկարներ են հայտնաբերվել Լմբատավանքում (VI դ.), Թալինի Կաթողիկե, Արուճի, Կոշի (երեքն էլ՝ VII դ.) եկեղեցիներում։ VII դ-ում կազմավորվել են հայկ. որմնանկարչության պատկերագր. և գեղ. առանձնահատկությունները, մշակվել է ինքնատիպ տեխնիկա (հղկված քարին նախապես քսել են նրբաշերտ հիմնաներկ), որի շնորհիվ որմնանկարները պահպանվել են դարեր շարունակ։

Որմնանկարչության զարգացման հաջորդ փուլերի նմուշներից են Աղթամարի Սբ Խաչ (921), Տաթևի վանքի Սբ Պողոս-Պետրոս (930), Գնդեվանքի (930-ական թթ.), XIII-XIV դդ-ում՝ Անիի Տիգրան Հոնենցի և Բախտաղեկի եկեղեցիների, Դադիվանքի, Քոբայրի, Ախթալայի, Հաղպատի վանքերի որմնանկարները, որոնք աչքի են ընկնում հարուստ թեմատիկայով։ Հայկ. եկեղեցու Ավագ խորանում, որպես կանոն, պատկերվել է Քրիստոսը՝ փառքի մեջ, նրանից ցած՝ ըստ կարգի՝ մարգարեներ, առաքյալներ և եկեղեցու հայրեր, նկարազարդվել են նաև Հին ու Նոր կտակարանների թեմաներով։ Եզակի են Գրիգոր Լուսավորչի կյանքին վերաբերող դրվագները։ Ե՛վ VII, և՛ X դդ-ում մեծ տեղ է հատկացվել որմնազարդերին։ Ուշագրավ է Տաթևում և Աղթամարում «Վերջին դատաստանի» պատկերումը, որը հատուկ է Վասպուրականի մանրանկարչությանը։

Աշխարհի բազմաթիվ թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում պահվում են շուրջ 31 հազար հայկական ձեռագրեր (մոտ 17.260-ը՝ Մատենադարանում, 11.180-ը՝ ամբողջ. ձեռագրեր), որոնց զգալի մասը պատկերազարդ է. հիմնականում Ավետարաններ են, սակավ՝ Աստվածաշունչ, Տոնականներ, ճաշոցներ ևն։ Մագաղաթե կամ թղթե մատյաններն ստեղծվել են վանքերին կից գրչատներում։ Մեզ հասած հնագույն 4 թեմատիկ մանրանկարներ (VI-VII դդ.) կցված են «Էջմիածնի Ավետարան»-ին (989, Մատենադարան, ձեռ. N 2374), որոնք եզակի են իրենց գեղ. լեզվով, բարձր մակարդակի ինքնուրույն պատկերային մտածողությամբ. դրանք Լմբատավանքի Սբ Ստեփանոս և Արուճի եկեղեցիների որմնանկարների հետ անգնահատելի արժեք ունեն վաղքրիստ. պատկերարվ-ում։

Ամբողջ. պատկերազարդ մատյաններ պահպանվել են IX դ-ից։ Հնագույն և փայլուն նմուշը «Մլքե թագուհու Ավետարանն» է (862, Վենետիկի Մխիթարյանների մատենադարան, ձեռ. № 1144/86), որը, ինչպես և «Տրապիզոնի Ավետարանը» (Վենետիկի Մխիթարյանների մատենադարան, ձեռ. № 1400/108), «Կարսի Ավետարանը» (Երուսաղեմի Սբ Հակոբյանը վանքի մատենադարան, ձեռ. № 2556), «Մողնու Ավետարանը» (Մատենադարան, ձեռ. № 7736) նկարազարդվել են IX-XI դդ-ում։ Հայկ. մանրանկարչությունը հարուստ է ոճերի և տեղական դպրոցների, մատյաններում՝ խորանների, գլխազարդերի, լուսանցազարդերի, սկզբնաթերթերի, տերուն. պատկերների կիրառման ու կերպավորման, գույնի և ռիթմի զգացողության բազմազանությամբ։ XII դ-ի Ավետարանների զարդարանքն ավելի համեստ է, տերուն. նկարները՝ սակավ։ Նույն դարում վերջնականապես ձևավորվել է տիտղոսաթերթը։

XII դ-ի 2-րդ կեսին ձևավորվել է նաև Տոնականների (Ճառընտիրներ, վարքեր) պատկերազարդման համակարգը։ Այդ մեծադիր ձեռագրերում յուրաքանչյուր ընթերցվածք սկսվում է վարքի հերոսի կամ հեղինակի պատկերով, գլխատառով և գլխազարդով։ Մանրանկարչությունն ու գրքարվ-ն առավել ծաղկել են Կիլիկիայի մանրանկարչության դպրոցում. նշանավոր կենտրոններն էին Դրազարկը, Սկևռան, Հռոմկլան, Դռները, Բարձրբերդը, Ակները, որտեղ գործել են նշանավոր մանրանկարիչներ Գրիգոր Մլիճեցին, Կիրակոսը, Կոստանդինը, Հովհաննեսը, Հովասափը, Սարգիս Պիծակը, Թորոս Փիլիսոփան և ուր.։

XII դ-ի հայկ. մանրանկարչության և գրչության գլուխգործոց է Նարեկը (1173,