Էջ:Armenia Encyclopedia.djvu/666

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծիս. հանդերձանքի մասերի (խույրեր, թագեր, բազպաններ, շուրջառներ ևն) պատրաստումը։ Ստեղծվել են բարձրարվեստ սկուտեղներ, կահույքի դեկորատիվ տարրեր, զենք ևն, որոնք կենցաղում կիրառել են բնակչության բոլոր խավերը։

Տղամարդու և կնոջ հագուստի կարևոր հավելված էր գոտին, որը եթե ամբողջությամբ ոսկե կամ արծաթե չէր, ապա կազմված էր մետաղե զարդատարրերից և շքեղ ճարմանդից։ Որոշ վայրերում գլխարկը պատրաստվել է արծաթից (թասակի ձևով)՝ դրվագված ու կախովի զարդերով։ Տարածված էին նաև կանանց կրծքազարդերը, ապարանջանները, մատանիները, քունքագարդերը ևն։ Հատկանշական է, որ հայկ. զարդերը հաճախ իրենց ձևերով կրկնում են Հայաստանի տարածքում գերեզմաններից (մ. թ. ա. III հազարամյակից) պեղված ոսկերչ. իրերը (Շենգավիթ, Տոլորս, Կարմիր բլուր, Գառնի, Արտաշատ ևն)։ Ըստ պատմիչների (Մովսես Խորենացի, Անանիա Շիրակացի և ուր.)՝ հայուհիները հագել են շքեղ զգեստներ՝ ոսկե զարդերի, թանկարժեք քարերի առատությամբ։ VII-XI դդ-ում շքեղ մատանիներ, մանյակներ, խաչեր են հայտնաբերվել Անիի և Դվինի պեղումներից։ Ոսկերչության այս կենտրոններից բացի՝ հայկ. զարդարվ-ը ծաղկել է Վասպուրականում, Շիրակում, Արցախում, Սյունիքում, նաև Երևանում, Կ. Պոլսում, Թիֆլիսում, Նոր Ջուղայում և այլուր։

Դեկորատիվ-կիրառ. արվ-ին, մասնավորապես փայտափորագրությանը, բնորոշ են նուրբ մշակման կատարելությունը, հորինվածքի մտածվածությունը (Մշո Սբ Առաքելոց վանքի գլխավոր եկեղեցու փորագրազարդ դուռը, 1134, Երևան, ՀՊԹ, ևն)։ Սպահանցի հայ վարպետների բարձրարվեստ փայտակերտ գործերից է Ռուսաց թագավոր Ալեքսեյ Միխայլովիչին 1660-ին ընծայած ակնակուռ «Ալմաստե գահը» (Կրեմլի Զինապալատ, Մոսկվա)։ Նույն թագավորի պալատին է առնչվում հայազգի Բոգդան Սալթանովի գործունեությունը՝ գեղանկարչություն, պալատ. կահույքի պատրաստում, դաջանկարչություն ևն (Ալեքսեյ Միխայլովիչի վրանը, 1668, Կրեմլի Զինապալատ, Մոսկվա)։

Միջնադարյան Հայաստանում բարձր զարգացման են հասել գեղ. ջուլհակությունն ու կարարվ-ը։ IX-XIII և XVII-XVIII դդ-ում միջազգային շուկայում Հայաստանը եղել է կերպասի, բրդե ու ոսկեթել արտադրանքի մատակարար։ Պահպանվել են Անիում պեղված X-XI դդ. ոսեկթել ասեղնագործությամբ կերպասե կտորտանք, մանկ. զգեստ (ՀՊԹ)։ Չթի տարածման ժամանակաշրջանում հայերը Ֆրանսիայում հիմնադրել են (1677) կայուն ներկման դաջազարդ գործվածքի՝ Եվրոպայում առաջին ֆաբրիկան։ Ըստ 1699-ի առևտր. գրագրության՝ չթի դաջումն անգլիացիները պատվիրել են Սպահանի հայ վարպետներին։ Բուն Հայաստանի և Կիլիկիայի քաղաքներից բացի՝ հայկ. գեղարվեստական ջուլհակությունն ու կարարվ-ը զարգացել են նաև Թիֆլիսում, Ղրիմում, Նոր Ջուղայում, Ուրֆայում, Բուրսայում, Կ. Պոլսում և այլուր։ Հայկ. ջուլհակության և ասեղնագործության կատարյալ նմուշներ են XVII-XVIII դդ-ի եկեղեց. վարագույրները, արծվագորգերը, սկիհները, գրակալները, տարբեր տիպի ծածկոցները (Գրիգոր Լուսավորչի խաչվառը, 1448, «Փիլիպպոս կաթողիկոսի արծվագորգը», 1651, երկուսն էլ՝ Ա. և Մ. Մանուկյան Գանձատուն, Էջմիածին)։ Ասեղնագործությունը կատարման տեխնիկայով հասել է գեղանկարչ. պատկերման մակարդակի, որը հատուկ է գոբելենին։

Գեղ. ջուլհակության հնագույն տեսակներից է կարպետ-գորգագործությունը։ Միջազգ. շուկայում հայկ. գորգը համարվել է ամենաարժեքավորը։ Պահպանված ամենավաղ նմուշներից է Ուտիքի Բանանց գյուղում ստեղծված խորանագորգը (1602, տեղն անհայտ է)։ Հայկ. գորգերի հնագույն տեսակներից է վիշապագորգը, որի պահպանված լավագույն նմուշներից մեկը պահվում է Լոնդոնում՝ Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում։ Վիշապի թեման հատկապես մշակվել է կարպետների զարդահորինվածքներում։ Գորգագործության մեջ կիրառվել են բնական ներկեր, մասնավորապես՝ որդան կարմիրը, տորոնը, ինդիգոն, լաջվարդը, որոնք մազախավը դարձրել են մետաքսափայլ, նրան հաղորդել փափկություն և երփներանգություն։

Առաջնակարգ արհեստներից էր նաև խեցեգործությունը, պահպանվել են կարմրափայլ կարասներ՝ տարբեր մոտիվների զարդագոտիներով (Դվին, Անի)։ XII-XIII դդ-ում զարգացել է ենթաջնարակային նկարազարդման, շողյունապատման,