Էջ:Armenia Encyclopedia.djvu/749

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Հայաստանի բնության պետական թանգարան

Հայաստանի բնության պետական թանգարանը հիմնադրվել է 1952-ին (մինչև. 1960-ը՝ Հանրապետական բնագիտական թանգարան) Երևանում։ Ունի 4 ցուցասրահ, որտեղ ներկայացված է Հայաստանի բնաշխարհի շուրջ 2500 ցուցանմուշ։ Սրահներից մեկը նվիրված է իրանահայ բարերար Լևոն Ահարոնյանին (2002-04-ին վերանորոգել է թանգարանի շենքը, նվիրել Իրանի կենդ․ աշխարհի բազմաթիվ նմուշներ)։ Թանգարանում պահվում են Հայաստանի կենդ․ և բուս․ աշխարհների յուրահատուկ նմուշներ։ Ցուցադրվում են կաթնասունների, թռչունների, սողունների, երկկենցաղների, ձկների, միջատների, սարդակերպների խրտվիլակներ, փափկամարմինների խեցիներ, ծառերի կտրվածքներ, հերբարիումի, բրածո բույսերի ու կենդանիների, օգտակար հանածոների նմուշներ, նաև յուղաներկ կտավներ ևն։ Կենդ․ աշխարհի ներկայացուցիչների մեծ մասն ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում» (ուշագրավ են կովկասյան ընձառյուծները)։ Մասնաճյուղ ունի Գյումրիում (1991-ից)։

Թանգարանում կազմակերպվում են բնապահպան. թեմաներով ժամանակավոր ցուցահանդեսներ, միջոցառումներ։

2008-ից տնօրենը Գայանե Ղազարյանն է:

Հովհաննես Թումանյանի թանգարան

Հովհաննես Թումանյանի թանգարանը (մինչև 1979-ը՝ տուն-թանգարան) հիմնադրվել է 1949-ին, բացվել է 1953-ին Երևանում, որտեղ պահվում է ավելի քան 18 հզ. ցուցանմուշ։ 1-ին հարկում ներկայացված են Թիֆլիսի «Վերնատան» վերարտադրությունը և Հ. Թումանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված նյութեր (ձեռագրեր, նամակներ, լուսանկարներ, նկարազարդումներ՝ հեքիաթների և պատմվածքների թեմաներով, նաև բանաստեղծին նվիրած գեղանկարներ և այլն)։ 2-րդ հարկում (6 սրահ) Թիֆլիսի բնակարանի հարդարանքի վերարտադրությունն է և գրողի անձն․ գրադարանը (շուրջ 8 հազար գիրք)։ Ուշագրավ անկյուններից է «Լոռվա ձորը»

համայնապատկերը, որի դիտումն ընթանում է «Անուշ» օպերայի երաժշտության ուղեկցությամբ։ Թանգարանը միաժամանակ թումանյանագիտական կենտրոն է, որտեղ պահվում են փաստաթղթեր, ինքնագրեր, ձեռագրապատճեններ, բանաստեղծի ավելի քան 40 լեզվով թարգմանված երկերի առանձին հրատ-ներ և այլ նյութեր։ Կազմակերպվում են միջոցառումներ, ներկայացումներ։ Թանգարանի ձմեռային այգում տեղադրված են քանդակներ՝ թումանյանական թեմաներով։ Մուտքի 54 աստիճանները խորհրդանշում են մեծ գրողի ապրած տարիների թիվը։

2007-ից տնօրենը Նարինե Թուխիկյանն է։