Էջ:Armenia Encyclopedia.djvu/757

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Օրբելի եղբայրների տուն-թանգարան

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը բացվել է 1982-ին (Լևոն Օրբելու ծննդյան 100-ամյակի առթիվ) Ծաղկաձորում՝ Օրբելիների ամառանոցում։ Բաղկացած է 1 հարկաբաժնից, որտեղ պահվում է շուրջ 1750 ցուցանմուշ (մոտ 800 մշտ. ցուցադրությամբ)։ Առանձին սրահներում ներկայացված են Լևոն, Հովսեփ և Ռուբեն Օրբելիների կյանքի ու գիտական գործունեության տարբեր շրջաններին վերաբերող վավերագրեր, գրառումներ, ձեռագրեր, լուսանկարներ, գրքեր, անձն․ և կենցաղային իրեր, տարբեր լեզուներով հրատ-ներ և այլն։ Ցուցանմուշները հիմնականում բերվել են Ս. Պետերբուրգից, որտեղ ապրել ու գիտական գործունեությունն են ծավալել Օրբելի եղբայրները։ Վերականգնված են նրանց աշխատասենյակները։ Տուն-թանգարանի առջև տեղադրված են Օրբելի եղբայրների հուշարձանը։ 1984-ից տնօրենը Մարինե Բունիաթյանն է։

Ռուսական արվեստի թանգարան

Ռուս․ արվ-ի թանգարանը հիմնադրվել է 1984-ին Երևանում՝ բժիշկ-ուրոլոգ Արամ Աբրահամյանի՝ Հայաստանին նվիրաբերած հավաքածուի հիման վրա. ընդգրկում է XIX դ-ի վերջի-XX դ-ի սկզբի ռուս․ գեղանկարչության, գրաֆիկայի, բեմանկարչության, դեկորատիվ-կիրառ. արվ-ի շուրջ 100 խոշոր վարպետների, այդ թվում՝ «Միր իսկուսստվա», «Գոլուբայա ռոզա», «Բուբնովի վալետ» և այլ խմբավորումների անդամների մեծարժեք ստեղծագործություններ (շուրջ 333 ցուցանմուշ)։ 8 ցուցասրահում ներկայացված են Միխայիլ Վռուբելի, Վասիլի Սուրիկովի, Վալենտին Սերովի, Նիկոլայ Ռյորիխի և այլ նկարիչների գործերից։ Հավաքածուն ներառում է նաև Ռուսաստանում ստեղծագործած հայ նկարիչներ Գևորգ Բաշինջաղյանի, Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի, Մինաս Ավետիսյանի գեղանկարներից։

2009-ից տնօրենը Անուշ Տեր-Մինասյանն է։

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988-ին Երևանում, բացվել է 1991-ին։ Թանգարանում պահվում է 1500 ցուցանմուշ, որից 700-ը՝ մշտ. ցուցադրությամբ։ Սրահներում ներկայացված են գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, կոլաժներ, ինչպես նաև Թբիլիսիի բնակարանից բերված կահ-կարասին ու անձն. իրերը։ Բնույթով եզակի ցուցանմուշներն աչքի են ընկնում ֆանտաստիկ գաղափարների բազմազանությամբ, որոնք մարմնավորվել են անսպասելի ձևերով՝ ապակու, հին գործվածքի կտորտանքներով ու տիկնիկներով, լուսանկարներով։ 2 հուշասրահներում վերականգնվել են Կիևի և Թբիլիսիի նրա բնակարանների հարդարանքի