Էջ:Armenia Encyclopedia.djvu/765

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զարգացման ընթացիկ ու հեռանկարային ծրագրերում։ Այս շրջանում հայ հասարակությանն ու մամուլին զբաղեցրել է Արևմտյան Հայաստանի ինքնավարության նվաճումն ու նրա ապագա կարգավիճակը, հրատապ են դարձել աբդուլհամիդյան հալածանքների ու 1894-96-ի կոտորածների թեմաները, արևմտահայության ճակատագիրը, գաղթականությանն օգնելու, կերակրելու և պատսպարելու խնդիրները։ Հիշյալ պարբ-ները մեծ դեր են կատարել նաև հայ նոր և թարգման. գրակ-յան զարգացման ասպարեզում։

1868-1919-ին հրատարակվել է Էջմիածնի Մայր աթոռի «Արարատ» պաշտոն. (կրոնաբարոյական, բանասիր. և հայագիտական) հանդեսը, որը նշանակալի ներդրում ունի հայ գիտական մտքի զարգացման մեջ։ 1880-84-ին Երևանում լույս է տեսել տեղի առաջին պարբ-ը՝ գրական, պատմամանկավարժ. «Պսակ» (խմբ.՝ Վասակ Պապաջանյան) լրագիրը։ 1883-1918-ին Թիֆլիսում հրատարակվել է «Աղբյուր» (խմբ.՝ Տիգրան Նազարյան) մանկ․ առաջին պատկերազարդ ամսագիրը։ Հայ ընթերցողին եվրոպ. քաղաքակրթությանն ու ռուս․ մշակույթին հաղորդակից է դարձրել, մշտապես արևմտահայության աղետալի վիճակին է անդրադարձել Ա. Արասխանյանի «Մուրճ» (1889-1907, Թիֆլիս) հասարակական, քաղաքական, գրական ամսագիրը։ Այս շրջանում են հրատարակվել նաև «Փարոս Հայաստանի» (1879-81, Մոսկվա), «Արաքս» (1887-98, Ս. Պետերբուրգ), «Թատրոն» (1893-1905, Թիֆլիս), «Ազգագրական հանդես» (1896-1916, Շուշի, Թիֆլիս), «Լումա» (1896-1912, Թիֆլիս) և այլ պարբ-ներ։ Հիշարժան են նաև մանկավարժ. «Դաստիարակ» (1873-74), «Դպրոց» (1874-76), «Մանկավարժական թերթ» (1878-79), «Վարժարան» (1882-84), նարոդնիկական՝ «Աշխատանք» (1880-82), ՌՍԴԲԿ-ի պաշտոնաթերթ «Պրոլետարիատի կռիվը» (1903-05) և այլ պարբ-ներ։

Հայ քաղաքական մամուլի ձևավորումը (1890-1918)

1890-ական թթ-ի առաջին կեսին, հատկապես 1894-96-ի ճգնաժամային տարիներին, հայ լրագրությունն ստանձնել է ազգային կյանքի ղեկավարի, պետականությունից զուրկ հայության ոչ միայն բարոյական պաշտպանի, այլև քաղաքական առաջնորդի դերը։ Բնորոշ երևույթ է, որ դարավերջին հայ ժողովրդի ազատագր. շարժումների վերելքի պայմաններում հասարակական հոսանքներին փոխարինելու են եկել ազգային քաղաքական կուս-ները, որոնք ստեղծել են հայ լրագրության նոր ճյուղ՝ կուս․ մամուլը՝ ի դեմս Արմենական կուս-յան «Արմենիա» (1885-1923, Մարսել), Հնչակյան կուս-յան «Հնչակ» (1887-1915, Ժնև, Աթենք, Փարիզ, Լոնդոն, 1935-40, Փրովիդենս) և ՀՅԴ-ի «Դրոշակ» (1891-2011, Ժնև, Փարիզ, Բեյրութ, Աթենք, 1999-ից՝ Երևան) պարբ-ների։

«Արմենիան» (խմբ.՝ Մ. Փորթուգալյան) հսկայական ջանքեր է գործադրել ազգ-ազատագր. պայքարի նախապատրաստման և ծրագրային դրույթները մշակելու ուղղությամբ։ «Հնչակը» (խմբ.՝ Ավետիս Նազարբեկյան) հետևողականորեն ներկայացրել է կուս-յան մշակած հեղափոխական ծրագրերը, ծանոթացրել իրենց կառույցի գործողությունների մարտավարությանն ու ռազմավարությանը, տեղյակ պահել կատարած ազգանպաստ քայլերին և այլն։ Զգալի հեղինակություն է ձեռք բերել «Դրոշակը» (խմբ-ներ՝ Ստեփան Զորյան, Հովնան Դավթյան, Քրիստափոր Միքայելյան և ուրիշներ)՝ քարոզչական լուրջ գործունեություն ծավալելով ազգային կենսական հարցերի քննության, Արևմտյան Հայաստանի ազատագրման հեղափոխական ուղիների մշակման գործում։ Կուս․ այս պարբ-ներում հրապարակված գաղափարաքաղ․ ըմբռնումներն օրինաչափ և անհրաժեշտ փուլ էին հայ հաս-քաղաքական մտքի և հայ մամուլի զարգացման գործընթացում։ Կուս-ների միջև ծավալված քաղաքական, գաղափարական պայքարը հետագայում էլ ավելի է սրվել՝ նպաստելով մամուլի հասարակական ազդեցության բարձրացմանը, քանակ. և որակ․ տեղաշարժերին։

Հաջորդ տարիներին նույնպես կուս․ մամուլը բուռն զարգացում է ապրել Հայաստանում և գաղթավայրերում։ ՀՅԴ-ի «Հայրենիք» (1899-ից, Նյու Յորք, Բոստոն, Ուոթերթաուն), «Ռազմիկ» (1905-07, Ֆիլիպե),