Սփյուռքահայ կերպարվ-ը հայ մշակույթի ամենակարևոր օղակներից է և զարգանում է նրան զուգընթաց։ Հայրենիք-Սփյուռք հոգևոր կապին նպաստում են հայ արվեստագետների միությունների, Հայաստանի թանգարաններում սփյուռքահայ արվ-ի հատուկ բաժինների ստեղծումը, ցուցահանդեսների կազմակերպումը, նաև արտերկրի հայ արվեստագետները, մշակութային կազմակերպությունները և այլն։
Ֆրանսահայ կերպարվ-ի սկզբնավորումը սերտորեն առնչվում է նատյուրմորտի վարպետ Զաքար Զաքարյանի անվան հետ, որը ներշնչվել է XVII դ-ի հոլանդ. գեղանկարչությունից, նաև XVIII դ-ի ֆրանսիացի նկարիչ Ժան-Բատիստ Սիմեոն Շարդենից։ Նկարել է կենցաղային, գեղանկարչական իրեր, մրգեր և երաժշտ. գործիքներ։ Զաքարյանի կտավներին բնորոշ են կուռ կառուցվածքը, նյութի խոր զգացողությունը, մթնոլորտի լուսային խաղերը, արտահայտչալեզվի կատարելությունը (միջազգ. ցուցահանդեսների Ոսկե մեդալներ՝ 1882, 1900, «Պատվո լեգեոն» շքանշան, 1889)։
Ֆրանս․ կերպարվում ճանաչված է օֆորտի նշանավոր վարպետ Էդգար Շահինը, որը շուրջ 1000 գործերի հեղինակ է. «Մետրոյի շինարարությունը» նկարաշարում (1906-10) ցայտուն կերպով դրսևորվել է նկարչի առաջադիմ. աշխարհայացքը։ Ստեղծել է նաև կրկեսի, ժողովրդական տոնախմբությունների նկարաշարեր, գործազուրկների ու դերասանների դիմապատկերներ, բնանկարներ, նկարազարդել գրքեր։ Նրա արվ-ում առանձնահատուկ տեղ ունի հայկական թեման («Ալևոր հայը», «Պողոս Նուբար», «Տիկին Զարմիկյան» և այլն)։ Շահինի ստեղծագործությունը հայ մշակույթի և XX դ-ի սկզբի եվրոպ. կերպարվ-ի նշանակալի երևույթներից է։ 1928-ին նա ընտրվել է Խորհրդային Հայաստանի կերպարվեստագետների միության պատվավոր անդամ։ Վենետիկի միջազգ. ցուցահանդեսում արժանացել է Ոսկե մեծ մրց-ի (1903), Ֆրանսիայի կառավարությունը նրան շնորհել է Պատվո լեգեոնի շքանշան և ասպետի աստիճան։
Օֆորտի բնագավառում հայտնի է նաև Տիգրան Պոլատը. հեղինակ է դիմանկարների, կենցաղային պատկերների («Ավել վաճառողը», «Փողոց Կահիրեում» և այլն), նկարազարդել է Անատոլ Ֆրանսի «Սուրբ Կլարայի ջրհորը» (1904), Ժան դը Լաֆոնտենի «Առակների» ակադեմ. հրատ-ը (1930) և այլ գրքեր։ Նրա արվ-ն առանձնանում է նուրբ արտահայտչականությամբ, սևի ու ճերմակի հարուստ երանգավորմամբ։
Ֆրանսահայ բնանկարիչներ Կարապետ (Շառլ) Ադամյանի, Հովհաննես Ալխազյանի կտավներն օժտված են երփնագրային նուրբ վարպետությամբ, կենդանի և հուզ. շնչով։ Նկարիչներ Վարդան Մախոխյանը, Արսեն Շապանյանը Հովհաննես Այվազովսկու արվ-ի հետևորդներն են և մեծ ավանդ ունեն հայկական ծովանկարչության զարգացման մեջ։
Մոսկվայում և Փարիզում է ձևավորվել Հակոբ Գյուրջյանի արվ-ը։ Նա բազմաժանր արձանագործության հիմնադիրն է հայ իրականության մեջ. օժտելով այն բազմակողմանի բովանդակությամբ և գեղարվեստական ընդհանրացումներով՝ հասցրել է համաշխ. ճանաչման։ 1910-ական թթ-ին դաս. ոճով է կերտել Մաքսիմ Գորկու, Սերգեյ Ռախմանինովի, Իսայ Դոբրովեյնի, Արշակ Չոպանյանի կիսանդրիները։ Նույն շրջանում ստեղծած նրա «Լև Տոլստոյը» հետագայում դրվել է Փարիզում՝ գրողի անվան պուրակում։ Գյուրջյանը կերտել է նաև մի շարք մոնումենտալ արձաններ՝ «Հաղթանակ» (1923), «Սալոմե» (1925-26), «Պարուհիներ» (1929) և այլն։ Քանդակագործի մահից հետո նրա այրին Հայաստանին է նվիրել 400 աշխատանք, ՀԱՊ-ում գործում է նրա ստեղծագործությունների մշտ. ցուցասրահ։
Ֆրանս․ դիմադրության շարժման մասնակից, քանդակագործուհի Դարիա Կամսարականը (աշակերտել է Էմիլ Անտուան Բուրդելին) ստեղծել է արտահայտիչ դիմաքանդակներ («Պողոս Նուբար», «Սաշա Փիթոև», «Ռոժե Վայան» և այլն), հայ մտավորականների հուշարձանը Բանյոյում (Փարիզ), նաև պատերազմ․ թեմայով մի շարք քանդակներ։ Փարիզի (1937) և Վենետիկի (1947) միջազգ. ցուցահանդեսներում արժանացել է Ոսկե մեդալների։
1926-ին Փարիզում հիմնադրվել է հայ արվեստագետների «Անի» խմբակցությունը (գործել է մինչև 1931-ը)։ Նախագահ է ընտրվել Հովսեփ Փուշմանը (հետագայում