Էջ:Armenia Encyclopedia.djvu/756

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գանձատուն

Գանձատունը (Ալեք և Մարի Մանուկյան) բացվել է 1982-ին, որի երկհարկանի շենքը (Նոր վեհարանի հվ-արմ. կողմում) կառուցվել է Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ և ազգ․ գործիչ ու բարերար Ա. Մանուկյանի միջոցներով։ Գանձատանը պահվում են համաշխ. արժեք ունեցող հայ հոգևոր մշակույթի գեղ․ ստեղծագործություններ՝ սուրբ մասունքների պահարաններ, ձեռագիր մատյաններ, եկեղեց. սպասքի, նվիրական առարկաների ու զգեստների հարուստ հավաքածուներ, որոնք բերվել են Անիից, Թոքատից, Կ. Պոլսից, Վանից, Սեբաստիայից, Կեսարիայից, Վասպուրականից, Արցախից, Կիլիկյան Հայաստանից և այլ վայրերից, ինչպես նաև հայկ․ գաղթավայրերից։ Սրբազան առարկաներից հիշատակելի են խաչերը (Սբ սեղանի, ձեռաց, թափորի ևն), Ավետարանների կրկնակազմերը, քշոցները, ոսկեզօծ սկիհները, գավազանները, մասնատուփերը, բուրվառները, խնկամանները, ճաճանչազարդերը, մյուռոնամանները, կանթեղները (հիմնականում՝ արծաթե՝ երբեմն ագուցված կիսաթանկարժեք քարերով)։ Հայկ․ մետաղամշակության ընտիր օրինակներ են մասանց պահարանները (Սբ Բարդուղիմեոսի, X դ., Սբ Ստեփանոս Նախավկայի, X դ., ևն) և աջերը (Սբ Հռիփսիմեի, 1793, և ուր․)։ Ուշագրավ են նաև արծաթե գոտիներն ու ճարմանդները, հին մետաղադրամների ու թղթադրամների (հայկ․, հելլեն., հռոմ., պարթև., բյուզ., արաբ., ռուս․ ևն), ինչպես նաև հնադարյան կավե ամանների և Կուտինայի հախճապակե անոթների հավաքածուները։ Գանձատանը պահվում և ցուցադրվում են նաև եկեղեց. գործվածքների բազմաթիվ նմուշներ (եկեղեց. զգեստներ, վարագույրներ, սկիհի ծածկոցներ, սրբիչներ ևն). հնագույններն են Կիլիկյան Հայաստանում ստեղծված նրբագործ արտախուրակները (XIII դ-ի վերջ - XIV դ-ի սկիզբ) և Գրիգոր Ա Լուսավորչի մետաքսե խաչվառը (1448)։ Եկեղեց. ասեղնագործության նշանակալի աշխատանքներից են նաև Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի արծվագորգը (1651), Սբ Էջմիածնի Մայր տաճարի Ավագ խորանի ասեղնագործ վարագույրը (1705-14, Կ. Պոլիս), Գեղարդավանքին նվիրաբերված խույրը (1715) ևն։ Ուշագրավ են նաև հայկական կերպասագործության գլուխգործոց՝ մետաքսաթել դիպակից կարված շուրջառը (XVII-XVIII դդ.) և դաջագործության նմուշներ՝ խորանի վարագույրները (1689, 1781, 1805), ժամաշապիկը (1778)։ Գանձատան հյուսվածքների հավաքածուում հատկապես առանձնանում են հայկական գորգերը, ուղեգորգերն ու կարպետները (XVIII-XX դդ.), պարսկ. մետաքսագորգերը։ Ներկայացված են նաև XVIII-XIX դդ-ի հայկական և XVI-XX դդ-ի ռուս․ սրբապատկերներ։ Գանձատան ցուցասրահներից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործում են նաև Սբ Էջմիածնի Մայր տաճարի ավանդատուն-թանգարանը (1869), Խրիմյան (1896) և Հին վեհարանի (1971) թանգարանները։