Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եթե մի սխալ հատակագիծ տվավ, իր դիմաց ուներ անհատ մը միայն, իսկ ինչ եղավ ձեր գիտակցության` որ չքննեցիք մանրամասն կերպով, քանի որ դուք այդ սխալը պիտի ներկայացնեիք ամբողջ գիտնական աշխարհին և պիտի հավերժացնեիք պատմության մեջ։ Ընդունենք, որ իբրև մարդ դուք ալ սխալեցաք 1904 թվականին. չէ՞ր կարելի արդյոք նորը պատրաստել տալ 1907 թվին «Ազգագրական հանդեսի» համար, փոխանակ կլիշեին վրա քերթելու։

Բավական չէ մարդու մը համար ամեն մասնագիտության մեջ հմտություն ունեցած ըլլալու նախանձելի ձգտումը, պետք է քիչ մ’ ալ մշակված ըլլա այն մասնագիտության մեջ, որուն մասին մեկը ցույց տալ կուզե իր հմտությունը։ Ահա այս իրավացի պատճառով է որ շփոթություններու և հակասություններու մեջ կգլորվիք, երբ ձեր մասնագիտությունե դուրս ալ քննադատության մեջ կմտնեք։ Արդար չէ արդյոք այստեղ հիշել «կոշկակարն մինչ ցկոշիկ» առածը։

Ճարտարապետական գծերու և անոնց պաշտոններու մասին ձեր բոլորովին անտեղյակ ըլլալեն է որ մտքերնուդ մեջ կարգ մը երևակայական սխալներ ստեղծեր եք իմ հատակագծիս վրա, և ձեր ներկայացվածը անհամեմատ առավելություններով օժտված։

Երբ ես արվեստով ճարտարապետ ըլլալով, իմ կազմածս հատակագիծը քննադատության ենթարկվի աստվածաբան վարդապետի մը կողմանե, որչափ ավելի կասկածելի պետք է որ համարվի աստվածաբան վարդապետի մը ներկայացված ճարտարապետական հատակագիծը, որուն սխալները կրկնված են բացի Զվարթնոցեն, նաև ուրիշ հատակագծերու մեջ ալ։ «Էջմիածին և հայոց հնագույն եկեղեցիներ» 11 երեսի վրա Ձեր ներկայացված Էջմիածնի հատակագիծը եթե բաղդատենք իսկականին հետ, անմիջապես կհամոզվիք ասածիս ճշմարտության։ Այդ հատակագծին վրա, որտեղեն է առաջ եկած, ներքին կողմեն, հյուսիս և հարավ կողմի աբսիդներեն մինչև արևելյան ավանդատունները եղած միջոցին մեկ մետրեն ավելի երկայնությունը քան հակառակ կողմը, մինչդեռ իրականության մեջ ընդհակառակը, ձեր հատակագծի վրա երկայն եղող մասերը քանի մը սանտիմով ալ ավելի կարճ են քան աբսիդներեն մինչև արևմտյան պատը գտնված երկարությունը։ Ավելորդ համարելով ուրիշ մասերու վրա խոսիլ առայժմ, կվերադառնամ նյութիս։ Պատասխանատվության ամեն տեսակ ծանրություններ հանձն առնելով, վստահ կերպով հրապարակավ կհայտարարեմ, թե իմ Զվարթնոցի հատակագիծս միանգամայն ճիշտ է և իրականին լիովին համապատասխան, և պատրաստ եմ Ձեր իսկ ընտրած մասնագետներու ներկայության փորձի ենթարկել երբ կկամենաք։

Այն սխալները, որոնք ցույց կտրվին իմ հատակագծիս վրա ձեր կողմանե, խծբծանքե ավելի նշանակություն չունին։ («Արարատ», 1909 թ․, հունվար, երես 69)։

ա) Եկեղեցու շուրջ բոլոր տարածված աստիճանները բուն եկեղեցվո մասը չեն կազմեր. ամեն ոք ազատ է զանոնք ներկայացնել կամ ոչ։ Արդարև ներկայացնելով առավելություն մը տրված կհամարվի, բայց չներկայացնելով ալ եկեղեցվո հատակագիծն իր ամբողջութենեն ոչինչ չի կորսնցներ։

