Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/905

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայրենի բնօրրանից բռնագաղթածները ձգտում էին հաստատվել նախ այն երկրներում, որտեղ հայեր կային՝ ապավինելու համար նրանց օժանդակությանը։ Հետագա տարիներին արդեն նրանց տեղաշարժերի հետևանքով հայկական համայնքներ են ձևավորվել շատ ավելի մեծ թվով երկրներում։

Ներկայումս սփյուռքահայ համայնքներ կան աշխարհի շուրջ 70 երկրում, սակայն սփյուռքահայության հիմն․ զանգվածը բնակվում է ՌԴ-ում և ԱՄՆ-ում։

Սփյուռքահայության, ինչպես և որևէ այլ ազգային փոքրամասնության գոյավիճակը պայմանավորված է ընդունող երկրների սոցիալ-քաղաքական, տնտեսական և մշակութային առանձնահատկություններով։ Ուստի և Սփյուռքի համայնքները կարելի է խմբավորել՝ ըստ այդ երկրների ընդհանուր բնութագրերի՝ Արևելքի, Արևմուտքի, Հարավային Ամերիկայի և հետխորհրդային տարածքի հայկական համայնքներ։ Այս սկզբունքը, բնականաբար, չի կարող արտահայտել յուրաքանչյուր խմբի մաս կազմող համայնքների առանձնահատկությունները, որոնք իրենց հերթին պայմանավորված են արդեն յուրաքանչյուր առանձին երկրի զարգացման յուրահատկություններով։

Հայկական համայնքներն Արևելքի երկրներում։ Հայոց ցեղասպանության տարիներին բռնագաղթած հայերի հիմն․ զանգվածը մշտ. բնակություն է հաստատել Սիրիայում ու Լիբանանում, մի մասն էլ տեղափոխվել է Հունաստան, Եգիպտոս, Ֆրանսիա, ԱՄՆ, Արգենտինա և այլ երկրներ։ Մինչև 1920-ական թթ-ի վերջը Արևելքի երկրներում գործել են մեծ թվով որբանոցներ և գաղթակայաններ, որոնք հիմնել էին հայկական (ՀԲԸՄ և այլն) և արտասահմ. [Ամերիկյան նպաստամատույց՝ Ամերկոմ (Near East Relief և այլն)] բարեսիր. կազմակերպությունները։ 1938-39-ին, երբ Սիրիայի ֆրանս. իշխանություններն Ալեքսանդրետի սանջակը հանձնել են Թուրքիային, տեղի բնիկ հայ բնակչությունը (շուրջ 40 հազար մարդ) նույնպես ստիպված արտագաղթել և հաստատվել է Լիբանանում ու Սիրիայում։

Լիբանանում, Սիրիայում, Իրանում և Արևելքի թույլ զարգացած, ագրարային այլ երկրներում հայերը շարունակել են զբաղվել արհեստներով ու առևտրով, մասամբ նաև գյուղատնտեսությամբ։ Դա, ինչպես նաև տեղացիների ընդհանուր առմամբ բարյացակամ վերաբերմունքը նպաստել են, որ հայերը համեմատաբար շուտ հարմարվեն նոր պայմաններին։ Երկրորդ համաշխ. պատերազմից (1939-45) հետո տեղի հայերի մեջ զգալիորեն աճել է գործարարների, մասնագետների, ծառայողների և հատկապես ուսանողության թիվը։ Այսպես՝ 1960-ական թթ-ին հայերին էին պատկանում Լիբանանի խոշոր ձեռնարկությունների 18 %-ը և մանր արհեստավոր. ձեռնարկությունների 43 %-ը։ Իրանի և Լիբանանի հայության սոցիալ-իրավական կարգավիճակի կարևոր առանձնահատկություններից է այն, որ այստեղ նրանք ճանաչվել են որպես ազգ-կրոն. համայնք, որի շնորհիվ էլ իրենց ներկայացուցիչներն ունեն այդ երկրների խորհրդարաններում ու կառավարություններում։

Արևելքի երկրների հայության ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն Սփյուռքի մյուս համայնքների, նրանք ապրում են մահմեդ. երկրներում։ Մահմեդականության և քրիստոնեության հիման վրա ձևավորված մշակույթների և ապրելակերպի էական տարբերությունները մեծապես նպաստում են հայերի ազգային ինքնության պահպանմանը։ Կրոնամշակութային այդ առանձնացվածության հետևանքով հազվադեպ են ամուսնությունները տեղացիների և հայերի միջև։ Հայ ընտանիքների ազգային միատարրության շնորհիվ հնարավոր է դարձել աճող սերունդներին տալ հայեցի դաստիարակություն, զարգացնել նրանց ազգային ինքնագիտակցությունը։

1920-ական թթ-ից Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Իրանում մինչ այդ գործող դպրոցների կողքին հիմնադրվել է հայկական միջնակարգ (երկրորդական) և նախակրթական դպրոցների լայն ցանց։ Տեղի հայության համար հայոց լեզուն եղել և մնում է հաղորդակցման միջոց։ Այստեղ տարբեր տարիների հրատարակվել են մեծ թվով հայկական թերթեր ու ամսագրեր, պահպանվել և զարգացել են հայ գեղարվեստական գրակ-յան ավանդույթները։ Բազմաթիվ ազգային, հատկապես մշակութային կազմակերպությունների, կրթական հաստատությունների, հայալեզու