Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/930

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղափոխվել է ԱՄՆ), քարտուղար՝ Սարգիս Խաչատուրյանը, որը հայտնի է 1915-ի հայ գաղթականների կյանքը պատկերող կտավներով և Հնդկաստանի հինավուրց որմնանկարների պատճենահանումներով։ Խմբակցության նպատակը Սփյուռքի հայ արվեստագետներին միավորելն էր, եվրոպ. հասարակությանը հայ մշակույթին ծանոթացնելը, Հայաստանի պետական թանգարանի հարստացմանը նպաստելը։ 1931-ին ստեղծվել է «Հայ ազատ արվեստագետներ» միությունը (նախագահ՝ Ռաֆայել Շիշմանյան, 1947-ին հայրենադարձել է), որը պարբերաբար կազմակերպել է ցուցահանդեսներ։ 1968-ին կազմավորվել է «Թորոս Ռոսլին» միությունը (Փարիզ), որտեղ ընդգրկվել են նոր սերնդի արվեստագետներ։ 1950-ական թթ-ից Փարիզում գործում է «Հայ արվեստի թանգարանը» (հիմնադիր՝ Նուրհան Ֆրենկյան)։

1940-50-ական թթ-ին գեղարվեստական լեզվի արդիականությամբ ֆրանս. արվ-ում որոշակիորեն առանձնացել են Պետրոս Կոնտրաջյանը, Լևոն Թյությունջյանը, Հանրի Հերոն (Հրանտ Թեքեյան)։ Ստեղծագործ. որոնումների ճանապարհով են ընթացել նաև Մելքոն Քեպապճյանը, Հրանտ Կյուլպենկյանը, Արմիսը (Արմենակ Միսիրյան), Բուզանդ Թոփալյանը, Զարեհ Մութաֆյանը։

Ֆրանս․ արդի գեղարվ-ի խոշոր դեմքերից է Գառզուն (Գառնիկ Զուլումյան)։ 1924-ին հաստատվել է Փարիզում, հաճախել Մոնպառնասի «ազատ ակադեմիաները»։ 1939-ին Փարիզում բացվել է Գառզուի առաջին անհատ․ ցուցահանդեսը։ 1941-ից նկարչի գործերը ցուցադրվել են «Անկախների» և «Աշնանային» սալոններում, 1945-ից՝ «Դրուան-Դավիդ» ցուցասրահում։ 1953-ից արժանացել է միջազգային ճանաչման։ 1950-ական թթ-ի գործերում ձևավորվել են պատերազմի արհավիրքն ապրած նկարչի հակապատերազմ. տրամադրությունները և մարդասիր. աշխարհայացքը։ Պատկերել է լքված ու ավերված պալատներ, նավահանգիստներ, երկթղ. կայարաններ, որտեղ իշխում են ամայությունն ու տագնապի զգացողությունը։ Նշանավոր են Գառզուի «Հայտնություն» (1956), «Ապոկալիպսիս» (1957), «Երկրային դրախտ» (1959) և այլ նկարաշարեր, մի շարք գրքերի նկարազարդումներ (Անդրե Մորուայի «Ֆրանսիա», 1958, Ալբեր Քամյուի «Հուշատետրեր», 1965, և այլն), բազմաթիվ գրաֆիկ․ գործեր (վիմագրություն)։ Նա հայտնի է նաև որպես բեմանկարիչ (Ադոլֆ Ադանի «Ժիզել», Ժան Ֆիլիպ Ռամոյի «Բարեկիրթ հնդիկները» և այլն)։ 1979-ին Գառզուն ընտրվել է Ֆրանս․ գեղարվ-ի ակադ-ի անդամ։ Մասնակցել է միջազգային ցուցահանդեսների, արժանացել Հալմարկի (3 անգամ), «Իլ դը Ֆրանս» (1954), «Մեծ մրցանակ» (1955, Տոկիո), ՀՆՄ Մարտիրոս Սարյանի անվան (1981) մրց-ների, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի (1956) և ասպետի աստիճանի (1971)։ 1990-ական թթ-ին Ֆրանսիայի Մանոսկ քաղաքի եկեղեցին վերածվել է Գառզուի որմնանկարների («Ապոկալիպսիս» շարքից) թանգարանի։

Ֆրանս․ արվ-ում ճանաչված է նաև Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան), որը 1944-ից ցուցադրվել է «Անկախների» և այլ սալոններում։ Վաղ շրջանում ստեղծել է զուտ ազգային թեմաներով կտավներ («Հայուհին», 1946, «Հայկական հարսանիք», 1947, «Թաղում», 1951, «Հայ ծերունու մահը», 1956, և այլն), ապա՝ թշվառ, ընչազուրկ մարդկանց կենցաղը պատկերող բազմաֆիգուր, ծավալուն կոմպոզիցիաներ («Ընտանիք», 1953, «Շուկայում», 1954, «Ձկնավաճառներ», 1957, «Թափոր ջահերով», 1962, և այլն)։ «Պար» (1970), «Ցլամարտ» (1972), «Դիմակահանդես» (1978) հայտնի նկարաշարերում արտացոլվել են նկարչին մշտապես հուզող կյանքի ու մահվան, մարդու գոյատևման պայքարի գաղափարները։ Ժանսեմի ստեղծագործության վրա խոր հետք են թողել Մեծ եղեռնի արհավիրքները՝ կապված իր տխուր մանկության հիշողությունների հետ։ 2002-ին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստ-ին է նվիրել իր «Եղեռն» (34 նկար) շարքը։ Ճապոնիայում