Էջ:Armenia Encyclopedia.djvu/784

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարտադրված ծրագրային քաղաքականությունից՝ հեռուստաեթերը դարձել է անհամեմատ ազատ ու անկաշկանդ։ Առաջնային են դարձել հրապարակախոս-վերլուծ. հաղորդումները, վերականգնվել է ուղիղ եթերը։ Ստեղծվել է «Առաջարկում է հեռուստադիտողը» հաղորդաշարը, որը ներկայացրել է հեռուստադիտողների կարծիքները տարբեր հաղորդումների վերաբերյալ, ինչպես նաև երկխոսական բնույթի «Քո կարծիքը», «Մենք + Դուք + Նրանք», «Մարդիկ, կենցաղ, բարքեր», «Հարցազրույց ձեր խնդրանքով» և այլ հաղորդումներ, որակական փոփոխություն է կրել «Լրաբեր» տեղակատվ. ծրագիրը՝ դառնալով ավելի ճշմարտացի, անկողմնակալ և հրատապ։ «Անդրադարձ», «Հետադարձ կապ» հաղորդումներով ներկայացվել են հասարակական կյանքում առկա խնդիրների վերլուծություններ, առաջարկվել լուծման ուղիներ։

Ղարաբաղյան ազգ-ազատագր. շարժման առաջին օրերից հեռուստատեսության «Լրաբերի» թողարկումներում լուսաբանվել են Հայաստանում և ԼՂ-ում կատարվող իրադարձությունները, ռեպորտաժներ են հաղորդվել հանրահավաքներից։ Միջազգայնագետ, քաղաքական մեկնաբան Հենրիխ Բորովիկը մոսկովյան հեռուստատեսության «Դիրքորոշում» հաղորդաշարում անդրադարձել է արցախյան իրադարձություններին։ 1988-ի հունիսի 15-ին ուղիղ հեռարձակմամբ հաղորդվել են ՀԽՍՀ ԳԽ նստաշրջանի աշխատանքները, որ բացառիկ երևույթ էր։

Այդ շրջանում ուղիղ հեռարձակումներ են եղել նաև ԼՂ-ից։ Արցախյան ազատամարտի լուսաբանումը հեռուստատեսությունում եղել է շարունակական ու հետևողական, ստեղծվել են «Արցախյան օբյեկտիվ» (1992, հետագայում՝ «Արցախյան տարեգրություն»), «Գոյամարտ» (1994) հաղորդաշարերը։

1988-ի ապրիլին հիմնադրվել է «Նոր ալիք» գլխավոր խմբագրությունը՝ «15 օր» տեղեկատվերաժշտ. ծրագրով, «Մեր լե զուն, մեր խոսքը», «Հայելի», «Դեպքեր, դեմքեր, տարեթվեր» հաղորդումներով։

1988-ի Սպիտակի երկրաշարժի առաջին իսկ օրվանից ռեպորտաժներ և հատուկ թողարկումներ են հեռարձակվել աղետի գոտուց, որոնք ցուցադրվել են նաև միութ. հեռուստատեսության «Ժամանակ» ծրագրով և աշխարհի մի շարք հեռուստաընկերությունների եթերով։ Ստեղծվել են «Փյունիկ․ վերականգնման խրոնիկա», «Մտորումներ երկրաշարժի մասին» հաղորդաշարերը, «Երևանը և երևանցիները» խմբագրությունը Հայաստանի Կարմիր խաչի ընկերության հետ ստեղծել է «Որոնում» ծրագիրը։

Հայաստանյան հեռուստահամակարգում որակապես նոր հաղորդումներ սկզբնավորվել են 1990-ական թթ-ի սկզբներին, երբ հանրապետական հեռուստադաշտում կատարվել են կառուցվածքային տեղաշարժեր, կրճատվել են այլ հեռուստաընկերություններից (հատկապես՝ ռուսական) ներմուծվող քաղաքական հեռուստահաղորդումները, աստիճանաբար մեծացել է հայկական հեռուստածրագրերի քանակը։ Ստեղծվել են մի շարք հաղորդաշարեր, որոնք նորություն էին հեռուստատեսությունում («Մայրաքաղաք», «Ժամանակը և մենք», «Օր յոթերորդ», «15 րոպե», «Երրորդ ալիք», «Խաչմերուկ», «Հրապարակախոսի լսարան», «Տարակարծության ամբիոն», «Խճանկար»), լրատվ. այլընտրանքային «Հայլուր» ծրագիրը (գոյատևել է 3 ամիս, փակվել է իշխանությունների կողմից), կազմվել է նոր լրատվ-վերլուծ. հաղորդումների ցանց։

Այդ տարիներին հանրապետությունում առկա էներգետիկ․ ճգնաժամը լուրջ դժվարություններ է առաջացրել էլեկտրոնային լրատվամիջոցների, այդ թվում՝ հեռուստատեսության համար. 2/3-ով կրճատվել է հաղորդումների ընդհանուր ծավալը, նվազել է դիտելիությունը։ 1993-ի նոյեմբ-դեկտ-ին, ըստ վիճակագր. տվյալների, հեռուստատեսության լսարանը 27,4 % էր։

1995-ին ստեղծվել է տեղեկատվության նախարարությունը, որտեղ ընդգրկվել են նաև ռադիոն և հեռուստատեսությունը։ Նախարարության 1995-ի հոկտ-ի որոշմամբ՝ հեռուստատեսությունն ու ռադիոն առանձնացել են՝ դառնալով