Էջ:Armenia Encyclopedia.djvu/859

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քաղաքները

Գյումրի (Կումայրի, մինչև 1837-ը՝ Գյումրի, 1837-1924-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924-91-ին՝ Լենինական, ք.՝ 1840-ից) մարզկենտրոնը գտնվում է Երևանից 118 կմ հս.՝ Ախուրյան գետի ձախ ափին՝ Շիրակի դաշտում՝ 1500 մ բարձր․ վրա՝ 8-9-բալլանոց երկրաշարժամետ գոտում։ Վերջին աղետալի երկրաշարժը տեղի է ունեցել 1988-ի դեկտ. 7-ին։

Տարածքը 36,5 կմ² է, բն.՝ 145,9 հազար (2012)։ Բնակչության թվաքանակով և մեծությամբ ՀՀ երկրորդ քաղաքն է։

Պատմությունը։ Գյումրին հնագույն բնակավայր է։ Տարածքում հայտնաբերվել են հնագիտական (մ. թ. ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադար) հուշարձաններ։ Հայտնաբերված սեպաձև արձանագրությունում տեղեկություններ կան Շիրակի տարածքը ներառող այսպես կոչված Էրիախի (Երիախի) երկրի ու նրա բնակավայրերի մասին։

1804-ին Գյումրին գրավել են ռուսները։ 1828-29-ի ռուս-թուրք. պատերազմից և Ադրիանապոլսի պայմանագրի (1829) կնքումից հետո Կարսից, Կարինից, Բայազետից տեղափոխված հայերը բնակություն են հաստատել Գյումրիի՝ ռուսների հիմնադրած բերդի շրջակայքում, հիմնել բերդաքաղաք, որտեղ սկզբում կառուցվել են «Կազաչի պոստ», «Սևերսկի» և «Պոլիգոններ» զինվորական ավանները։ 1837-ին Նիկոլայ I ցարի այցելությունից հետո նրա կնոջ՝ Ալեքսանդրայի անունով կոչվել է Ալեքսանդրապոլ։ 1849-ին դարձել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ գավառի կենտրոնը։ Երկաթուղու կառուցումից (1899) հետո դարձել է երկթղ. կարևոր հանգույց, ռազմավարական, առևտր., արհեստավոր․ և մշակութ. նշանակալի քաղաք։

Գյումրին հայտնի էր նաև աշուղներով (Ջամալի, Ջիվանի, Շերամ և ուրիշներ), ժողովրդական երգիչներով։ XIX դ-ի կեսերին քաղաքում գործել է 10 դպրոց ու վարժարան (Արղության, Սահականուշյան և այլն), տպարան (1870-ից)։ XIX դ-ի վերջին ուներ 32 հազար բնակիչ և Այսրկովկասի 3-րդ առևտր. ու մշակութային քաղաքն էր (Թիֆլիսից ու Բաքվից հետո)։ Հրատարակվել են թերթեր։ 1902-ին բացվել է քաղաքային բանկը։ 1912-ին առաջին անգամ բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան. դրվել է ազգային օպերային թատրոնի հիմքը։ Գործել են 460 մեծ ու փոքր խանութներ, 17 կարավանատուն։ 1860-ական թթ-ին Գյումրին դարձել է ոչ միայն Հայաստանի, այլև Այսրկովկասի արհեստավոր. խոշոր կենտրոններից։

1920-ի դեկտ. 2-ին կնքվել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի առաջին հանրապետության կառավարության և Թուրքիայի միջև, որով որոշվել է ՀՀ-ի և Թուրքիայի միջև պետական սահմանը, Կարսի մարզը և Սուրմալուի գավառը (ավելի քան 20,7 հազար կմ²) տրվել են Թուրքիային։ Քաղաքը զարգացել է հատկապես խորհրդային իշխանության տարիներին, բնակչությունը 1980-ական թթ-ին հասել է շուրջ 230 հազարի։ Ստեղծվել է բազմաճյուղ արդյունաբերական։

Տնտեսությունը։ Մինչև 1988-ի երկրաշարժը և ԽՍՀՄ-ի փլուզումը տնտեսության առաջատար ճյուղերն էին թեթև (տալիս էր քաղաքի արդ-յան համախառն արտադրանքի 60 %-ը), սննդի (11,9 %), շինանյութերի (0,9 %) արդ-ները։ Խոշոր ձեռնարկություններն էին տեքստիլ, կարի, տրիկոտաժի ԱՄ-ները, գուլպա-նասկեղենի ֆաբրիկան, դարբնոցամամլիչ սարքերի, էլեկտրատեխ., հղկող հաստոցների, «Միկրոէլեկտրաշարժիչ» և այլ գործարաններ։ Զարգացած էին նաև թռչնաբուծությունը և բանջարաբուծությունը։

Սպիտակի երկրաշարժից (էպիկենտրոնը՝ Գյումրիից մոտ 25 կմ հյուսիս-արլ., ուժգնությունը Գյումրիում՝ 8-9 բալլ) զոհվել և խեղվել են տասնյակհազարավոր մարդիկ, ավերվել է 1,8 մլն մ2 բնակելի ֆոնդ, ծառայող․ շենքերի և արդյունաբերական համալիրների ավելի քան 80 %-ը։ Տասնյակհազարավոր մարդիկ հեռացել են Գյումրիից։

Ներկայումս տնտեսության մեջ առանձնանում են թեթև, սննդի, մեքենաշինության, գործիքաշինության ճյուղերը։