Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկու կարգ իրարու վրա, որոնց մեջ կան նաև ջրաղացներ և ձիթահանքեր, քարի մեջ փորված զույգ գերաններով (ուղիղ բաղնիքի տակը), այս ձորին ծայրը չի հասնիր մինչև Ախուրյանի եզերքը, այլ կվերջանա Լուսավորիչ եկեղեցվո մոտ, կամ անկից ալ քիչ մը վար. անկեց ցածը արդեն ահավոր բարձրությամբ քարակտուրներ են, որոնք իսկապես անառիկ դարձուցեր են Անին։ Այդ քարկտուրներր բոլորովին անմերձենալի կերպով կուգան կհասնին մինչև Կուսանաց վանքին ներքև, ուր գետափին կան ամենափոքրիկ երկու շինություններ, մին՝ մատուռ և մյուսը որպես բնակարան՝ մեկ բաժանումով։ Կուսանաց վանքի արևմտյան կողմեն միայն ճանապարհ շինված է եղեր ի հնումն քաղաք բարձրանալու՝ կամուրջեն անցնողներու համար։ Կուսանաց վանքեն դեպի արևմտուք կգտնվի կամուրջը, կամուրջեն քաղաք բարձրանալու համար բացի այս գլխավոր ճանապարհեն կան նաև ուրիշ ճանապարհներ տարբեր ուղղություններով, որոնցմե մեկը կբարձրանա միջնաբերդի ստորոտը, մյուսը կանցնի դեպի Աղջկաբերդ, հատ մը ևս կա դեպի Փրկիչի առջև դուրս եկող, որուն դռան բեկորները կան այժմ։ Ախուրյանի հյուսիսային եզերքին վրա մինչև Աղջկաբերդի ժայռը ծածկված է խիտ քարայրներով, որոնցմե շատերը հողով ծածկված կամ փլած են, իսկ հարավային եզերքը բոլորովին սև ապառաժ և քարայրեր փորելու անհարմար ըլլալուն պատճառով բնակությունները վերը քարափի հարթության վրա եղած է, ուր մինչև այժմ կտեսնվին թե՛ բնակությանց թողած հետքերը մինչև Աղջկաբերդի դիմաց և թե՛ ընդարձակ գերեզմանատուններ, որոնց մեջ կան արձանագրված և քանդակագործված տապանաքարեր։ Կամուրջին դիմացը գտնված գերեզմանի մի քարի վրա եղած արձանագրության մը ձևեն կը հասկացվի, որ այդտեղ մինչև 16-17 դարերը բնակություն եղած ըլլա։[1] Կամուրջին անմիջապես արևելյան կողմը անկեց 50, 60 քայլ հեռավորության վրա գետափին բարձրավանդակ հարմար տեղի մը վրա կառուցված է եղեր փոքր մատուռ և քահանայից բնակարան, որոնց հետքերը կնրմարվին։ 1908 թվականին հայր Միքայել երևան հանեց այս ավերակը և մեջը գտավ գերեզմանաքար, կարմիր քարե, օրորոցաձև քանդակված, արձանագրված կա վրան անթվական այս է հանգիստ ամիր Սարգսին:

Սկսած Աղջկաբերդի արևելյան ճակատեն շուրջանակի մինչև Ծաղկոցաձորի Ախուրյան խառնվելու բերանը անմերձենալի բարձրաբերձ քարաժայռեր են, հազիվ կան տեղ տեղ վեր բարձրանալու հարմար տեղեր, սակայն այն տեղերն ալ Անիի շինությունեն ավելի կանուխ, թերևս Կամսարականներու ժամանակեն պարսպափակ եղած են, այդ հին քառակուսի բուրգերով ամրացված պարիսպներուն կարևոր մնացորդները դեռ կմնան մինչև այսօր գետին կողմեն. Աղջկաբերդի բարձունքին վրա եղած դեղնագույն քարե պարիսպները ավելի հետնագույն ժամանակի, հավանաբար ԺԳ դարու գործեր են։

Ախուրյանի վրա, Ծաղկոցաձորի բերանեն սկսյալ մինչև միջնաբերդի տակ հասնելը, մարդս թե ինչ տեսակ սարսափելի բարձրությամբ սուր քարակտուր բարձրությունները և նեղ անցքեր ու կիրճեր կտեսնե, այդ միայն տեսնելով կարելի է գաղափար կազմել, այդ մասերը տեսնելուց միայն կարելի է հասկընալ թե ինչու Բագրատունիք Անին ընտրեցին իբրև մայրաքաղաք և անառիկ տեղ։

Պատմությունն ալ ցույց կուտա արդեն թե ոչ մեկ ատեն Անին պատերազմով չէ ընկած, թշնամին անզոր է մնացած միշտ այդ բնական և արվեստական հրաշակերտ ամրոցին առջև, եթե իրեն օգնության չհասնեին ներքին խառնակություններ, մատնություններ և դավաճանություններ։

Միջնաբերդեն սկսած Ծաղկոցաձորի կողմը թեև շատ խոր և թեք զառիվայր, սակայն հնարավոր կարելի էր համարել թշնամին մոտենալու, ուստի այս կողմեն ալ երկու կարգ պարիսպներով ամրացված է եղեր մինչև Բագրատունյաց կարծեցյալ պալատը (Իշխանական կամ Պարոնաց պալատ), ուր կվերջանա հյուսիսային պարիսպներու շարքը և Իգաձորի վրայի պարսպամասը։ Հազարներու կհասնին Ծաղկոցաձորի մեջ երկու կողմի վրա եղած մեծ ու փոքր քարայրներու թիվը, որոնց մեջ այնպիսի ընդարձակ բնակություններ եղեր են բազմաթիվ բաժանումներով, որ այսօր 5000-ե ավելի ոչխար կտեղավորվի անոնց մեջ, կան շքեղ տոհմային դամբարաններ, եկեղեցիներ, մատուռներ և գետնափոր

  1. Այս է հանգիստ հայրապետ Քեյին։ Քէյիա բառը թուրքերեն հետնագույն գործածական բառ կկարծեմ (գյուղապետ)։