Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր Gibil կամ Gibir կրակի աստվածությունը, որ գիշերից և խավարամած ջրերից առաջ եկող Anounnski կոչված չար ոգիների ամենազորեղ թշնամի աստվածությունն էր։ (G. Maspero. Hist. anclenne des peuples de l'Orient classique. Paris, 1895, p.634-635.)։

Տների վառարանների մեջ զոհի սեղանների վրա վառված կրակի բոցերի երևումը կփախցներ չար ոգիները և կցրեր անոնց զորությունը։ Կրակը երկնքի արեգական ներկայացուցիչ կամ գերագույն քրմապետ էր երկրի վրա, իր բոցեղեն լեզուներով կխայթեր հակառակորդին և պատգամաբերն էր Mardouk կամ Asari-ի G. Maspero. Hist. ancienne des peuples de l’Orient. Paris, 1904 թ., 164)։

Շարդեն, քննելով Ատրպատական բառի ծագումը և ստուգաբանությունը, կհետևեցնե, որ այս երկիրը պատկանելով հին Ասորեստանին և Ասուրի միջոցավ կրակի պաշտամունքը ընդհանրանալուն պատճառող այս երկիրը կոչվեցավ Asurpaican այսինքն՝ pays d'Assour= ասուրի երկիր, որ նշանակում է նաև կրակի երկիր։ (Voyages du chevalier Chardin en Perse, t. II, p. 308-312, Paris, 1811.)

Թեև ձեռքի տակ չունիմ ասորա-քաղդեական կրոնի մասին ընդարձակ աղբյուրներ, սակայն կարծում եմ, որ ավելիին իսկ կարիք չկա, քանի որ անոնց կրոնական տաճարների ձևերը ընդհանրապես միօրինակ են և ունիմ ձեռքի տակ անոնց մի քանի օրինակները աշխատությանս մեջ զետեղելու համար, այստեղ էականն այն է, որ հնագույն կրակապաշտությունն էր, որ ընդունված էր ասորա-քաղդեական կրոնի մեջ և շարունակվում էր գուցե նախորդեն քիչ տարբեր վերագրումներով և երկրորդական մի աստվածություն կամ պաշտելի ոգի էր։

Ասորա֊Քաղդեայի մեջ զարգացող բազմաստվածյան կրոնը այնպիսի բարդությունների հասեր էր և այնպիսի խառնափնթոր մի վիճակ էր ստացել, որ քաղաքե քաղաք, երկրե երկիր միևնույն աստծուն տարբեր վերագրումներ էին հատկացնում, բացի այս, նաև երկրի զանազան մասերում այնպիսի տեղական նոր աստվածություններ էին երևան գալիս, որը երկրի ուրիշ մասերում անծանոթ էր։ Ահա այս անկերպարան վիճակին էր հասած Ասորա-Քաղդեայի բազմաստվածյան կրոնը իր անկման վերջին շրջաններում, երբ տեղի տվավ ուրիշ նորագույն աշխարհակալների։ Գրեթե միևնույն հողի վրա, միևնույն երկրին տիրապետող իրանական ցեղին անցավ հին բազմաստվածությունը՝ իբրև պետական կրոն և հասավ մի անտանելի քաոսային դրության։

«Կըսվի թե ժամանակի պահանջն էր Զրադաշտի երեվնալը, ինչպես նաև տարօրինակ մի զուգադիպությամբ Զրադաշտի հետ միասին երևան են գալիս Չինաստանի մեջ Կոնֆուցիուս և Հնդկաստանի մեջ Բուդդա 6-րդ դարուն Ք․ ա․։ (D. Ramée. Hist. générale de l'Architecture, t. I, p. 46):

