Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


աստղադիտարաններ էին, աստեղաց պաշտաման մի երկրի մեջ երկու գաղափարները կմիախառնվեին։ (A․ Choisy, Hist․ de l’Architect, t. I, p. 101-102):

Սկսած ասուրա-քաղդեական ամենահին շրջանեն մինչև աքեմինյան պետության կազմակերպման նախօրյակին, պաշտաման հատուկ տաճարների մասին թեև պատմական տեղեկություններ շատ հազվագյուտ են և եղածներն ալ խոսում են հօգուտ Ziggourāt-ի, սակայն այսօր պատմագիտության սեփականությունն են դարձած այն մեծազանգված շինությանց փլատակները, որոնք անվիճելի կերպով քաղդեական մեհյաններ և միևնույն ժամանակ աստղադիտարաններ էին։ Այս Ziggourāt-ները շինելակերպերու կամ փոքր հարամասունքներու մեջ, թեև փոքրիկ տարբերություններ ունեն միմյանցից, սակայն ընդհանուր ձևերով միատեսակ են ամբողջ ասորա- քաղդեական երկրին մեջ։ Ուրեմն այլ ևս Ասորա-Քաղդեայի համար կրոնական տաճարի ուրիշ ձև փնտրելը ավելորդ կլինի և սկզբից մինչև վերջ միմիայն Ziggourāt-ը կմնա իբրև պաշտաման տաճար։ Ziggourāt-ի լեռնանման վիթխարի զանգվածին գլուխը միայն կգտնվեր մի փոքր հարկածածուկ շենք, որուն մեջ կդրվեին ըստ ոմանց մի մեծ աստծու արձան, և ըստ այլոց գիշերները անքուն կանցներ այդ սենյակին մեջ մի քուրմ, որուն պաշտոններեն մեկն էր հսկել և դիտել մինչև առավոտ երկնից աստղերի ընթացքը։ Այս հսկայական շենքերի մասին ես կդնեմ այստեղ գիտնականների և պատմաբանների տված նկարագրություններն ու բացատրությունները։

Ziggourāt-ի այլազանություններեն մեկը և պետք է ըսել ավելի մեծն ու ճոխը, որ ըստ Maspero-ի ընդհանրացած էր, այս այլազանություններեն մեկ օրինակին, Belus-ի նվիրված մեհյան Ziggourāt-ն է, որուն մանրամասն նկարագրություն կուտա ճարտարապետության պատմաբան Դ․ Ռամո, հետևյալ կերպով.

«Բաբելոնի հարավ-արևմտյան անկյունին վրա Մեմփիսի պիրամիդներեն հետո ամենահին հիշատակարանը Belus-ի մեհյանն էր հիմնված։ Այս հսկայական շենքը գտնվեցավ Birs Nemrod ըսված ավերակներուն մեջ, Եփրատեն ինը կիլոմետր հեռավորության վրա։ Այս ավերակներուն ծագումը երկար ժամանակ անորոշ էր, կարծում էին, որ Բաբելոնի ավերակներեն այս չափ հեռու ընկած տեղ, չէր կարող քաղաքի (Բաբելոնի) մասը կազմել: Բելի կամ Բաաղի մեհյանը, ի սկզբան ունեցավ մի քառակուսի պարիսպ ամեն կողմեն երկու ստադ երկարությամբ, որուն մտից դռները անագապղնձե էին, և գոյություն ունեին տակավին Հերոդոտի ժամանակ (484-425 ն. ք․)։

Կեդրոնին վրա, կանգնված էր մեծազանգված մի քառակուսի շինություն, ամեն կողմեն մեկ ստադ (184 m 94.) (Herodote, II, CCLXXXI.):