բ) Գլխավոր սեղանի աջ կողմի մասանց գզրոցը շենք կամ շինության մաս չէ. «գզրոց» անունը բավական է ապացուցանելու, որ նա կահ-կարասիքի արժեք միայն ունի։

գ) Սեղանից դեպի ներքև իջնող երկու աստիճանները բոլորովին ճիշտ են, տարաբախտաբար դուք եք սխալած և չեք կարողացած հասկնալ որ այդ՝ կեղեցիի նախկին սեղանն է, որուն մասին խոսեր եք «Ազգագրական հանդեսի» 16 գիրք 137 երեսի վրա. յուրաքանչյուր կողմի զույգ սանդուղներուն մեկը վար իջնելու կծառայե, և մյուսը սեղան բարձրանալու։ 1904 թվականին ես նույն ձևը մասնավորապես գծեր եմ նաև Պետերբուրգի Հնագիտական կայս. մասնաժողովի համար և, որը ղրկվեցավ Խաչիկ վարդապետի ձեռքով։

դ) Պիլաստրների—եկեղեցու ներսից, հատակում շուրջ բոլոր տարածված մայթ անվանածնիդ մայթ չէ, այլ մի ուրիշ նշանակություն ունեցող գիծ, որն ըստ ինքյան շատ հետաքրքրական երևույթ է հայ ճարտարապետության մեջ, ինչպես նաև ձեր քիչ մը վարը, «երկրորդ շրջագիծ միացնում են բոլոր սյուները» ըսածը, որ գրեթե նույնն է ձեր մայթ անվանածին հետ։ Ես նպատակավոր կերպով լռության տված էի այս մասերուն վրա բացատրություն տալ առանձին հոդվածով խոսելու համար, բայց եթե կփափագիք մասնագիտական ժողովի մը առջև պատրաստ եմ բացատրելու այդ ձեզ համար անհասկանալի գծերուն նշանակությունը։

«Չունի արևելյան քառանկյունի շինության արտաքին կողմի երեք աստիճանները» ըսածնիդ ալ դարձյալ արդյունք է ձեր անուշադրության. եթե անգամ մը ևս երթաք տեղին վրա մասնավորապես քննելու համար, պիտի տեսնեք, որ ունի այդ երեք աստիճանները։

Իսկ գալով ամենագլխավոր հարցին, ձեր հատակագծի առավելություններում և անոր իմ հատակագծես ունեցած կարծեցյալ տարբերություններում, զարմանքնիդ շատ բնական պիտի ըլլար, եթե դուք կարողանայիք բացատրել ինձի ձեր ցույց տված առավելություններուն իրականին մեջ ինչ ներկայացնելը։

Գմբեթի մասին խոսած ատեննիդ «կրկնակի քառակուսի գիծ» ըսելով ինչ ըսել ուզեր եք և ի՞նչ եք հաս֊կցեր քառակուսի գծերեն։ Իմ հատակագծես զանազանվող այդ քառակուսի գծերուն դեպի սյունազարդ թևերուն կողմը եղած (ձեր հատակագծի մեջ) երրորդ սուր գծին իրականին մեջ գոյության ի՞նչ ապպցույց ունիք։ Ես պարզապես կմերժեմ այդ գծի գոյությունը:

Ինչու համար ձեր շուրջ բոլոր աստիճանները եկեղեցին ամեն կողմեն շրջապատած են, քանի որ իրականության մեջ սկսյալ արևմտյան դռնեն ամբողջ հարավային կողմը՝ բնավ գոյություն չունին։ Ինչ ապացույց գոնե ի հնումն անոր գոյության, երբ դուք պատմության միջոցով ալ գիտեք թե «եկեղեցուց առաջ Ներսեսը հիմք ձգեց» կաթողիկոսարանին («Ազգագրական հանդես», 1907 թ․, 15 գիրք, երես 105), և աստիճաններու ընդհատումն ալ առաջ եկած է կաթողիկոսական