Էջ:Armenia Encyclopedia.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) պետություն է Հարավային Կովկասի հարավ-արմ. մասում՝ Եվրոպայի և Ասիայի սահմանագլխին։

Տարածքն զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մի հատվածը, կազմում է երկրագնդի ցամաքի 0,02, Ասիա աշխարհամասի՝ 0,7 %-ը։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ձգվում է մոտ 360 կմ, արևմուտքից արևելք՝ 200 կմ։ Հյուսիսում սահմանակից է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային և Ադրբեջանի կազմի մեջ մտնող Նախիջևանի Հանրապետությանը։ Սահմանները ցամաքային են, սահմանագծի երկարություն 1422 կմ է, հեռավորությունը Սև ծովից՝ 145 կմ, Կասպից ծովից՝ 175 կմ, Միջերկրական ծովից՝ 750 կմ, Պարսից ծոցից՝ մոտ 1000 կմ։

ՀՀ-ում առաջին նախագահ. այլընտրանքային ընտրությունները տեղի են ունեցել 1991-ի դեկտեմբերի 16-ին, օրենսդրորեն ճանաչվել են գաղափարախոս. բազմակարծությունը և բազմակուսակցականությունը, ապաքաղաքականացվել են պետության ՆԳ-ն և ԶՈՒ-ն, հիմնարկներում և ձեռնարկություններում արգելվել է կուսակցական կազմակերպությունների գործունեությունը։

ՀՀ-ն ՄԱԿ-ի անդամ է 1992-ի մարտի 22-ից։ Միացել է մարդու իրավունքների մասին միջազգային պայմանագրերին և վավերագրերին։

Հանրապետությունում հաստատվել է խոսքի, խղճի և մամուլի ազատություն, ապահովվել Հայ առաքելական եկեղեցու անարգել գործունեությունը։

1993-ին ներդրվել է հայկական արժույթը՝ դրամը։

ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին և բարեփոխվել 2005-ի նոյեմբերի 27-ին՝ համապետական հանրաքվեներով։

Հանրապետությունում ճանաչվել է սեփականության բոլոր ձևերի օրինականությունը, դրվել են շուկայական տնտեսության անցնելու հիմքերը։

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով (1995) հանրապետության տարածքը բաժանվել է 10 մարզի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի։

2008-ին ընդունված «Երևան քաղաքում ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով մայրաքաղաք Երևանին տրվել է համայնքի կարգավիճակ (մինչ այդ ուներ մարզի կարգավիճակ)։

Մարզերը բաղկացած են քաղաքային և գյուղ. ինքնակառավարվող համայնքներից և ներառում են իրենց մեջ ընդգրկված համայնքների և պետական սեփականության հողային ու ջրային տարածքները։

Հանրապետությունում կան 49 քաղաք, 949 գյուղ. բնակավայրեր, որոնցից 9-ը ներառված են քաղաքային, մնացածները՝ 866 գյուղ. համայնքներում (2012)։

Համայնքի սեփականությունը տնօրինելու, համայնքային հարցերը լուծելու համար 4 տարի ժամկետով ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ, համայնքի ավագանի՝ 5-15 անդամով, համայնքի ղեկավար՝ քաղաքապետ կամ գյուղապետ, որը ձևավորում է իր աշխատակազմը։