Էջ:Armenia Encyclopedia.djvu/773

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստեղծվել են նորերը։ 1950-ին հրատարակվող թերթերի թիվը և տպաքանակը գրեթե հասել են նախապատերազմյան ցուցանիշներին։

Պատերազմի հաղթական ավարտից հետո անհատի պաշտամունքն էլ ավելի է ուժեղացել, մամուլը վերածվել է գերհզոր միջոցի, որը կեղծել է հնգամյակների արդյունքները, հետապնդել մշակույթի, արվ-ի, գրակ-յան գործիչներին, քողարկել գյուղում տեղի ունեցող անօրինականությունները, արդարացրել քաղաքական բռնությունները։ Այդ քաղաքականությունը վերանայվել է միայն Ստալինի մահից (1953), մասնավորապես 1956-ին՝ ԽՄԿԿ XX համագումարում Նիկիտա Խրուշչովի «Անհատի պաշտամունքի և դրա հետևանքների մասին» հայտնի ելույթից հետո։ Այդուհանդերձ, մամուլը շարունակել է մնալ վարչահրամայական համակարգի կցորդը։ Ստեղծվել են նոր պարբ-ներ, որոնցից էր ՀԿԿ Երևանի քաղկոմի և քաղխորհրդի գործկոմի «Երեկոյան Երևան» (1957-99, 1957-64-ին՝ «Երևան») պաշտոնաթերթը։

Խրուշչովյան «հալոցքի» շնորհիվ հասարակության գիտակցության մեջ առաջացած փոփոխությունները որոշ չափով արտահայտվել են նաև մամուլում, այն ավելի ազատ է դարձել։ Հայաստանում լույս են ընծայվել ազգային զարթոնքը խորհրդանշող պարբ-ներ՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի «Հայրենիքի ձայն» (1965-96) շաբաթաթերթը, հասարակական, գրական-գեղարվեստական, հրապարակախոս. «Սովետական Հայաստան» (1945-ից, 1989-90-ին՝ «Վերածնված Հայաստան», 1991-ին՝ «Հայրենի եզերք»), գրական-գեղարվեստական, հաս-քաղաքական «Գարուն» (1967-ից) և մանկ. «Ծիծեռնակ» (1965-ից) ամսագրերը և այլն։ Այդուամենայնիվ, խորհրդահայ մամուլի «ազատությունը» սահմաններ ուներ. 1960-ական թթ-ին ԽՍՀՄ-ում սկսված այլախոհ. շարժման մասին մամուլը լռել է, որն էլ պատճառ է դարձել անլեգալ «ինքնահրատի» ի հայտ գալուն («Փարոս», 1967, «Երկունք», 1969)։

«Հալոցքի» շրջանը կարճ է տևել. 1970-ական թթ-ին ցայտուն կերպով դրսևորվել են «լճացման» երևույթները։ Մամուլը դարձել է անշունչ, անհետաքրքիր, միտումնավոր, ձևապաշտ, հեղեղվել է կոմկուսի որոշումներով, համագումարների, պլենումների, խորհրդաժողովների լուսաբանմամբ։ 1980-ական թթ-ի սկզբին մամուլի հիմն․ թեմաներից էին պարենային ծրագիրը, «սառը պատերազմի» քաղաքականությունը և այլն, վարպետորեն քողարկվել են աֆղան․ պատերազմի հետևանքները, զոհերի թիվը։ Չնայած դրան՝ պարբ-ների թվի և տպաքանակի աճը շարունակվել է. 1970-ական թթ-ին ՀԽՍՀ-ում հրատարակվել է 29 անուն ամսագիր՝ 507 հազար տպաքանակով, և 81 անուն թերթ՝ 1 մլն 117 հազար տպաքանակով, 1985-ին հրատարակվել է 92 անուն թերթ՝ ավելի քան 1 մլն 560 հազար տպաքանակով, և գրեթե նույնքան ամսագիր։ Այլընտրանքային մամուլ չի եղել։ Հատկապես մեծ տպաքանակով լույս են տեսել «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», «Ավանգարդ», «Երեկոյան Երևան» թերթերը։ Մամուլը բաժանվել է ըստ տիպերի՝ հանրապետական (11 անուն), քաղաքային (21 անուն), շրջ. (26 անուն), բազմատիրաժ (27 անուն), կոլտնտեսային (7 անուն), ըստ լեզուների՝ հայերեն (60 անուն), ռուսերեն (4 անուն), երկլեզու (21 անուն), ադրբ. (6 անուն), քրդ. (1 անուն)։

1985-ի ԽՄԿԿ ապրիլյան պլենումի հռչակած «վերակառուցումը», ըստ էության, արմատ․ փոփոխություններ չի առաջացրել խորհրդահայ մամուլում։ «Հրապարակայնության» քաղաքականության շնորհիվ լույս են տեսել նյութեր միջազգային քաղաքականության գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ։ Կենտր․ մամուլում տպագրվել են խորհրդային կյանքի թերությունները մերկացնող հոդվածներ։ Բայց ԽՄԿԿ-ի ղեկավար դերը, սոց. արժեքները, Լենինի հեղինակությունը դեռևս հարցականի տակ չեն դրվել, այդ հիմնախնդիրներով զբաղվել է Մոսկվայում,