Էջ:Armenia Encyclopedia.djvu/719

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երևանում, Էջմիածնում, ապա՝ Նախիջևանում, Թավրիզում: Թատրոնի գործունեությունը շարունակվել է Կ. Պոլսում, որտեղ Մկրտիչ ամիրա Ճեզաիրլյանը կառուցել է նոր շենք՝ ամֆիթատրոնով և օթյակներով: Թատրոնը գործել է մինչև 1866-ի վերջը:

Հենրիկ Հովհաննիսյան

Խորհրդային և նորագույն շրջանների կրկեսը

Ազգային կրկեսի հնագույն ավանդույթները մշակվել և զարգացել են նաև Խորհրդ. Հայաստանում։ 1930-ական թթ-ին Երևանում եղել է ժամանակավոր կրկեսի փայտաշեն շենք, որի տեղում 1939-ին կառուցվել է նորը, իսկ 1962-ին վերակառուցվել է։ Կրկեսի հայ արտիստները մինչև 1956-ը հանդես են եկել ԽՍՀՄ պետական կրկեսների կենտրոնական վարչության համակարգի տարբեր կոլեկտիվներում։ XX դ-ի սկզբին կրկեսում հաջողությունների է հասել Վարդանովների ընտանիքը, որի անդամները հիմնականում հեծանվորդներ էին։ Հանրաճանաչ էին նաև ակրոբատ Ա. Մինասովը, էկվիլիբրիստներ Մանուկյանների ընտանիքը։

1956-ին՝ Մոսկվայում հայկական արվ-ի և գրակ-յան տասնօրյակի նախօրեին, Երևանում կազմավորվել է հայկական կրկեսի կոլեկտիվը, որի գեղարվեստական ղեկավարն էր ճանաչված էկվիլիբրիստ Վաղարշակ Արզումանյանը։ Կոլեկտիվը, օգտվելով հայկական կրկեսի լավագույն ավանդույթներից, ազգային տարազներով ու արտահայտչամիջոցներով ստեղծել է ժանրային բազմազանությամբ հարուստ, ինքնատիպ դիմագիծ ունեցող կրկեսային ներկայացումներ։ Հայկական կրկեսում որոշակի ավանդ ունեն ժոնգլյոր Նազի Շիրայը, մոտոատրակցիոնիստ Լևոն Հայկազունին։ Ուշագրավ էր Արկադի Մաղդասյանի «Բրոնզե մարդիկ» համարը, որը ներկայացվել է խմբային ակրոբատիկայի ժանրով։ Ուժային ակրոբատներ Ռ. Մանասարյանը և Ռ. Կասեևը հասել են մեծ հաջողությունների։ Պլաստիկ․ էտյուդներով հանդես է եկել Ն. Պապյանը, վարժեցված շնիկներով՝ Շողիկ Գևորգյանը, աչքի են ընկել նաև ծաղրածուներ Ռ. Հարությունյանը և Լ. Միներելյանը։ Կենդանավարժ Ստեփան Իսահակյանը խորհրդային կրկեսի նոր ուղղության ներկայացուցիչներից է։ Նրա «Կենդանիների խառը խումբ» ազգային ինքնատիպ ատրակցիոնի հիմքը հայկական ժողովրդական հեքիաթի հերոս Քաջ Նազարի զվարճալի արկածներն են։ Ս. Իսահակյանն իր վարժեցրած գետաձիու՝ Մանուկի հետ հանդես է եկել բազմաթիվ երկրներում։ Օդային մարմնամարզուհի Ելենա Ավանեսովայի ելույթներն առանձնացել են բարձր տեխնիկայով։ Իրենց ինքնատիպ արվ-ով աչքի են ընկել ակրոբատներ Իրինա Շեստուան, Ռաֆայել և Բորիս Ասատրյան եղբայրները։

Լարախաղացների արվ-ը թատրոնի և կրկեսի ավանդ․ կապի վկայությունն է։ Լարախաղացներ Գ. Գրիգորյանը, Ա. Մինասյանը, Ն. Մանուկյանը և Ա. Ղարիբյանը ելույթ են ունեցել ժողովրդական գործիքների նվագակցությամբ։ Հայկական կրկեսի զարգացմանը մեծապես նպաստել են ակրոբատ էքսցենտրիկների (ղեկ.՝ Հմայակ Խազխազյան) և ակրոբատ ցատկորդների (ղեկ.՝ Արտավազդ Դուդուկչյան) խմբերը, ակրոբատներ Բորիս Ղազարյանը («Ակրոբատներ գնդերի վրա»), Վարդ Բենիամինյանը («Անցասանդուղք»), օդային մարմնամարզիկներ Մերուժան և Ռաֆայել Հակոբյանները և ուրիշներ։ Վարժեցված կենդանիներով ատրակցիոններ են ստեղծել Միխայիլ Բաղդասարովը («Սասունցի Դավիթ»), Նինա և Գենադի Մինասովները («Արջի բենեֆիս»), Գեորգի Բաղդասարովը («Վարժեցված իշուկները») և ուրիշներ։

Ուշագրավ էին նաև Ռազմիկ Նիկողոսյանի ղեկավարած «Խմբային աճպարարները», Կարինե և Լավրենտի Գալստյանների «Ուրախ հովիվները», Ռաֆայելա Ղազարյանի «Գեղարվեստական ակրոբատիկ կանանց խումբը» և այլ համարներ։

1961-ին կրկեսի կոլեկտիվը կոչվել է «Երևան» (արժանացել է վաստ. կոլեկտիվի կոչման), 1974-ին՝ «Էրեբունի», 2006-ին՝ «Երևանյան կրկես» մշակութային կենտրոն (հիմնադիր՝ Սոս Պետրոսյան)։ Կրկեսում ճանաչված էր Մոսհամերգի արտիստ, աճպարար Հարություն Հակոբյանը, որն արժանացել է մի շարք միջազգային մրց-ների։

Հայկական կրկեսի պատմության ամենափայլուն դեմքերից է ծաղրածու և մնջկատակ Լեոնիդ Ենգիբարյանը։ Վարպետորեն օգտագործելով իմպրովիզացիայի և