Տարակույս չկա, որ կրոնական այսպիսի բարդ և մարդկային ընկերականության խղճին ու սրտին վրա ծանրացող մի ընդհանրական դրություն, առիթ պիտի տար բարեկարգիչներ երեվալուն։ Միայն Պարսկաստանում, Չինաստանում և Հնդկաստանում չեն որ հավատացյալները մի կոշմարային դրությունից ազատելու համար երեվան են եկել բարեկարգիչներ, կրոնը պարզելու և ավելի բարոյական սկզբունքների վրա հիմնելու համար։ Այս իսկ պատճառներով է եղել, որ հետագայում ևս երևացել են ուրիշ բարեկարգիչներ ամեն ազգի և կրոնների մեջ, սակայն այս մասին խոսել իմ նպատակիցս դուրս է։

* * *

Որովհետև այժմ զբաղվելու ենք հին բազմաստվածյան ազգերի տաճարներու ձևերով, որոնք հետզհետե փոխանցվեր են հաջորդող ազգերուն, ուստի գիտնականների տված տեղեկություններեն հաջորդաբար կքաղեմ այն գլխավոր մասերը, որոնք տաճարների ձևերին կվերաբերին, ծիսական արարողություններից կդնեմ միայն այն հատվածները, որոնք անմիջական կապ ունին տաճարի ձևին հետ և տաճարի ձևը ավելի լավ բնորոշելու հատկանիշն ունին։ Ուստի նախապես բնորոշենք այն տաճարներու ձևերը, որոնք կգտնվեին նախքան քաղդեացիները՝ հին ցեղերի գաղթականության ժամանակ։

Քիչ առաջ գրեցի, որ հին սկյութացիների մեջ երևցավ բնապաշտական կամ երկնային մարմինների մի պաշտամունք, ի շարս որոնց կգտնվեր նաև կրակի պաշտամունքը, այս մասին հետևյալը կգրե Շարդեն․− «Այս հին ազգերի պաշտաման արարողությանց համար, ինչպես կգրեն, հատուկ շինություններ չեն եղած իբր տաճար, ինչպես երևում է այս հին ազգերի կրոնական արարողությունները կատարվել են բացօթյա որոշ տեղերի վրա, որոնք թե աղոթատեղիներ էին և թե կրոնական հանդիսավայրեր»։

Այս մասին Շարդեն կգրե հետևյալ տողերը. «Կային նաև ազգեր, որոնց կրոնական պաշտամունքները կկատարվեին բարձր բլուրներու և սարերու վրա, այս մասին կան բազմաթիվ վկայություններ….» (Voyages du chevalier Chardin en Perse, t. II, p. 76):

Ասորա-քաղդեական կրոնն իր նախնական պարզ վիճակին մեջ ըստ էության բնության և երկնային աստեղաց պաշտամունք էր և բնականաբար մի տեսակ շարունակություն հին սկյութական կրոնին, սակայն ասորաքաղդեացիք, իրենց նախորդներու նման չվարվեցին. փոխանակ քաղաքներե և մարդկային բնակություններե հեռու գնալով կրոնական հանդիսավոր պաշտամունքներ կատարելու, արվեստական կերպով այդ բարձունքները կամ սարերը մոտեցրել են քաղաքներին և մարդկային ամբոխին հսկայական ձեռագործ սարեր և բլուրներ կազմել, որոնց մասին ընդարձակ նկարագրություններ ունին ներկայիս պատմաբան-գիտնականներ։

Ասորեստանյան վիթխարի տաճարներն էին Zigho-urat անվանված շենքերը, որոնց փլատակները միայն կան տեղին վրա, սակայն եվրոպացի գիտնականներ ոչ միայն անոնց նկարագիրը տվել են մեզ, այլ և այդ վիթխարի տաճարների վերակազմությունները։ Ճարտարապետության պատմաբան A. Choisy-ն հետևյալը կգրե այդ մասին. «Այն հսկայական բլուրներու նմանող աշտարակները, որոնք Բաբելոնի գլխավոր հուշարձանները եղան, մեհյանները և միևնույն ժամանակ