Առաջին շինության վրա կանգնված էր մի ուրիշը (ներքինից ավելի փոքր տարածությամբ), երկրորդին վրա մի երրորդ և այսպես շարունակաբար մինչև յոթը։ Սա ութ աստիճանով մի բուրգ էր խարիսխի չափով մի ստադ բարձրությունով, արտաքուստ շինված էին աստիճաններ, որոնցմով կբարձրանային յուրաքանչյուր հարկի վրա։ Այս սանդուղներու կեդրոնին վրա կգտնվեին մի խուց և աթոռներ, որոնց վրա կհանգստանային բարձրացողներ։ Թեև պատմական տեղեկություններ չկան այս հարկերու բարձրության մասին, սակայն անոնց յուրաքանչյուրը պետք էր որ 23 մետր բարձրություն ունենար։ Վերջին հարկի հարթավայրին (տանիքին) վրա կգտնվեր մի մեծ մատուռ, մատուռին մեջ մեծ շքեղ անկողնին մոտ մի ոսկեղեն սեղան։ Այս մեհյանին մեջ բնավ արձաններ չկային։ Քաղդեացի կղերականները պատմեցին Հերոդոտին որ, երկրեն մի կին գիշերը կանցներ այնտեղ, ինչպես Եգիպտոսում Թեբեի Ամմանի տաճարին մեջ, ինչպես նաև Լիսիում Պատարի (patare) մեջ։ «Այս ութ աստիճանավոր բուրգի ստորոտը կտեսնվեր մի մատուռ, ուր Բելը նստած ներկայացնող ոսկեղեն մի մեծ արձան, արձանին մոտ ոսկեղեն մի մեծ սեղան, պատվանդանը և աստիճանները նույնպես ոսկեղեն էին, քաղդեացիները Հերոդոտին ասացին, որ այն ամենը արժեն ութ հարյուր ոսկի տաղանդ (հիսուն և վեց միլիոն ֆրանկ)։ Մատուռին դուրսը ևս կտեսնվեր մի ոսկեղեն (զոհի) սեղան և ուրիշ մի շատ մեծ սեղան, որուն վրա կզոհեին տարեկանից վեր զոհեր, որովհետև ոսկեղեն սեղանին վրա թույլատրելի է զոհել միմիայն կաթնակեր անասուններ։ Քաղդեացիները այս աստծո տոնին օրը, մեծ սեղանին վրա, ամեն տարի, հազար տաղանդ կշիռի ծանրությամբ խունկ կծխեին (Herodote, II, CCLXXXIII) գրեթե 24,970։ Սրբազան պարիսպին մեջ կար նաև 12 արմկաչափ բարձրությամբ ոսկեձույլ մի արձան, որը Քսերքսես գրավեց։

«Հավանաբար այս բուրգն էր, որ քաղդեացիք իբրև աստեղագիտական դիտարան ծառայեցուցին, անշուշտ այնտեղ էր, որ Նաբուգոդոնոսորեն առաջ գիտնականներ հաստատեցին իրենց դիտարանը»։

«Ալեքսանդր վճռած էր, որ իր Հնդկաստանեն վերադարձին, նորոգեր Baa-ի տաճարը, իր վերջին օրերուն տասն հազար բանվոր աշխատցուց այս ձեռնարկի համար երկու ամսվան մեջ, բայց հազիվ կարողացավ նախկին շինության փլատակները մաքրել։ Մահը ընդհատեց այս աշխատությունները և իրմե հետո, ոչ ոք չի մտածեց այս աշխատությունները շարունակելու մասին»։ (D. Ramée Hist․ génerate de l’Architect. տ. I, p. 306-308):

Այս Ziggourāt-ն «այն աստիճանավոր աշտարակն է, որ հույները հիացել էին, Բաբելոնի մեջ…… անոր ավերակները կմնան, բայց դարերու ընթացքին մեջ՝ խորապես այնքան հաճախ խառնված էր, որ այսօր այլևս չի գիտցվեր, թե, ի՞նչ կբովանդակեր նախնական շինությունը։ (G. Maspero. Hist. ancienne des peuples de l’Orient classique, Paris 1895, p. 628): Եվ որ ավելի հետաքրքրական է և կարևոր այս աշխատությանս համար, «Մինչև այժմ ներքին հարկաբաժիններու ոչ մի հետք չի գտնված»։

«Այլազանության երկրորդ տեսակը որուն ընդհանրապես ստորին Քաղդեայի մեջ ավելի նախապատվություն տրված էր, տարբերությունը այն էր, որ փոխանակ միմյանցից հետզհետե փոքրացող խորանարդ զանգվածները կեդրոնին վրա մեկմեկու վրա բարձրացնելու, չէին անցներ կեդրոնական ուղղահայացը և մեկ կողմին վրա՝ հետևը հանկարծական կբարձրանար հողեն, իսկ հակադիր կողմը կբացվեին ընդարձակ հարթավայրեր։ Հարկերը ամբողջովին շինված էին արեգակի տակ չորացված կավի զանգվածներով։ Ամենակատարը