Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առարկա են եղել խորանի մեջ զետեղվելով․ եկեղեցիի հյուսիսային կողմը շենքին մոտիկ կա մի խաչի պատվանդան, որը 13-րդ դարու է։ Աղավնատան բերդի հարավային կողմը, բերդը շրջապատող մեծ պարսպից դուրս կա մի մեծ խաչարձան պատվանդանավոր, պատվանդանի առջև կան տապանաքարեր, որոնց մեկն ամբողջովին արձանագրված է, սակայն ժամանակի ընթացքում քարն այնքան է մամռոտած, որ գրերը գրեթե մամուռի ներքև անհայտանալու վրա են. նշմարվող տառերի ձևից կարելի է հետևցնել միայն, որ արձանագրությունն անպայման 14-րդ դարու գործ է։

Աղճաղալայից մինչև Աղավնատուն, գյուղերի սահմաններին անմիջապես կից եղող նախաքրիստոնեական անշաղախ որձաքարով կազմված ամրոցներու պատեր, կրոմլեխների մնացորդներ հաճախ տեսնելով միանգամայն համոզվեցի, որ այդ շրջանը եղել է նախաքրիստոնեական, նույնիսկ նախնադարյան շրջանի հոծ բնակչության մի միջավայր, ուստի հարցաքննելով այդ ուղղությամբ մոտս հավաքված գյուղացիներին, ստացած պատասխաններս խրախուսեցին ինձ գնալ և անձամբ տեսնել այն ամենն, ինչ որ գյուղացին, երբեմն չափազանցված, երբեմն այլափոխված ձևով և մեկնություններով նկարագրում էր։ Հարցումներս առհասարակ հին կրոմլեխների, նախապատմական դամբարանների և պաշտաման տեղերի շուրջն էր դառնում, և այս ամենին համար գրեթե հաստատական պատասխաններ էի ստանում։ Ուստի վճռեցի հետևյալ առավոտ շրջագայել շրջանները և մանրամասն հետազոտել։

Հետևյալ օրը վաղ առավոտյան Աղավնատուն գյուղի և Հարամլու գյուղի սահմանին, Աղավնատան հողի վրա տեսա մի կրոմլեխ, որը բավականին բնորոշ ձևով պահված էր, թեև շրջանակի քարերից պակասում էին, այնուամենայնիվ բոլորակի չափը, ձևը և քարերի տաշվածքն ու շարվածքը հասկանալու չափ, անաղարտ մնացել էին նաև երկու հսկայական անտաշ քարերից տապանաքարեր։ Այս կրոմլեխն այնքան ուշադրությունս գրավեց, որ չափագրեցի, գծագրեցի, մասամբ վերակազմելով նախնական վիճակը։

Երբեմն թուրքաբնակ, իսկ այժմ ամայի մոտակա Հարամլու գյուղը այցելելով տեսա մի շատ հնագույն ավերակ, որը բերդի նմանություն չուներ, այնուամենայնիվ նախաքրիստոնեական մի կարևոր շենքի տպավորություն թողեց իմ վրա։ Շենքը գտնվում է հին գյուղի դիմաց, մի բլուրի վրա, շինված է միջակ մեծությամբ կիսատաշ, սևագույն կարծր քարերով, ներքին բաժանումների հետքեր չեն մնացել, եթե եղել են քանդվելով և քարերը տարվելով անդադար անհայտացել են։ Արտաքին շարքերից ևս հազիվ մնացել է մի կարգ քար։ Բլուրի ստորոտն աստ անդ թափթփված են խաչքարի բեկորներ, շենքերից քանդված հրաբխային սրբատաշ քարեր, մի հատ անընթեռնելի արձանագրության բեկոր, որոնք ցույց են տալիս թե այստեղ, անկախ բլուրի գագաթի շենքից, եղել են կրոնական կամ աշխարհիկ շենքեր և միանգամայն անհետացել են, իրենց գոյության ապացույց հազիվ մի քանի քարեր և բեկորներ թողնելով։

Հարամլուի քննությունը վերջացնելու հետո ուղղվեցի դեպի արևմուտք և արևմտահյուսիս ամայի և անմշակ վայրերը քննելու, որոնց տեղական բնակիչները ղըռ էին անվանում։

