Էջ:Armenia Encyclopedia.djvu/913

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդուհանդերձ, Խորհրդային Միության գոյության տարիներին հայ ժողովրդի 2 հատվածներն ապրել են իրարից անջատ։ Հայրենիքի հետ անմիջականորեն հաղորդակցվելու իրավունքից զրկված լինելու պայմաններում սփյուռքահայերի, հատկապես Արևմուտքի երկրներում ապրող հայության մեջ ազգ-մշակութ. ձուլման երևույթներն ընթացել են առավել արագ, որը հարցականի տակ է դրել առանձին համայնքների հետագա գոյատևումը։ Հայ ժողովրդի 2 հատվածների մեկուսի գոյությունը մի կողմից ավելի է խորացրել արևմտահայերին և արևելահայերին պատմականորեն ներհատուկ առանձնահատկությունները, մյուս կողմից՝ հայաստանաբնակների ու սփյուռքահայերի մեջ ձևավորել են միմյանց մասին թյուր և անիրատես. պատկերացումներ։

1988-ի դեկտ. 7-ին տեղի ունեցած երկրաշարժից անմիջապես հետո ողջ սփյուռքահայությունը շտապել է օգնության հասնել աղետից տուժած հայրենակիցներին։ Հայաստանի քաղաքական անկախության վերականգնումից հետո, Արցախյան ազատագր. պայքարի պայմաններում, երբ երկիրը հայտնվել էր համընդհանուր ճգնաժամի մեջ, Սփյուռքի օգնությունը ծառայեցվել է Հայաստանի ու Արցախի սոցիալ-տնտ. խնդիրների հաղթահարմանը, ապա նաև զարգացմանը (հիվանդանոցների, դպրոցների, ճանապարհների կառուցում, համատեղ ձեռնարկությունների հիմնում և այլն)։ Այդ ծրագրերն իրագործվել են ինչպես կազմակերպությունների (ՀԲԸՄ, Գալուստ Կյուլպենկյան հիմնարկություն, ՀՕՖ, ՀՕՄ, Լինսի հիմնադրամ, «Հայաստան» համահայկական հիմնադրամ, «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործ․ կազմակերպություն և այլն), այնպես էլ անհատ բարերարների նախաձեռնության և ֆինանսավորման շնորհիվ։

Հայաստանի անկախացումից հետո ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը և ՍԴՀԿ-ն հնարավորություն են ստացել վերսկսելու իրենց քաղաքական գործունեությունը երկրում։ Սակայն պետության գոյության առաջին տարիներին երկրի ներքին ու արտաքին քաղաքականության շուրջ իշխանությունների և ընդդիմության տարաձայնությունները վերածվել են կոշտ հակադրության։ Այն արտահայտվել է նաև ՀՀ-ում ՀՅԴ-ի գործունեության կասեցումով (1994-98) և ՌԱԿ-ի պառակտումով։ Այդ հակադրությունը սրվել է նաև Սփյուռքում, որն էլ ավելի է խորացրել հակասությունները Սփյուռքի համապատասխան շրջանակների և ՀՀ ղեկավարության միջև։ Վերջին տարիներին այդ հակասությունները հաղթահարելուց հետո ՀՀ-ի և Սփյուռքի հարաբերություններն աստիճանաբար ընդլայնվում են։ Հայ ժողովրդի 2 հատվածները համախմբելու, նրանց միջև հարաբերություններն առավել արդյունավետ և փոխշահավետ դարձնելու նպատակով ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ 1999-ից հրավիրվում են «Հայաստան-Սփյուռք» համահայկական խորհրդաժողովներ, անցկացվում են Համահայկական մարզ․ խաղեր, 2007-ին ՀՀ խորհրդարանն ընդունել է «ՀՀ երկքաղաքացիության մասին» օրենք և այլն։ 2008-ին ստեղծվել է ՀՀ սփյուռքի նախարարությունը, որն իրականացնում է մի շարք երիտասարդ. ծրագրեր, իրավաբանների, ճարտ-ների, գործարարների և այլ համաժողովներ, Սփյուռքի կենսագործունեության տարբեր հարցերի նվիրված գիտաժողովներ և այլն։

Գրկ. Ալպոյաճյան Ա., Պատմութիւն հայ գաղթականութեան, հ. 1-3, Կահիրե, 1941, 1955, 1961։ Գասպարյան Ս., Սփյուռքահայ գաղթօջախներն այսօր, Ե.,1962։ Աբրահամյան Ա., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1, 2, Ե., 1964, 1967։ Մելիքսեթյան Հ., Հայրենիք-սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը (1920- 1980 թթ.), Ե., 1985։ Դալլաքյան Կ., Հայ սփյուռքի պատմություն (համառոտ ակնարկ), Ե., 1992։ Էջեր հայ գաղթավայրերի պատմության (խմբ-ներ՝ Բարխուդարյան Վ., Եկավյան Ք.), Ե., 1996։ Հայ գաղթաշխարհի պատմություն, հ. 1-2, Ե., 2003։ Հայ Սփյուռք, հանրագիտարան, Ե., 2003։ Մելքոնյան է., Հայկական բարեգործական ընդհանուր միության պատմություն, Ե., 2005 (ռուս, հրտ.՝ Ե., 2010)։ Дятлов В., Мелконян Э., Армянская диаспора. Очерки социокультурной типологии, Е., 2009; Boudjikanian A., Un Peuple en Exil։ La Nouvelle Diaspora (XlXe-XXe siecles), “Histoire des Armeniens", Toulouse, 1982; Ter Minassian A., La Diaspora Armenienne, “Herodote. Revue de geographie et de geopolitique", № 53, P., 1989.

Էդուարդ Մելքոնյան