Էջ:Armenia Encyclopedia.djvu/711

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երևանում, Շուշիում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Բաքվում և այլուր։ 1880-ական թթ-ին հայ թատրոնի հենքի վրա զարգացել է Պ. Ադամյանի արվ-ը, որի նշանակությունը դուրս է եկել ազգային սահմաններից։ Նա հայ բեմում շեքսպիրյան ավանդույթների սկզբնավորողն է։ 1890-ական թթ-ին աչքի է ընկել ռեժ. և դերասան Գևորգ Պետրոսյանը, որի գործունեությունը նպաստել է արևելահայ թատրոնում հոգեբ. ռեալիզմի հաստատմանը, բեմ. անսամբլի մշակմանը, կատարող. մակարդակի բարձրացմանը։

XIX դ-ի վերջին հայ թատրոնի առաջատարը Սիրանույշն էր։ Չհրաժարվելով ռոմանտիկ․ խաղաոճից՝ իր արվ-ի հասուն շրջանում դերասանուհին ստեղծել է նաև հոգեբ. և ճշմարտացի կերպարներ (Մարի Ստյուարտ՝ Ֆ. Շիլլերի «Մարի Ստյուարտ», Զեյնաբ՝ Ալեքանդր Յուժին-Սումբատովի «Դավաճանություն», Մարգարիտ Գոթիե՝ Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը», և այլն)։

XIX դ-ի վերջին և XX դ-ի սկզբին հայ իրականության մեջ ծնունդ առած ժողովրդական թատրոնները հատկապես տարածվել են Բաքվի և Թիֆլիսի բանվոր․ շրջաններում, որին նպաստել են Ամո Խարազանը, Պողոս Արաքսյանը, Սաթենիկ Արամյանը և ուրիշներ։ XX դ-ում դրամատուրգիայի առաջատարը Ալեքսանդր Շիրվանզադեն էր, որն իր դրամաներում շարունակել և զարգացրել է Գ. Սունդուկյանի ավանդույթները։ Այդ տարիներին պիեսներ են գրել նաև Սեդրակ Թառայանը, Ալեքսանդր Աբելյանը, Միքայել Մանվելյանը, Վրթանես Փափագյանը, Նար-Դոսը և ուր․։

XIX դ-ի վերջին տասնամյակից հայ թատրոնի ազգային դիմագծի ձևավորումը մեծապես պայմանավորված է Հովհաննես Աբելյանի անվամբ, որը հայ թատրոնի ամենախոշոր ազգային դերասանն է։ Աբելյանը, հաղթահարելով կենցաղային ռեալիզմի սահմանափակությունը, իր արվ-ում ընթացել է հոգեբ. ռեալիզմի ուղիով։ Այդ շրջանում կարևորվել են Լևոն Շանթի դրամաները, որոնց կենցաղային մանրամասերից զերծ կերպարները պահանջում էին բեմ. արտահայտչականության նոր հատկանիշներ և նպաստել են դերասան․ նոր սերնդի ձևավորմանը։

Հայ նոր պատմ. դրամատուրգիան և քաղաքական կատակերգությունը կապված են Դերենիկ Դեմիրճյանի անվան հետ, որի պիեսներից բեմադրել է Օվի Սևումյանը։ Այդ շրջանում ռուս․ դրամատուրգիայից բազմաթիվ գործեր են բեմադրվել Բաքվում և Թիֆլիսում, որտեղ դերասան․ մնայուն արժեքներ են ստեղծել Իսահակ Ալիխանյանը, Օլգա Մայսուրյանը, Վահրամ Փափազյանը և ուրիշներ։ XX դ-ում ռեժ. արվ-ի ձևավորմանը նպաստել են Օ. Սևումյանը, Արմեն Արմենյանը, Ստեփան Քափանակյանը, Լևոն Քալանթարը, Ա. Խարազանը, դերասան․ նոր սերնդի ներկայացուցիչներ Ս. Ադամյանը, Հովհաննես Զարիֆյանը, Վ. Փափազյանը և ուրիշներ։ Փափազյանը Պ. Ադամյանի ավանդների շարունակողն էր և XX դ-ի թատրոնի առաջատարը։

XX դ-ի հայ թատրոնի կարևորագույն խնդիրներից էր դերասաններ և ռեժ-ներ պատրաստելը, որն իրագործվել է 2 ճանապարհով՝ բեմի վարպետների ղեկավարությամբ և ստուդիաներում ու թատեր. դպրոցներում։ Ստուդիական շարժումը հայ թատրոնում ունեցել է կարևոր նշանակություն։ Ստուդիաներ հիմնելու փորձեր են արել Ս. Քափանակյանը, Օ. Սևումյանը, Ռուբեն Մամուլյանը, Լ. Քալանթարը, Վարդան Միրզոյանը։ Ամենանշանակալին Սուրեն Խաչատրյանի՝ 1918-ին Մոսկվայում հիմնադրած Հայկական դրամատիկ․ ստուդիան էր, որի բազմաթիվ շրջանավարտներ դարձել են խորհրդահայ թատրոնի երևելի դեմքերից։

1918-20-ին Օ. Սևումյանը փորձել է ստեղծել ստուդիա, որտեղ պետք է ձուլվեին արևելահայ և արևմտահայ բեմարվ-ները, սակայն նկատելի հաջողության չի հասել։

Բաբկեն Հարությունյան

Խորհրդային շրջանի թատրոնը

Հայ խորհրդային թատրոնի տարեգրությունն սկգբնավորվել է 1918-ին՝ Հյուսիսային Կովկասի, Ուկրաինայի և Ղրիմի հայաշատ վայրերում, որտեղ գործել են հայկ․ թատերախմբեր։

Խորհրդ․ շրջանի թատրոնը հիմնականում հզոր լծակ էր սոց․ հեղափոխության նվաճումների քարոզչության և աշխատավորների գեղագիտ․ հայացքների ձևավորման համար։ Պետության առաջնային արժեքներից էր «ձևով՝ ազգային, բովանդակությամբ՝ սոցիալիստական» գաղափարը, որը դրսևորվել է նաև