Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլուխ գործոցներ են համարվում, սակայն այս նոր պեղված քարափորը մաքրության և կանոնավորության կողմանե կմրցի վանքի ուրիշ քարափորների հետ։ Նույնիսկ մինչև այժմ Գեղարդա վանքին մեջ գոյություն ունեցող քարափոր հուշարձաններին մեջ կան այնպիսի մասեր, որոնք չեն հավասարեր նոր պեղված քարայրին կանոնավորության և մաքրության: Ընկ. Տարագրոսը չափագրելով և գծագրելով հիացած էր տիրող համաչափության վրա, որ նույնիսկ մի սանտիմ իսկ տարբերություն չունեին զանազան որմնակամարներ, որոնց մեջ միօրինակություն և համաչափություն կպահանջվեր։ Ուրեմն այս բոլորը կուգան վկայելու, որ ոչ միայն քարայրի մեջ աշխատող քարտաշ վարպետները կատարելապես որակյալ էին, այլև այդ քարտաշ վարպետները աշխատել են մի հմուտ և բարեխիղճ ճարտարապետի հսկողության ներքո։

Փորված քարայր-սրահի շքեղության անվրեպ նշան է նաև ներկվածը, որ քարաբեկորների վրա երևում են տակավին. մասնավորապես ստալակտիտ քանդակները, որոնք կարմիր և դեղին գույներով ներկված են եղել։

Շենքի երկարությունը շտապ որոշելու համար անհրաժեշտ համարվեց արևելյան ճակատի որոշ լայնությամբ դեպի հյուսիս առաջ տանել պեղումները, բայց անցավ 15 մետր երկարություն և տակավին չերևաց սրահի հյուսիսային պատի սահմանը, սակայն այդ մասում երևան եկան որմնակամարների, որմնասյուների ստալակտիտ բեկորներ, որոնք նույնպես հղկված էին։ Այս մասին մեջ գտնված քանդակազարդ բեկորներն ապացուցանում են, որ ինչպես հարավային կողմի, նույնպես հյուսիսային և այլ ճակատներ զարդարված էին ոչ միայն որմնակամարներով և ներկված ստալակտիտներով, այլև հանդիպակաց հարավային կողմի նման քանդակազարդ խորշերով։

Հակառակ մեր ջանքերին, որ գոնե սրահի հյուսիսային պատը գտնենք, մեզ չհաջողվեց պեղումները շարունակել, որովհետև ոչ միայն մեզ շրջապատող սարերը անակնկալ կերպով մշուշտպատվեցին, այլև տեղացող մշտատև ձյունը և անձրևը բոլորովին արգելք էին նպատակահարմար աշխատանքի, ուստի ստիպված էինք աշխատության դադար տալ, շարունակությունն ապագային թողելով։

Թե ինչ վիճակի մեջ ընդհատեցինք պեղումները, երկու խոսքով բացատրեմ։ Բացի ձյունից և անձրևից, սոսկալի դժվարություններ եղան մեր առջև: Ի բաց առյալ այն մեծազանգված ժայռի բեկորները, որ թափված էին բուն շենքի մեջ, երկու մեծ և ահռելի բեկորներ ևս ընկած էին սրահի հատակին վրա, որոնց յուրաքանչյուրը 25—30 խոր. մետր ծավալ ունեին: Այդ բեկորները միայն սեպով կարելի էր փշրել ու թափել դուրս։ Թեև հետերնիս դինամիտ տարած էինք, այնուամենայնիվ այդ վայրում խիստ վտանգավար էր դինամիտ պայթեցնելը, որովհետև ուրիշ ճեղքվածք ու առաջակարկառ ժայռեր կարող էին պոկ գալ և մեծ վտանգ առաջացնել նույնիսկ բանվորների մեջ։ Ուստի երբ մեծամեծ բեկորները մաքրում էինք, որպեսզի սկսենք սեպերի գործողության՝ հսկա ժայռերի փշրման համար, ահա բնությունն ստիպեց դադար տալ աշխատանքին։ Քարափոր սրահի ժամանակն է 13-րդ դարը՝ Պռոշ իշխանի օրով, որ նոր տերն էր թե՛ վանքին և