Էջ:Armenia Encyclopedia.djvu/725

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նորագույն շրջանի (1991-2011) կինոն

Խորհրդային կարգերի փլուզումից հետո կինոն հայտնվել է նոր որոնումների բեկումնային փուլում։ Անկախության առաջին տասնամյակում ՀՀ-ում նկարահանվել են 30-ից ավելի լիամետրաժ ու կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմեր։ Հիմնվել են մի շարք անկախ կինոստուդիաներ, որոնց մի մասը տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով փակվել է։ Հայկական կինոյի ավանդ․ հիմքի վրա ստեղծվել են Դավիթ Սաֆարյանի «Կորսված դրախտ» (1991), Սերգեյ Իսրայելյանի «Պատանդներ» (1991), Առնոլդ Աղաբաբյանի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» (1992), Արման Մանարյանի «Ընկեր Փանջունի» (1992), Դմիտրի Կեսայանցի «Անիծվածները» (1991) և «Աղետ» (1993), Ալեքսանդր Քաջվորյանի «Հին աստվածներ» (1993), Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» (2000) և այլ ֆիլմեր։

Ա. Աղաբաբյանի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» (ըստ Զ. Խալափյանի, 5 սերիա) ֆիլմ-վիպերգությունը հայկական առաջին բազմասերիանոց կինոնկարն է, որն ընդգրկում է հայ ժողովրդի դրամատիկ․ շրջադարձերով հագեցած կյանքի մի ողջ ժամանակահատված՝ խորհրդային կարգերի հաստատումից մինչև 1970-80-ական թթ.։ Ե. Օտյանի «Ընկ. Փանջունի» երգիծ. վեպի էկրանավորումով Ա. Մանարյանն ստեղծել է արևմտահայ դասականների երկերը կինոլեզվով ներկայացնելու ուշագրավ օրինակ։ Նոր ժամանակների պատմ., սոցիալ-հոգեբ. հակաս․ փոփոխություններին յուրովի են արձագանքել թե՛ ավագ, թե՛ միջին, թե՛ երիտասարդ սերնդի ռեժիսորները։ Ս. Իսրայելյանի «Պատանդներ» ֆիլմի՝ իշխանություն և բարձր հասարակական դիրք ունեցող հերոսը, գործելով «նպատակն արդարացնում է միջոցները» նշանաբանով, կործանվում է։ Ա. Մկրտչյանը «Ուրախ ավտոբուս» կինոնկարով եզրափակել է Գյումրիին նվիրված իր եռերգությունը. երկրաշարժից ավերված քաղաքի փողոցներով ամեն օր երթևեկող «ուրախ» ավտոբուսը ծիծաղելու ունակությունը երբեք չկորցնող մարդանց հավաք․ խորհրդանիշն է։

Նոր կենսամտածողությունն առավելապես արտահայտվել է դեռևս 1980-ական թթ-ից ստեղծագործող ռեժիսորների ֆիլմերում. Սուրեն Բաբայանի «Արյուն» (1991), Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» (1991), Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ...» (1991), Միքայել Դովլաթյանի «Լաբիրինթոս» (1995), «Տէր ողորմեա» (1997) և այլն։ 1990-ական թթ-ի կինոնկարներից ուշագրավ են Էդգար Բաղդասարյանի «Խաղերը» (1990), Տիգրան Խզմալյանի «Սև-սպիտակ» (1996), «Սև պատը» (1997), «Պիեռլեկինո կամ Օդից թեթև» (2000) և այլն։ Ժամանակի ոգին ցայտուն կերպով է դրսևորվել Է. Բաղդասարյանի «Սև պատը» կինոնկարում։ Անցյալի ու ներկայի փոխհարաբերություններն են պատկերված Տ. Խզմալյանի «Պիեռլեկինո կամ Օդից թեթև» ֆիլմում, որի առանցքը խորհրդային ռեժիմի օրոք ծեր ծաղրածուի փշրված ճակատագիրն է, նրա կյանքի ու սիրո տխուր պատմությունը։

Ստեղծագործ․ բարդ ուղի է անցել նաև հայկական վավերագր. կինոն, որն առավել անմիջականորեն է արձագանքել կյանքի փոփոխություններին և երկրում կատարվող իրադարձություններին (տես նաև Վավերագրական կինո

Տնտեսական ճգնաժամը համեմատաբար քիչ է ազդել հայկական մուլտկինոյի զարգացման վրա (տես նաև Մուլտիպլիկացիոն կինո

Անկախության 2-րդ տասնամյակում ՀՀ-ում նկարահանվել են մոտ 60 լիամետրաժ և կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմեր։

Նոր ժամանակների իրականությունն են արտացոլել Ս. Բաբայանի «Խենթ հրեշտակ» (2001), Վ. Չալդրանյանի «Լռության սիմֆոնիան» (2001), «Ժանո» (2004), «Մի նայիր հայելուն», «Մաեստրոն» (երկուսն էլ՝ 2009), Հ. Խաչատրյանի «Վավերագրողը» (2003), «Պոետի վերադարձը» (2006), «Սահման» (2008) և այլ կինոնկարներ։

Ս. Բաբայանի «Խենթ հրեշտակ» ֆիլմում արծարծված են արդի կեցության