Աղավնատան սահմանից դեպի Կոշ (հնումն Կուաշ) գյուղը հազիվ մի կիլոմետր հեռավորության վրա, սկսեցին երևալ կրոմլեխներ և նախապատմական գերեզմաններ։ Հետզհետե խտանում էին գերեզմանները դեպի Կոշ և դեպի Շամիրան գնալու ճանապարհին երկու կողմերը։ Չափազանց զարմացնում էր ինձ այդ գերեզմանների գրաված վայրերի ընդարձակությունը։ Մոտավորապես երեք քառակուսի վերստ տեղի վրա տարածված էին մի քանի տեսակ նախապատմական գերեզմաններ և կրոմլեխներ, որոնք ապացույց են մի ժամանակ այդ վայրերի բազմամարդության։ Գլխավորապես երեք տեսակ գերեզմաներ որոշ էին այդ ընդարձակ տարածության վրա. 1. Կրոմլեխներ, որոնք թեև Աղավնատան և Հարամլուի մեջտեղ եղածին չափ լավ պահված չէին, այնուամենայնիվ շրջապատող բոլորակ քարերի շարքերից մնացած էին որոշ չափով։ 2. Փոքր հողաթմբեր առհասարակ բոլորակ ձևով՝ վրանները որոշ չափով ծածկված մանր ու խոշոր քարերով։ 3. Ավելի հետաքրքրական և ավելի հնագույն երևցան ինձ մի կարգ գերեզմանատներ, որոնք հարմարավոր քարերով շինված են արկղաձև մոտավորապես 70-80 սանտիմետր հողի խորության մեջ և վրաները ծածկված են միակտուր անտաշ բնական սալերով։ Ընդհանրապես սալերու մեծությունը հավասար են ներքևի արկղաձև կազմված գերեզմաններին։ Այս տեսակ գերեզմաններ ընդհանրապես հատ հատ առանձին են մեկմեկուց 4-5 մետր հեռավորության վրա, սակայն կան այնպիսիները ևս, որ երեք կամ չորս արկղ միասին ձևացված են՝ անշուշտ յուրաքանչյուր արկղի մեջ մի մեռել թաղելու համար։ Բացի այս երեք տեսակի գերեզմաններից, կան նաև տեղ տեղ մեծամեծ քարակույտերով կազմված դամբարաններ, որոնք միջին հաշվով 8-10 մետր երկարություն և երեք մետրից ոչ նվազ բարձրություն ունին։ Քարակույտերի քարերն այնքան մեծ չեն, խառն են նույնիսկ մանր քարերով, իսկ մեծ քարերի ամենից խոշորները հազիվ թե անցնեն ներկայիս շինությանց մեջ գործածված սովորական սև պատերի քարերի մեծությանը։ (Այս քարակույտ դամբարաններից մոտավորապես 40 հատ համարեցի Փոքր Թալինի մոտ դաշտավայրի վրա, որոնց մեկ քանիսին երկարությունը կհասնի մինչև 15 մետրի, բայց այս մասին իր տեղում)։

Այս ընդարձակ գերեզմանատունը դիտելուց հետո մնում էր քննել հյուսիս արևմտյան կողմը մի բարձրության վրա կանգնված աշտարականման բոլորակ շինություն, որուն գյուղացիք Օյուղ անունն են տալիս, որպես թե դա լինի զինվորական դիտարաններ հին ժամանակ։ Ի հարկե ես չէի կարող բավարարվել գյուղացիների տված բացատրություններով, հարկ համարեցի անձամբ բարձրանալ բլուրի վրա և տեսնել մոտից։ Նախքան բլուրը բարձրանալս, բլուրի ստորոտին մոտ տեսա հին նախապատմական պատերի հիմեր ավելի քան մեկ ու կես մետր հաստությամբ, այս պատերը չէին նմանում ոևէ շենքի պատերի, անպայման կրոնական պաշտամունքի հատուկ մի հիմնարկություն էր եղած։ Պատերը թվով յոթը հատ 6-7 մ. միմյանցից հեռու